RSS

Սիդհարթա/ Որդին

18 Սպտ

images-4Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Տղան ահով ու արցունքների միջից մոր հուղարկավորությունն էր դիտում։ Մռայլ, մարդկանցից խուսափելով ՝ լսում էր Սիդհարթային, որ իրեն որդի էր անվանում, ասում էր, որ հիմա արդեն պիտի ապրի իրենց հետ Վասուդևայի հյուղակում։ Տղան օրերով նստում էր մոր գերեզմանի մոտ, գունատվել էր, ոչինչ չէր ուտում։ Քարացել էին նրա թե՛ հայացքը, թե՛ սիրտը։ Նա պայքարում էր, ըմբոստանում էր ճակատագրի դեմ։ Սիդհարթան պաշտպանում էր տղային. հասկանում էր նրա թախիծի պատճառը։ Սիդհարթան հասկանում էր, որ որդին չի ճանաչում ու չի կարող սիրել իրեն՝ որպես հոր։ Նա աստիճանաբար հասկացավ և այն, որ տասնմեկամյա տղան երես տված, փափկակենցաղ բալիկ է՝ մեծացած հարստությանն մեջ, նրբահամ սննդին, փափուկ անկողնուն սովոր, ծառաներին հրամայելու վարժված։ Սիդհաթան հասկանում էր, որ ձանձրացող ու կամակոր երեխան ոչ անմիջապես, ոչ էլ հաճույքով կհամաձայնի օտար ու աղքատ կյանքին։ Նա չէր պարտադրում տղային, խնայում էր, ընտրում էր նրա համար լավագույն պատառները։ Հույս ուներ, որ աստիճանաբար, բարեկամությամբ ու համբերությամբ կգրավի նրա հոգին։
Որդու հայտնվելով նա իրեն հարուստ ու երջանիկ էր համարում, բայց ժամանակն անցնում էր, իսկ երեխան մռայլ ու օտար էր մնում. նրա սրտում բուն էին դրել հպարտությունն ու կամակորությունը։ Նա ոչ մի աշխատանք չէր ուզում անել, ծերունիներին բոլորովին չէր հարգում, Վասուդևայի մրգատու ծառերն էր ճղակոտոր անում, և Սիդհարթան սկսում էր հասկանալ, որ ոչ թե ուրախությունն ու երջանկությունն են որդու հետ իրեն այցելել, այլ տանջանքն ու հոգսը։ Բայց ինքը սիրում էր որդուն, և այդ տանջանքն ու հոգսը լավ էին նրա համար, քան ուրախությունն ու երջանկությունը՝ առանց որդու։
Փոքրիկ Սիդհարթայի՝ հյուղակում հայտնվելու հետ ծերունիներն աշխատանքի բաժանում արեցին. Վասուդևան նորից մենակ էր աշխատում գետանցումի վրա, իսկ Սիդհարթան, որ որդու կողքին լինի, աշխատում էր հյուղակում ու դաշտում։
Երկար ժամանակ, ամիսներ շարունակ Սիդհարթան սպասում էր, որ որդին մի օր կհասկանա իրեն, կընդունի իր սերը և, հնարավոր է, կարձագանքի դրան։ Ամիսներ շարունակ սպասում էր Վասուդևան, նայում էր, սպասում, լռում։ Մի անգամ, երբ Սիդհարթա կրտսերը հերթական անգամ տանջահար արեց հորը համառությամբ ու կամակորությամբ և կոտրեց բրնձի երկու ամանները, Վասուդևան երեկոյան ընկերոջը մի կողմ տարավ ու խոսեց հետը։
— Ներող եղիր,- ասաց,- քեզ սրտանց եմ ասում։ Տեսնում եմ՝ տառապում ես։ Տեսնում եմ, որ դու ցավ ունես։ Քո որդին, սիրելիս, քեզ միայն հոգս է բերում, ինձ էլ է հոգս բերում։ Այդ թռչնակն ուրիշ կյանքի, ուրիշ բնի է սովոր։ Դու հագեցած ու զզվանքով ես փախել հարստությունից ու քաղաքից, իսկ նա ստիպված է եղել իր կամքին հակառակ թողնելու թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Ես գետին հարցրի, ո՛վ բարեկամ, շատ անգամ եմ հարցրել գետին։ Բայց գետը ծիծաղում է, գետը քմծիծաղում է, ծաղրում է թե՛ ինձ, թե՛ քեզ, քրքջում է մեր հիմարության վրա։ Ջուրը ձգտում է դեպի ջուրը, երիտասարդությունը՝ դեպի երիտասարդները։ Քո որդին այնտեղ չէ, որտեղ կարող է աճել։ Դու էլ հարցրու գետին, լսիր նրան։
Թախիծով նայեց Սիդհարթան այդ բարեկամական հայացքին. դեմքի անհաշիվ կնճիռների շողերի մեջ փայլում էր անմահ ժպիտը։
— Ինչպե՞ս կարող եմ բաժանվել նրանից,- ցածրաձայն ու ամոթխած ասաց նա։ — Ինձ միայն ժամանակ տուր, սիրելիս։ Տեսնում ես՝ պայքարում եմ նրա համար, նրա սիրտը նվաճելու համար։ Կնվաճեմ նրան սիրով, գուրգուրանքով, համբերությամբ։ Նրա հետ էլ ինչ-որ ժամանակ պիտի որ գետը խոսի, նա էլ է կոչված։
Վասուդևայի ժպիտն ավելի լուսավոր ու բարի դարձավ։
— Այո՛, նա էլ է կոչված, նրա մեջ էլ հավերժական կյանք կա։ Բայց չէ՞ որ մենք՝ ես ու դու  գիտենք, թե նա ինչի համար է կոչված, ինչ ճանապարհներ են նրան սպասում, ինչ գործեր, ինչ տառապանքներ։ Դրանք մեծ են լինելու, քանի որ կարծր, հպարտ է նրա սիրտը. այդպիսիները շատ են տառապում, շատ են սխալվում, շատ անարդարություններ, շատ մեղքեր են գործում։ Ասա ինձ, սիրելիս, արդյո՞ք շատ խիստ չես դաստիարակում որդուդ։ Չե՞ս տանջում նրան, չե՞ս ծեծում, չե՞ս պատժում։
— Ո՛չ, Վասուդևա, դրանցից ոչ մեկը չեմ անում։
— Ես գիտեմ։ Դու նրան չես պարտադրում, չես ծեծում, չես հրամայում, քանի որ գիտես, որ մեղմությունը կոպտությունից զորեղ է, ջուրն ուժեղ է ժայռից, սերը՝ վախից։ Շատ լավ է, դու գովեստի ես արժանի։ Բայց չե՞ս սխալվում արդյոք, երբ մտածում ես, թե չես տանջում, չես պատժում նրան։Մի՞թե քո սիրով չես կապում նրա ձեռքերն ու ոտքերը։ Մահապատժի չե՞ս ենթարկում նրան ամեն օր ամոթի դատապարտելով, ինչը քո բարությունից ու համբերատարությունից շատ ավելի ծանր է։ Մի՞թե դու այդ մեծամիտ ու ինքնահավան երեխային չես ստիպում հյուղակում ապրել երկու ծերունիների հետ, որոնց կերածը բանան է, և բրինձն արդեն նրբահամ խորտիկ է նրանց համար, որոնց մտքերը չեն կարող իր մտքերը լինել, որոնց սրտերը ծերացել են ու սառել և բաբախում են նրա սրտից միանգամայն տարբեր կերպ։ Մի՞թե այս ամենի մեջ նա պարտադրանք չի զգում, մի՞թե նա պատժված չէ։
Սիդհարթան գլուխը կախ նստել էր։
— Ուրեմն, ըստ քեզ, ես ի՞նչ պիտի անեմ,- ցածրաձայն հարցրեց։ Եվ Վասուդևան ասաց.
— Նրան քաղաք տար՝ իր մոր տունը։ Այնտեղ դեռ ապրելիս կլինեն ծառաները. հանձնիր տղային նրանց։ Իսկ եթե ոչ ոք չլինի, տար նրան որևէ ուսուցչի մոտ ոչ թե կրթություն ստանալու, այլ որ ուրիշ երեխաների հետ և այն աշխարհում լինն, որին ինքը պատկանում է։ Մտքովդ երբեք չի՞ անցել։
— Դու իմ սիրտն ես կարդում,-տխուր ասաց Սիդհարթան։- Հաճախ է մտքովս անցել։ Բայց ասա, ինչպե՞ս ես նրան բաց թողնեմ այդ աշխարհը. չէ՞ որ նրա սիրտն առանց այդ էլ ամենևին քնքուշ չէ։ Չէ՞ որ կգոռոզանա, կմոռանա իրեն՝ հաճույքների ու իշխանության հետևից ընկնելով։ Չէ՞ որ կկրկնի հոր բոլոր սխալները և, մի գուցե, ընդհանրապես, հավերժորեն կկործանվի, կխորտակվի սանսարայի մեջ։
Մակույկավարի դեմքը լուսավորվեց ժպիտով, թեթև թփթփացրեց Սիդհարթայի ձեռքին ու ասաց.
— Այդ հարցը գետին տուր, բարեկամ։ Լսիր, ինչպես է ծիծաղում նա դրա վրա։ Մի՞թե իսկապես կարծում ես, թե հիմարությունները նրա համար ես կատարել, որ քո որդին այլևս դրանք չկատարի։ Եվ մի՞թե դու կարող ես պաշտպանել որդուդ սանսարայից։ Ինչպե՞ս։ Գիտությա՞մբ։ Աղոթքո՞վ։  Ցուցումներո՞վ։ Սիրելիս, չլինի՞՝ դու ընդհանրապես մոռացել ես բրահմանի որդի Սիդհարթայի մասին այն ուսանելի պատմությունը, որ ինքդ հենց այս նույն տեղում մի ժամանակ պատմում էիր ինձ։ Ո՞վ պաշտպանեց սաման Սիդհարթային սանսարայից, մեղքից, ագահությունից, հիմարությունից։ Մի՞թե նրա հոր սրբությունը, ուսուցիչների ցուցումները։ Նրա սեփական գիտելիքները, ճշմարտության որոնումները պաշտպանեցի՞ն նրան։ Ո՞ր հայրը, ո՞ր ուսուցիչը կարողացավ պաշտպանել նրան սեփական կյանքն ինքնուրույն ապրելուց, այդ կյանքում ինքուրույն կեղտոտվելուց, ինքնուրույն իր վրա առնելուց մեղքի բեռը, խմելուց դառը ըմպելիքը և ինքնուրույն գտնելուց սեփական ճանապարտը։ Մի՞թե դու հավատում ես, սիրելիս, որ այդ ճանապարհը հնարավոր է անցնել ուրիշ մեկի փոխարեն։ Ասենք՝ քո որդու փոխարեն, քանի որ դու նրան սիրում ես, քանի որ սիրով կպաշտպանեիր նրան տառապանքից, ցավից, հիասթափությունից։ Բայց եթե անգամ տասն անգամ մեռնեիր նրա փոխարեն, չէիր կարող քեզ վրա վերցնել նրա ճակատագրի անգամ ամենաչնչին մասը։
Դեռ երբեք Վասուդևան այսքան շատ բառ իրար հետևից չէր արտասանել։ Սիդհարթան բարեկամաբար շնորհակալ եղավ նրան, մտահոգ մտավ հյուղակը ու երկար ժամանակ չէր կարողանում քնել։ Վասուդևայի բոլոր ասածները ինքը գիտեր, այդ ամենի մասին ինքը մտածել էր։ Նա ամեն ինչ գիտեր, բայց ոչինչ չէր կարողանում անել։ Նրա սերը մանկան նկատմամբ,  գորովանքը, նրան կորցնելու վախը ուժեղ էին գիտեցածից։ Մի՞թե ինչ-որ ժամանակ ինչ-որ բանի համար ինքը տառապել է այնքան, որքան հիմա։ Ե՞րբ, ո՞ւմ է ինքը սիրել այսքան կուրորեն, այսքան տանջալից, այսքան անպատասխան և այնուամենայնիվ, այսքան երջանկորեն։
Սիդհարթան չկարողացավ հետևել ընկերոջ խորհրդին, չկարողացավ հանձնել որդուն։ Նա թույլ էր տալիս երեխային կարգադրել, արհամարհել իրեն։ Նա լռում էր ու սպասում՝ ամեն օր նորոգելով լուռ պայքարը բարեհամբուրությամբ, համբերատարությամբ տանելով անաղմուկ ճակատամարտ։ Վասուդևան էլ լռում ու սպասում էր՝ բարեկամաբար, համբերատար, ամեն ինչ հասկանալով։ Երկուսն էլ համբերության վարպետներ էին։
Մի անգամ, երբ տղայի դեմքը ինչ-որ հատկապես հիշեցնում էր Կամալային, Սիդհարթան հանկարծ հիշեց կնոջ՝ տարիներ առաջ՝ երիտասարդ օրերին իրեն ասած բառերը։ «Դու ընդունակ չես սիրելու»,- ասել էր Կամալան, և ինքը համաձայնել էր նրա հետ և համեմատել իրեն աստղի հետ, իսկ ուրիշներին՝ ընկած տերևների։ Բայց այնուամենայնիվ, նրա բառերում զգացել էր արդարացի նախատիքը։ Եվ իրոք, նա երբեք ուրիշ մարդու համար չի կարողացել գլուխը կորցնել, մոռանալ իրեն, հիմարություններ անել. երբեք դա չի կարողացել անել։ Եվ դրանում էր, ինչպես իրեն այն ժամանակ թվում էր, այն ահռելի տարբերությունը, որ բաժանում էր իրեն մյուսներից՝ մարդ-մանուկներից։ Բայց հիմա, այն պահից, ինչ որդին այստեղ է, ինքը՝ Սիդհարթան էլ նույնպիսի մարդ-մանուկ է, միանգամայն այնպիսին, ինչպիսին նրանք են։ Տառապում է մարդու պատճառով, սիրում է մարդուն, լուծվել է այդ սիրո մեջ, սիրուց դարձել է հիմար։ Ահա՝ նաև ինքը, ուշ, կյանքում մեկ անգամ, ճանաչեց այդ ամենաուժեղ ու ամենահազվադեպ խելահեղությունը, տառապում է դրանից, բայց այնուամենայնիվ երջանիկ է, կարծես նորոգված է ու ինչ-որ բանով ավելի հարուստ է դարձել։
Իհարկե հասկանում էր, որ դա հայրական կույր սեր է որդու նկատմամբ. այդ խելահեղությունը, այդ տառապանքը ընդամենը սանսարա են՝ մութ աղբյուր, պղտոր ջուր։ Միևնույն ժամանակ զգում էր, որ այդ սերը իզուր չէ, որ դա անհրաժեշտ է և հայտնվել է իր էության խորքերից։ Ինքը ստիպված է լինելու վճարել այս հաճույքի համար, ճաշակել այս ցավը, այս հիմարություններն անել։
Իսկ որդին թույլ էր տալիս անելու այս հիմարությունները, թույլ էր տալիս համոզելու իրեն, թույլ էր տալիս ամեն օր ստորանալու իր առաջ, թև տալու իր կամակորությանը։ Այս հայրը նրան ո՛չ հիացնում էր, ո՛չ վախեցնում։ Նա՝ այդ հայրը, բարի մարդ էր՝ բարեհամբույր, փափուկ բնավորությամբ, գուցե և շատ սուրբ, գուցե պարզապես սրբակենցաղ։ Բայց դրանք այն հատկանիշները չէին, որոնցով հնարավոր էր գրավել տղայի հոգին։ Նա ձանձրանում էր այդ հոր կողքին, հոգնել էր այդ անիծյալ խրճիթում՝ որպես վանդակում, նստելուց։ Իսկ այն, որ իր ամեն բստրածի վրա նա ժպտում էր, ամեն կոպտության պատասխանում բարեհամբուրությամբ, չարությանը՝ բարեհոգությամբ, ծեր խարդախի ամենաանտանելի խորամանկությունն էր։ Տղան ավելի շուտ համաձայն էր, որ հայրն իրեն սպառնա, ծեծի։
Եվ եկավ մի օր, երբ պատանի Սիդհարթան ըմբոստացավ ու բացահայտ ապստամբեց հոր դեմ։ Հայրը նրան աշխատանք էր տվել. խնդրել էր ցախ բերել, բայց տղան դուրս չեկավ հյուղակից։ Համառության ու կատաղության նոպայի մեջ նա ոտքերը գետնին էր զարկում, սեղմում էր բռունցքները ու հոր երեսին շպրտում ատելության ու արհամարհանքի խոսքեր։
-Ինքդ գնա ցախ բերելու,- բղավում էր փրփրած բերանով,-ես քո ծառան չեմ։ Գիտեմ՝ ինչու չես ծեծում ինձ. որովհետև չես համարձակվում։ Գիտեմ, ուզում ես քո սրբությամբ ու բարությամբ ինձ անընդհատ պատժել ու ամաչեցնել։ Ուզում ես, որ ես քեզ նման դառնամ, քեզ նման սուրբ, քեզ նման հեզաբարո ու իմաստուն։ Բայց ես, ի հեճուկս քեզ, լսո՞ւմ ես, ավելի լավ է դառնամ գող ու մարդասպան, գնամ չարքերի մոտ, քան դառնամ քեզ նման։ Ես ատում եմ քեզ։ Դու ինձ համար հայր չես, եթե նույնիսկ տասն անգամ իմ մոր սիրեկանը եղած լինես։
Տղայի մեջ ցասումն ու թախիծն էին եռում՝ դառնալով կատաղի ու չար բառեր, որոնք նա շպրտում էր հոր վրա։ Հետո տղան փախավ ու վերադարձավ ուշ գիշերին։
Հաջորդ առավոտյան նա անհայտացավ։ Անհայտացավ նաև երկգույն քրծենից հյուսված փոքրիկ կողովը, որտեղ պահում էին գետն անցկացնելու դիմաց ստացած պղնձե և արծաթե դրամները։ Անհայտացել էր նաև մակույկը։ Սիդհարթան տեսավ, որ դա դիմացի ափին է. տղան փախել էր։
— Ես պիտի գնամ նրա հետևից,- ասաց Սիդհարթան։ Երեկվա սարսափելի բառերը հնչում էին նրա ականջներում, նա դողում էր ցավից։
-Երեխան չի կարող մենակ անցնել անտառը. կզոհվի։ Մենք պիտի լաստ սարքենք, Վասուդևա, որ գետն անցնենք։
— Լաստ կսարքենք,-ասաց Վասուդևան,- որ հետ բերենք տղայի տարած մեր մակույկը։ Բայց դու, բարեկամս, հարկ չունես նրա հետևից գնալու։ Թող փախչի։ Նա արդեն երեխա չէ, կկարողանա իր մասին հոգ տանել։ Քաղաքի ճանապարհն է փնտրելու և ճիշտ է անելու, չմոռանաս սա։ Նա արեց այն, ինչ դու պիտի անեիր։ Մտածում է իր մասին, գնում է իր ճանապարհով։ Ախ, Սիդհարթա, տեսնում եմ՝ տառապում ես։ Բայց դու տառապում ես մի ցավից, որի վրա կարելի է և ծիծաղել։ Եվ դու շուտով կծիծաղես դրա վրա։
Սիդհարթան չէր պատասխանում։ Նա արդեն ձեռքն էր առել կացինը և սկսել էր եղեգնյա լաստ սարքել։ Վասուդևան օգնեց նրան ցողունները լիանաներով կապելու։ Երբ գետն անցան (հոսանքը նրանց հեռու էր քշել), լաստը ափ հանեցին։
-Ինչո՞ւ ես կացինը վերցրել,- հարցրեց Սիդհարթան։ Ու Վասուդևան ասաց.
— Հնարավոր է՝ մեր մակույկի թիերը կորած լինեն։
Բայց Սիդհարթան գիտեր՝ ինչի մասին է մտածում իր ընկերը։ Մակույկավարը կանխատեսում էր, որ տղան կամ կոտրել, կամ դեն է նետել թիերը, որ վրեժ լուծի ու խանգարի հետապնդմանը։ Եվ իրոք, թիերը չկային։ Վասուդևան գլխով արեց մակույկի կողմն ու նայեց ընկերոջը քմծիծաղով, որ նշանակում էր. «Մի՞թե չես տեսնում՝ ինչ է ուզում քեզ ասել որդիդ։ Մի՞թե չես տեսնում, որ նա չի ուզում՝ իրեն հետապնդեն»։ Բայց բարձրաձայն նա ոչինչ չասաց, լուռ սկսեց նոր թիեր տաշել։ Սիդհարթան հրաժեշտ տվեց նրան ու շտապեց՝ փախստականին որոնելու։ Վասուդևան նրան հետ չպահեց։
Արդեն բավական ժամանակ Սիդհարթան վազում էր անտառով, երբ գլխում ծագեց որոնումների անօգուտ լինելու միտքը։ «Կամ տղան շատ է հեռացել ու հիմա հասել է քաղաքին,- մտածում էր,- կամ, եթե դեռ գնում է, ուրեմն թաքնվում է ինձնից, հետապնդումից»։ Այսպես մտորելով՝ նա հասկացավ, որ որդու համար ինքն առանձնապես չի անհանգստանում՝ հոգու խորքում իմանալով, որ տղան չի զոհվի և անտառում նրան վտանգ չի սպառնում։ Բայց միևնույն է, նա առանց հանգստի վազում էր արդեն ոչ նրա համար, որ փրկի տղային, այլ գուցե թե մի անգամ ևս նրան տեսնելու միակ ցանկությամբ։ Այսպես նա վազեց մինչև քաղաքի եզրը։
Դուրս գալով մերձքաղաքային լայնահուն ճանապարհը՝ կանգ առավ չքնաղ այգու մուտքի մոտ, որ մի ժամանակ Կամալային էր պատկանում։ Այստեղ էր, որ առաջին անգամ տեսավ նրան դեսպակի վրա։ Անցյալը փոթորկվեց նրա հոգում, նորից իրեն տեսավ այս նույն տեղում կանգնած, երիտասարդ, մորուքավոր, տկլոր մի սաման՝ փոշեծածկ մազերով։ Սիդհարթան երկար կանգնել ու նայում էր բաց դարպասից ներս՝ դեպի այգին, որտեղ հրաշագեղ ծառերի ստվերներում զբոսնում էին դեղին հագուստներով վանականները։
Նա երկար կանգնեց՝ մտքերի մեջ դիտելով անցյալի պատկերները, թերթելով իր կյանքի պատմությունը։ Նա երկար այսպես կանգնեց՝ նայելով վանականներին, նրանց փոխարեն տեսնում էր երիտասարդ Սիդհարթային, տեսնում էր երիտասարդ Կամալային, որ անշտապ քայլում էր ծառերի ստվերներում։ Նա հստակ հիշում էր՝ ինչպես իրեն այն ժամանակ ընդունեց Կամալան, հիշում էր նրա առաջին համբույրը, հիշում էր՝ ինչ հպարտ ու արհամարհանքով էր հետ նայում իր անցյալին, ինչ հպարտությամբ ու ագահորեն էր սկսում իր աշխարհական կյանքը։ Տենում էր Կամասվամիին, ծառաներին, պարուհիներին, երաժիշտներին, խաղամոլներին։ Տեսնում էր Կամալայի երգեցիկ թռչունին վանդակում, վերապրում էր այդ ամենը նորից, նորից սանսարա էր շնչում, նորից ծեր ու հոգնած էր, և սիրտը խառնում էր։ Ու իրեն վերացնելու ցանկությունն զգաց ու նորից լսեց սրբազան «Օմ» բառը։
Սիդհարթան երկար կանգնեց այգու դարպասների մոտ, մինչև վերջապես հասկացավ, որ հիմար ցանկությունն էր իրեն այստեղ բերողը. ինքը չի կարող օգնել որդուն, չպիտի կառչեր նրանից։
Սրտի խորքերում, որպես մի վերք, նա զգաց հեռացած որդու նկատմամբ սերը և միաժամանակ զգում էր, որ այս վերքը նրան հասցվել է ոչ նրա համար, որ փորփրի այն։ Սա պիտի լվացվեր արյունով ու փայլեր՝ լուսավորելով իր կյանքը։
Որ վերքը դեռ չէր արյունում ու չէր փայլում, նրան տխրեցնում էր։ Անհագ, ցավալի ձգտումը, որ իրեն բերել էր այստեղ ու ստիպել էր հետապնդել հեռացածին, անհետացավ, դրա փոխարեն մնաց ունայնությունը։ Նա տխուր իջավ գետնին, զգաց՝ ինչպես է սրտում մի բան մեռնում, զգում էր իրեն ներծծող ունայնությունը, առջևում չէր տեսնում ոչ մի ուրախություն, ոչ մի նպատակ։ Նա սուզվեց ինքն իր մեջ ու լռեց։ Սա էր սովորել նա գետի ափին. միայն սա. համբերել, սպասել, լսել։ Եվ նա ճանապարհի փոշու մեջ կքանստեց ու ականջ դրեց իր սրտի հոգնած, թախծոտ բաբախյունին՝ կանչին էր սպասում։
Նա շատ ժամեր նստեց այսպես՝ ականջ դնելով, էլ չէր տեսնում անցյալի պատկերները, սուզվել էր ունայնության մեջ, լողում էր ինչ-որ տեղ՝ ճանապարհը չտեսնելով։ Ու երբ նրա վերքում նորից արթնացավ ցավը, նա արտաբերեց անհունչ «Օմ» բառը, լցրեց իրեն «Օմ»-ով։ Այգու վանականները տեսան նրան. արդեն քանի՛ ժամ նստած էր, փոշի էր նստել նրա ճերմակած մազերին։ Մի վանական մոտեցավ ու դիմացը երկու բանան դրեց, բայց ծերունին ոչինչ չէր տեսնում։
Ուշքի եկավ թմբիրից, երբ ինչ-որ մեկի ձեռքը դիպավ իր ուսին։ Միանգամից ճանաչեց նրա փափուկ, հեզ հպումը, ուշքի եկավ, կանգնեց ու գլխով արեց Վասուդևային, որ եկել էր իր հետևից։ Սիդհարթան նայեց Վասուդևայի բարեկամական դեմքին, տեսավ մանր, ասես ծիծաղով լցված կնճիռները, տեսավ ուրախ աչքերը և ինքն էլ ժպտաց։ Հիմա արդեն տեսավ նաև իր առջև դրված բանանները, վերցրեց դրանք, մեկը տվեց մակույկավարին, մյուսն ինքը կերավ։ Հետո լուռ գնաց Վասուդևայի հետ անտառով, գնաց տուն՝ գետանցումի մոտ։ Նրանցից ոչ ոք չհիշեցրեց կատարվածի մասին, ոչ ոք չխոսեց տղայի ու նրա փախուստի մասին, ոչ ոք չխոսեց գետի մասին։
Հյուղակում Սիդհարթան պառկեց իր անկողնում, և երբ որոշ ժամանակ անց Վասուդևան մոտեցավ նրան, որ մի գավաթ կոկոսի կաթ առաջարկի, տեսավ, որ արդեն քնած է։

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: