RSS

Սիդհարթա/ Սանսարա

15 Օգս
herman-hesse

Հերման Հեսսե

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Սանսարա[1]

Սիդհարթան երկար ապրեց հաճույքներով, ապրեց աշխարհիկ կյանքով՝ չպատկանելով դրան։ Ճգնակեցության դաժան տարիներով սպանված զգացմունքները նորից արթնանում էին։ Նա ճաշակեց հարստությունը, հաճույքը, ճաշակեց իշխանությունը, բայց այնուամենայնիվ, հոգու խորքում սաման մնաց, և Կամալան՝ իմաստուն Կամալան դա զգում էր։ Մտածելու, սպասելու և ծոմապահության արվեստը նրա կյանքի հիմքն էին կազմում դեռևս, աշխարհի մարդիկ, մանուկ-մարդիկ դեռևս նրան օտար էին մնում այնպես, ինչպես ինքն էր օտար նրանց։ Իսկ տարիներն անցնում էին։ Վայելքներով շրջապատված՝ Սիդհարթան հազիվ էր նշմարում, թե ինչպես են դրանք սահում։ Նա հարստացել էր, վաղուց արդեն սեփական տուն ուներ ու սպասավորներ և քաղաքից դուրս՝ գետի ափին, սեփական այգին։ Մարդիկ նրան սիրում էին։ Գալիս էին, երբ փողի կամ խորհրդի կարիք ունեին, բայց նրան ոչ ոք մտերիմ չէր, բացի Կամալայից։

Զարթոնքի այն լուսավոր, վեհ զգացումը, որ նա ապրել էր մի ժամանակ՝ երիտասարդության ծաղկուն օրերին՝ Գոթամայի քարոզից, Գովինդայից բաժանվելուց հետո, այն լարված սպասումը, այն հպարտ հրաժարումը ուսմունքներից ու ուսուցիչներից, այն կենդանի պատրաստականությունը՝ սեփական սրտում լսելու աստվածային ձայնը՝ ապագայի այս բոլոր կանխազգացումերը աստիճանաբար անցյալ էին դառնում, դառնում էին հիշողություններ, ինչ-որ տեղ՝ հեռվում թույլ կարկաչում էր սուրբ աղբյուրը, որ մի ժամանակ մոտիկ էր և հոսում էր դեպի իր հոգին։ Բայց սամաններից, Գոթամայից, իր բրահման հորից սովորած շատ բան երկար ժամանակ նրա հոգում մնում էր կենդանի, չէր կորչել։ Մնացել էր չափավորությունը, մտածելու բերկրանքը, ներհայեցողության սովորությունը, գիտակցումը սեփական էության խորհուրդի՝ հավերժական «ես»-ի, որ պարփակված չէ ո՛չ մարմնում, ո՛չ գիտակցության մեջ։ Այս ամենից շատ բան դեռ մնում էր, բայց տարիների հետ աստիճանաբար հալվում-չքանում էր, ծածկվում էր փոշով։ Ինչպես բրուտի՝ մեկ անգամ պտույտի մեջ դրված դուրգը, դեռ երկար պտտվում է ու միայն աստիճանաբար հանգչելով կանգ է առնում, այնպես էլ Սիդհարթայի հոգում շարունակում էր պտտվել ասկետիզմի, մտքերի շրջանը, բանականության շրջանը. դեռ երկար պտտվում էր, դեռ պտտվում էր, բայց արդեն ավելի դանդաղ ու անհամաչափ և պիտի որ շուտով կանգ առներ։ Ինչպես որ խոնավությունն է ներծծվում տապալված ծառի բնի մեջ, դանդաղ ներծծում է, փտեցնում, այդպես էլ աշխարհականն ու ունայնականը ներխուժեցին Սիդհարթայի հոգին, դանդաղ ներծծվեցին, նրան դարձրին ծանր ու հոգնած, քնեցրին։ Փոխարենը աշխուժանում էին նրա զգայարանները, դրանք շատ ապրումներ ունեցան, շատ բաներ մտապահեցին։
Սիդհարթան սովորեց առևտուր անել, մարդկանց վրա իշխանություն բանեցնել, բավականություն ստանալ կնոջ հետ շփումից։ Նա սովորել էր գեղեցիկ հագուստ հագնել, հրամայել սպասավորներին, լոգանք ընդունել բուրավետ լոգարանում։ Նա սովորել էր ուտել նրբահամ ու վարպետորեն պատրաստված կերակուր՝ չբացառելով ձուկը,  միսը, թռչնամիսը, արմտիք ու քաղցրեղեն։ Սովորել էր թմրություն ու ընդարմացում բերող գինի խմել։ Սովորեց նաև զառ գցել ու շախմատ խաղալ, անտարբեր նայել պարուհիներին, հարմարավետ ճոճվել պատգարակների վրա, փափուկ անկողնում քնել։ Բայց դեռ շարունակում էր զգալ իր տարբեր լինելն ու գերազանցությունը ուրիշների նկատմամբ, շարունակում էր շուրջը նայել թեթև հեգնանքով, նույն՝ մի քիչ ծաղրախառն արհամարհանքով, որը միշտ սամանն զգում է աշխարհիկ մարդկանց նկատմամբ։ Երբ Կամասվամին վշտացած էր լինում, երբ զայրանում էր, երբ սկսում էր ձանձրացնել իր առևտրական հոգսերով, երբ իրեն վիրավորված էր զգում, ամեն անգամ Սիդհարթայի աչքերում հեգնանք էր հայտնվում։
Եվ միայն աստիճանաբար ու աննկատ, բերքահավաքի ու անձևների՝ անցյալում մնացող սեզոնների շրջապտույտի մեջ նրա քմծիծաղը դարձավ ձանձրախառն, գերազանցության զգացումը բթացավ։ Եվ աննկատ, հարստության աճի հետ իր մեջ ներծծեց Սիդհարթան այդ մանուկ-մարդկանց կենսակերպից ինչ-որ բան, ինչ-որ բան նրանց մանկականությունից ու երկչոտությունից։ Եվ այնուամենայնիվ, նախանձում էր նրանց և որքան նանց նման էր դառնում, այնքան ավելի էր նախանձում։ Նախանձում էր, որովհետև այդ ուրիշների ունեցածից շատ բան ինքը չուներ. իրենց գոյությունն արժևորելու, ուրախության ու վախի զգացումները չափազանցնելու ընդունակությունը, հավերժ սիրահարված լինելու ունայն, բայց քաղցր երջանկությունը։ Իրենք իրենց, կանանց, իրենց երեխաներին, պատիվներին կամ փողին, ծրագրերին կամ հույսերին այս մարդիկ միշտ սիրահարված էին։ Իսկ ինքը չսովորեց նրանցից հենց սա՝ այս մանկական բերկրանքը ու մանկական հիմարությունը, չսովորեց։ Ինքը միայն տհաճ բաները սովորեց, այն բաները, որ ինքն արհամարհում էր։ Ավելի ու ավելի հաճախ էր պատահում, որ թեժ գիշերից հետո առավոտյան երկար մնում էր անկողնում և հոգնած ու կոտրված էր լինում։ Պատահում էր՝ զայրանում էր ու կորցնում համբերությունը, երբ Կամասվամին գլուխը տանում էր իր հոգսերով։ Պատահում էր, որ սկսում էր չափազանց բարձր ծիծաղել, երբ տարվում էր զառ խաղալիս։ Նրա հայացքը դեռ ավելի խելացի ու ավելի ոգեշնչված էր, քան մյուսներինը, բայց դեմքը հազվադեպ էր լուսավորվում ժպիտով, և մեկը մյուսի հետևից ձեռք էր բերում այն գծերը, որոնք այնքան հաճախ հանդիպում են հարուստ մարդկանց դեմքերին՝ դժգոհության, հիվանդոտության գծերը, վատ տրամադրվածության, թոշնած անտարբերության գծերը։ Նրան դանդաղ խոցում էր հարուստների հոգեկան հիվանդությունը։
Ասես շղարշով, ասես թափանցիկ մշուշով փաթաթում էր Սիդհարթային հոգնությունը՝ աստիճանաբար, օրեցօր դառնալով ավելի խիտ, ամսեամիս՝ ավելի թախծոտ, տարեցտարի՝ ավելի ծանր։ Ինչպես նոր զգեստն է ժամանակի ընթացքում հնանում, կորցնում իր պայծառ գույները, կեղտոտվում, ճմռթվում, մաշվում ծալքերում և տեղ-տեղ ցուցադրում մաշված, բարակած մասերը, այդպես էլ Սիդհարթայի նոր կյանքը, որ սկսել էր Գովինդայից բաժանվելուց հետո, նույն կերպ հնացել էր, տարիների հետ կորցրել գույներն ու փայլը, այդպես էլ ճմռթվել էր ու կեղտոտվել, իսկ առջևում դեռ թաքուն, բայց արդեն սպասվում էին տեղ-տեղ թափանցող հիասթափությունն ու գարշանքը։ Սիդհարթան սա չէր նկատում։ Միայն մի օր նկատեց, որ իր հոգու այն պայծառ ու վստահ ձայնը, որ հեռու, պայծառ տարիներին արթնանում էր իր մեջ և ժամանակ առ ժամանակ ուղղություն տալիս իրեն, հիմա լռել է։
Իրեն տիրել էր այս աշխարհը՝ նրա վայելքները, ցանկությունները, նրա ունայնությունը, ի վերջո նաև այն ստոր կիրքը, որի վրա նա ամենից շատն էր ծիծաղում, որը համարում էր ամենահիմար բանը, մի կիրք, որ նա միշտ արհամարհել է. ագահությունը։ Այո, սեփականությունը, ունեցվածքը, հարստությունը ի վերջո տիրացան նրան, էլ խաղի ու զվարճանքի առակա չէին, դարձել էին շղթաներ, ծանրաքար էին դարձել։ Տարօրինակ ու ծիծաղելի ճանապարհով Սիդհարթան ընկավ այդ վերջին, ստորացուցիչ կախվածության մեջ զառ խաղալով։ Այո, քանի որ այն պահից, երբ հոգու խորքում դադարեց սաման լինելուց, Սիդհարթան սկսեց ավելի ու ավելի աճող մոլությամբ ու կրքով տարվել փողի ու արժեքավոր իրերի վրա խաղով, ինչին առաջ մասնակցում էր առանց հետաքրքրության, քթի տակ խնդալով, միայն  տուրք տալով այս մանուկ-մարդկանց սովորույթին։ Հիմա խաղում էր։ Նա սարսափելի խաղացող էր. քչերն էին համարձակվում խաղալ նրա հետ։ Չափազանց բարձր, խելքից դուրս էին նրա խաղադրույքները։ Նա խաղում էր՝ սրտի ծարավը հագեցնելով։ Պարտվելով ու հսկայական գումարներ քամուն տալով՝ նա մի տեսակ չար խնդություն էր ապրում։ Հնարավոր չէր ավելի բացահայտ ու ծաղրական արտահայտել սեփական արհամարհանքը հարստության՝ վաճառականների այդ աստվածության նկատմամբ։ Եվ նա խաղում էր՝ ատելով ինքն իրեն, ծաղրելով իրեն, խաղում էր խոշոր փողերով ու անզիջում, շահում ու քամուն էր տալիս կարողություններ, կորցնում ու հետ էր շահում, նորից էր պարտվում։
Այդ վախը, այդ սարսափելի, կպչուն վախը՝ հսկայական խաղադրույք անելիս, նա սիրում էր այդ սարսափը, աշխատում էր էլի ապրել, ավելի ուժեղացնել, նյարդերն ավելի ուժեղ դրանով խուտուտ տալ, քանի որ միայն այդ զգացումի մեջ էր երջանկության, ինքնամոռացման նման մի բան գտնում, ինչ-որ վեհ բան՝ իր կուշտ, ալարկոտ,  բույսին արժանի գոյության մեջ։ Եվ ամեն խոշոր պարտությունից հետո նա նետվում էր նոր հարստության հետևից, եռանդով առևտուր էր անում, խստիվ պահանջում էր պարտապաններից իր փողը, որովհետև ուզում էր նորից խաղալ, նորից տանուլ տալ, նորից ցուցադրել իր արհամարհանքը հարստության նկատմամբ։ Սիդհարթան կորցրել էր տանուլ տալու նկատմամբ իր անտարբերությունը, կորցրել էր հանդուրժողականությունը աղքատների նկատմամբ, կորցրել էր խնդրողին նվիրելու և փոխ տալու հաճույքը։ Նա, մի խաղում տասը հազար տանուլ տալով և դրա վրա ծիծաղելով, դարձել էր կոշտ, մանրախնդիր, գծուծ վաճառական, որ երբեմն գիշերները երազին փող էր տեսնում։ Ու թեպետ ժամանակ առ ժամանակ նա արթնանում էր այդ նողկալի կախարդանքից, և հաճախ նկատում էր ննջարանի հայելու մեջ, որ դեմքը ծերանում է ու դառնում վանող, թեպետ հաճախ նրան համակում էին ամոթն ու զզվանքը, նա նորից ձգտում էր դեպի մեղքի ու զգացողությունների խելահեղ տարերքը, որպեսզի նորից դուրս լողա դեպի ունայնության ու շահի մրցավազքի հորձանուտը։ Այս անիմաստ շրջապտույտում տարուբերվելով՝ նա հոգնում էր, ծերանում էր, հիվանդանում։
Եվ մի անգամ նա մի տեսլիք ունեցավ։ Այդ երեկո նա Կամալայի մոտ էր՝ նրա հրաշալի քաղաքամերձ այգում։ Նրանք նստել էին ծառերի տակ ու զրուցում էին։ Կամալան մտահոգ էր, և նրա խոսքերում լսվում էր հոգնությունը, և թաքնված էր թախիծը։ Խնդրեց պատմել իրեն Գոթամայի մասին և չէր հագենում      նրա մասին լսելուց, իսկ Սիդհարթան պատմում էր, թե որքան ջինջ էին Վսեմափայլի աչքերը, որքան բարի էր նրա ժպիտը, շուրթերը՝ հանգիստ ու գեղեցիկ, քայլքը՝ հանդարտ։ Նա երկար պատմում էր Կամալային բարձրյալ Բուդդայի մասին, և Կամալան հոգոցով ասաց.
— Ինչ-որ ժամանակ, գուցե շատ շուտով ես կհետևեմ այդ Բուդդային։ Ես նրան կնվիրեմ այս այգին և կմիանամ նրա աշակերտներին։
Բայց հետո նա գրավեց Սիդհարթային սիրախաղի մեջ, տանջալից կրքի պոռթկման պահին դեպի իրեն ձգեց նրան համբույներով ու արտասուքով, ասես ակնթարթային ու անցողիկ վայելքի այդ գավաթից նրան քաղցրության վերջին կաթիլներն էին մնացել։ Սիդհարթան դեռ երբեք այդքան հստակ չէր ըմբռնել զգայական հաճույքի և մահվան այդ հարազատ մտերմությունը։ Հետո պառկեց կնոջ կողքին, և Կամալայի դեմքը շատ մոտ էր. նրա աչքերի տակի ստվերների մեջ, բերանի անկյուններին առաջին անգամ այդքան հստակ կարդաց հազիվ նշմարելի կնճիռների բարակ գծերով գրված թախծալի գիրը, որ հիշեցնում էր աշնան գալու մասին, ծերանալու մասին։ Սիդհարթան այդպես էլ քառասունն անց տարիքում իր սև մազերի մեջ տեղ-տեղ նկատել էր ճերմակածները՝ նույն տխուր գրության տողերը։ Կամալայի գեղեցիկ դեմքին հոգնություն էր գրված, հոգնություն երկար ճանապարհից, որ չուներ բերկրալի նպատակ, հոգնություն և սկսվող թորշոմելը, նաև գաղտնի, դեռ չարտահայտված, գուցե նաև չգիտակցված տագնապը. վախը ծերութան նկատմամբ, վախը աշնան նկատմամբ, մահվան անխուսափելիության նկատմամբ։ Նա ծանր զգացումով հրաժեշտ տվեց կնոջը, դառնացած հոգով՝ լի թաքուն տագնապներով։
Սիդհարթան այդ գիշերն անցկացրեց իր տանը՝ պարուհիերի հետ, գինու գավաթի շուրջ, սովորականի պես ցուցադրեց շրջապատողների նկատմամբ իր առավելությունը, որն արդեն չկար, շատ գինի խմեց և ուշ գիշերին միայն հասավ իր անկնին՝ հոգնած և միաժամանակ հուզված, արցունքներին ու հուսահատությանը տրվելու պատրաստ։ Երկար ժամանակ քնելու անհաջող փորձեր էր անում։ Սիրտը լի էր տառապանքով, որը, թվում է, այլևս չէր կարողանում տանել։ Նողկանքը լրիվ լցրել էր նրան, ներծծվել էր մինչև վերջ, ինչպես մի քիչ տաք, տհաճ համով գինին ու քացրցամեղցր, ձանձրացնող երաժշտությունը, պարուհիների չափազանց քնքուշ ժպիտները, նրանց մազերի ու կրծքերի չափազանց քաղցր հոտը։ Բայց բոլորից նողկալին հենց ինքն էր, նա զզվում էր ինքն իրենից, իր բուրումնավետ մազերից, գինու հոտ արձակող բերանից, կիսաքուն հոգնածությունից, սեփական մաշկի զգացողությունից։ Ինչպես շատ կերած ու խմած մարդն է տառապալից, հյուծիչ փսխուքով ազատում ստամոքսն ու ուրախանում, որ հանգստացավ, այդպես տառապալից անքնությամբ՝ որպես մի հրեշավոր փսխուք, երազում էր ազատվել այդ հաճույքներից, այդ սովորություններից, այդ ամբողջ անիմաստ կյանքից, ինքն իրենից։ Միայն այգաբացի լույսին, երբ արդեն իր տան դիմացի փողոցն սկսում էր աշխուժանալ, նա ննջեց. Կեսքուն- կեսարթուն կարճ ակնթարթներ, որոնց ընթացքում, սակայն, նա երազ տեսավ։
Կամալան ոսկե վանդակում մի հազվագյուտ երգեցիկ թռչնակ ուներ. նա այդ թռչունին էր տեսնում երազում։ Իբրև այդ թռչունը, որ միշտ երգում էր լուսաբացին, պապանձվել է։ Ինքը նկատեց դա ու մոտեցավ վանդակին։ Տեսավ, որ այդ փոքրիկ թռչունը մեռած է ու փայտածաց ընկած է վանդակի հատակին։ Ինքը դուրս հանեց նրան, մի քանի վայրկյան ծանրութեթև արեց ձեռքի մեջ, հետո դուրս շպրտեց պատուհանից։ Նույն պահին սարսափելի վախ ապրեց, սիրտը ճմլվեց այնպիսի մի ցավով, ասես աշխարհի ամբողջ արժեքավորն ու բարին իրենից վանել էր այդ մեռած թռչնակի հետ։
Սիդհարթան արթնացավ այդ քնից՝ խորը թախիծի զգացումով համակված։ Անարդյունք, մտածում էր , անարդյունք ու անիմաստ է անցկացրել իր կյանքը։ Ոչ մի կենդանի բան, ոչ մի բան, որ գոնե ինչ-որ արժեք ունենար, որ արժանի լիներ պահպանելու, չի մնացել իր ձեռքերում։
Միայնակ ու դատարկված՝ կանգնել էր նա, ինչպես նավաբեկությունից տուժածը՝ օտար ափերին… Մռայլված Սիդհարթան գնաց իրեն պատկանող այգին, փակեց դռնակն ու նստեց մանգոյի ծառի տակ՝ սրտում զգալով մահը և կրծքում՝ թախիծը։ Ժամերն անցնում էին, և նա զգում էր, որ ինչ-որ բան մեռնում է իր մեջ, թոշնում է, ավարտվում է։ Աստիճանաբար հավաքեց մտքերը և մեկ անգամ էլ մտքով անցավ իր ողջ կյանքը՝ ամենասկզբից` որտեղից իրեն հիշում էր։ Ճաշակե՞լ է արդյոք ինքը երջանկություն, վայելե՞լ է երանությունը։ Օհ, այո, շատ անգամ։ Ի՜նչ ուրախություն էր ապրում մանկության օրերին, երբ հիրավի արժանանում էր Բրահմանների գովեստին, երբ բազմապատիկ անգամ գերազանցում էր հասակակիցներին, աչքի էր ընկնում սուրբ հատվածների ընթերցանությամբ կամ գիտունների հետ բանավիճելիս, կամ երբ օգնում էր զոհ մատուցելու ծեսին։ Այդժամ նրա սիրտն ասում էր. «Քո առաջ այն ճանապարհն է, որի համար դու կոչված ես. աստվածները սպասում են քեզ»։ Հետո՝ արդեն պատանի, բերկրանք էր ապրում, երբ խորհրդածություններից բացված, անընդհատ ավելի բարձրացո՚ նպատակը առանձնացնում էր իրեն ուրիշ որոնողների ամբոխից և ձգում էր դեպի իրեն, երբ տառապանքների միջով նա հասավ բրահմայի իմաստին, երբ ամեն պեղած գիտելիք նրա մեջ միայն նոր ծարավ էր ծնում, այնժամ նորից, հակառակ ծարավին ու ցավին, իրեն նույն բերկրանքն էր խթանում. «Շարունակի՛ր, գնա առաջ, դու կոչված ես»։ Այդ կանչին էր հետևում, երբ թողեց հայրենի երկիրն ու ընտրեց սամանի կյանքը, հետո, երբ հեռացավ սամաններից ու գնաց այն Կատարելության մոտ, և երբ հեռացավ նաև նրանից ու գնաց դեպի անհայտություն։ Որքան վաղուց է, ինչ չի լսել նա այդ կոչը, որքան վաղուց է, ինչ ոչ մի բարձունքի չի հասել։ Որքան ողորկ ու ձանձրալի է դարձել իր ճանապարհը, քանի երկար տարի է ապրել՝ առանց բարձր նպատակի, առանց ծարավի, առանց ոգևորության, բավարարվելով փոքրիկ հաճույքներով և, այնուամենայնիվ, երբեք բավարարվածություն չզգալով։ Այս բոլոր տարիներին, ինքն էլ չիմանալով, ջանք է թափել, ձգտել է դառնալ այնպիսին, ինչպիսին այն շատերն են, ինչպիսին այն մանուկներն են, և իր կյանքը որքա՛ն ավելի տանջալից ու աղքատ է եղել նրանց կյանքից, որովհետև ո՛չ նրանց նպատակները, ո՛չ նրանց հոգսրը իրենը չեն դարձել։ Այդ Կամասվամիների աշխարհը իր համար ընդամենը խաղ է եղել, կատակերգություն, պար, որը դիտում են բարձերին ընկողմանած։ Հավանում էր Կամալային, իր համար թանկ էր այդ կինը, բայց հիմա այդպե՞ս է։ Իրականում նրանք դեռ ունե՞ն միմյանց կարիքը։ Արդյո՞ք նրանք մի ինչ-որ անվերջանալի խաղ չեն խաղում։ Եվ մի՞թե արժեր դրա համար ապրել։ Չէ, դրա համար՝ չարժեր։ Խաղը կոչվում է «սանսարա»։ Սա մանուկների խաղ է, խաղ, որի մեջ, հնարավոր է՝ հետաքրքիր է խաղալ մեկ, երկու, տասն անգամ, բայց անընդհա՞տ, նորից ու նորի՞ց….
Հենց այստեղ Սիդհարթան հասկացավ, որ խաղն արդեն ավարտվել է, էլ ինքը չի կարողանում խաղալ։ Նրա մարմնով սարսուռ անցավ, զգաց՝ ինչ-որ բան մեռել է իր հոգում։ Ամբողջ օրը նստեց մանգոյի ծառի տակ, հիշեց հորը, հիշեց Գովինդային, մտածեց Գոթամայի մասին։ Մի՞թե լքել էր նրանց, որ Կամասվամի դառնար։ Նա դեռ նստած էր, երբ գիշերն իջավ… Եվ նայեց վերև՝ աստղերին ու մտածեց. «Ահա՝ նստած եմ այստեղ՝ իմ մանգոյի ծառի տակ, իմ այգում»։ Թեթև քմծիծաղ տվեց. ի՞նչ, դա անհրաժե՞շտ է, ճի՞շտ է, մի՞թե հիմար խաղ չէ այն, որ սա ինքն է՝ մանգոյի ծառի տերը, այգու տերը։
Սրա վերջն էլ եկավ, սա էլ մեռավ նրա մեջ։ Նա վեր կացավ, հրաժեշտ տվեց մանգոյի ծառին, հրաժեշտ տվեց այգուն։ Քանի որ ամբողջ օրը ոչինչ չէր կերել, խիստ քաղց զգաց և հիշեց քաղաքի իր տունը, ճաշի բացված սեղանը, իր ննջարանը, անկողինը։ Հոգնած քմծիծաղելով՝ գլուխը թափահարեց և հրաժեշտ տվեց այդ ամենին։
Հենց այդ նույն գիշերային ժամին Սիդհարթան լքեց քաղաքը այլևս երբեք չվերադառնալու մտադրությամբ։ Կամասվամին երկար փնտրում էր նրան՝ ենթադրելով, թե ընկել է ավազակների ձեռքը։ Բայց Կամալան չէր փնտրում։ Նա չզարմացավ՝  իմանալով Սիդհարթայի անհետանալու մասին։ Մի՞թե ինքը դրան չէր սպասում ամեն օր։ Մի՞թե նա սաման չէր, թափառական, անտուն։ Կինը հատկապես սաստիկ զգաց սա իրենց վերջին հանդիպմանը և կորստի ցավը հաղթահարելով՝ երջանիկ էր, որ նրան այդպես ամուր սեղմել է իր սրտին այդ վերջին անգամը, որ ևս մի անգամ իրեն մինչև վերջ նվիրված է զգացել նրան՝ նրանով ներծծված։ Երբ նրան Սիդհարթայի անհետանալու մասին առաջին անգամ լուր բերեցին, նա մոտեցավ պատուհանին։ Այնտեղ՝ ոսկե վանդակում նա մի հազվագյուտ երգող թռչուն էր պահում։ Բացեց վանդակի դուռը, հանեց թռչնակին և բաց թողեց։ Նա երկար նայում էր հեռացող թռչունի հետևից։ Այդ օրից էլ այցելուներ չէր ընդունում, և տան դռները փակ էին մնում։ Իսկ որոշ ժամանակ անց հասկացավ, որ իրենց վերջին հանդիպումից հետո ինքը հղի է։

[1] Հնդկական փիլիսոփայության հիմնական հասկացություններից մեկն է, որ նշանակում է կառմայով սահմանափակվող ծնունդի ու մահված շրջապտույտը աշխարհներում։

Շարունակությունը՝ հաջորդիվ։

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: