RSS

Ինչպես ենք նվեր ընտրում

30 Դկտ

gifts-5-minՈրոշեցինք պարզել, թե որքանով ենք համարժեք մոտենում նվիրատվության գործընթացին, և արդյոք հնարավոր է իդեալական նվեր ընտրել։ Կարդում ենք ժողովրդական իմաստությունները The New York Times-ից ու մի խումբ հետազոտողներից, ովքեր պարզել են, թե ինչու, նվեր ընտրելով, հազվադեպ ենք գուշակում մեր մտերիմների ցանկությունը, ինչ երկու տիպի քմահաճ նվեր ընդունողներ կան, որն է նրանց խնդիրը, և թե ինչու նվեր-քարտերն ավելի լավ են, քան մեզանում այնքան սիրված ծրարով դրամը։

Մինչ ինտերնետ-խանութներն ու առևտրի հսկայական կենտրոնների սրահներն էինք չափչփում՝ ներքաշվելով իդեալական նվերի այդ գրգռիչ որսի մեջ, հետազոտողները, որոնք ուսումնասիրում են նվիրելու և նվեր ստանալու մեխանիզմները, մեզ համար փոքրիկ բացահայտում են արել։ Նրանք խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել նվիրատվության քարտերին, քանի որ որքան փոքր է նվերը, այնքան բարձր է գնահատվելու։

Չես ասի, թե նման նվերների կողմնակիցները շատ են։ Ասենք՝ դուք էլ կարծես թե մի տեսակ ցնցվում եք այդ տարբերկի մասին մտածելիս ու փախչում եք դրանից ինչպես հրդեհից։ Բայց ցավալի ճշմարտությունն այն է, որ հակառակ նվեր-քարտերի նկատմամբ համընդհանուր սառը վերաբերմունքին, ԱՄՆ Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի տվյալներով դրանք ավելի մեծ պահանջարկ են վայելում 2007 թվից։ Կոպիտ ասած՝ մարդկանց հարցրել են. «ի՞նչ կուզեիր նվեր ստանալ մոտակա տոներին՝ օծանելիք, զարդ, թե՞ գիրք»։ Մարդիկ պատասխանել են. «Ավելի լավ է՝ նվեր-քարտ, քան այդ բոլոր անակնկալները»։

Բայց մեզնից ամեն մեկը համարում է, որ իր մտերիմը ավելի լավն է, չէ՞։ Հնարավոր է՝ այդպես է, բայց այստեղ մի վերապահում էլ կա. ամերիկյան անհատական և հանրային հոգեբանության ընկերության՝ անցյալ տարվա կոնֆերանսին ներկայացված հաշվետվության մեջ  հետազոտողները փորձել են վերլուծել զգացմունքային ցնցումները նվերներ փոխանակելիս՝ նշելով, որ նվեր տվողի անկեղծ մտադրությունները շատ հաճախ հաշվի չեն առնում նվերն ստացողի անկեղծ ցանկությունները։

Երբ Ցինցինատի համալսարանի առևտրի ամբիոնի դոցենտ Մարիա Շտեֆելն ու նրա գործընկերները խնդրեցին հարցվողներին, թե նրանք ինչ են գերադասում նվիրել, գիտնականներն ստացան շատ հստակ և խիստ անհատականացված պատասխաններ։ Ընդ որում, «դա հենց այն է, ինչ նա սպասում է» մտքին կառչած նվիրողները անսահմանորեն հպարտանում են նրանով, որ սարսափելի շատ ժամանակ կամ ուժ են ծախսում գտնելու կամ ստեղծելու համար այն նվերը, որ ստացողը սպասում է։ Եվ որքան մտերիմ են հարաբերությունները, այնքան ավելի են նվիրողները հակված այն մտքին, որ անպայման պիտի իրե՛նք ընտրեն նվերը։

Բայց երբ այդ նույն մարդկանց հարցրին, թե ինչ կուզեին նվեր ստանալ, հարցվողների ճնշող մեծամասնությունը պատասխանեց, որ կգերադասեր նվեր-քարտ ստանալ՝ որոշակի գումարով, որը հնարավորություն կտար ընտրելու հատկապես այն, ինչ ուզում են։

«Մենք այն եզրակացությանը եկանք, որ երբ մարդիկ մտածում են նվերի մասին, կենտրոնանում են ստացողի անձնական հատկանիշների վրա,-նշում է Մարիա Շտեֆելը։ -Բայց երբ ստացողները գնահատում են նվերը, մտածում են իրենց ընթացիկ պահանջմունքների մասին, նրա մասին, թե իրենք հիմա ինչ են ուզում, ինչի կարիք ունեն։

Այսպիսով՝ կոչ ենք անում նվեր տվողներին կենտրոնանալու նրա վրա, թե մարդն իրոք ինչ կուզեր ստանալ, ոչ թե նրա վրա, թե նրան ինչ հարմար կգար»։

Քանի որ դժվար է իմանալ՝ ինչ է մարդն ուզում (նույնիսկ եթե մի անգամ բերանից բաց է թողել. «ո՜նց եմ հավանում» արտահայտությունը, դեռ չի նշանակում, որ կուզեր դրա տերը լինել), դոկտոր Շտեֆելը խորհուրդ է տալիս ինքդ քեզ չխաբել, այլ օգտվել պարզ ու հասարակ լուծումից՝ հարցնել։

Ամենազվարճալին այն է, որ ուսումնասիրությունների ուղղությունը ներշնչվել է հիմնականում Շտեֆելի սեփական փորձից, հերթական նվերներն ընտրելիս նրա տառապանքից և այդ դաշտում մշտական ձախողումներից։ Օրինակ՝ այն մի զույգ ջեռոցի ձեռնոցը՝ վրան յուրօրինակ մոնոգրամով, որ նա ընտրել էր իր նորապսակ ընկերների համար, երբեք չի հայտնվել ընկերների խոհանոցում և չի օգտագործվել ըստ նշանակության։ Մի ուրիշ դեպք, որ պատմում է դոկտորը, կապվում է քեռու համար սուրբ ծնունդի նվերի հետ.

«Մենք շատ սիրուն վերնաշապիկ էինք ընտրել,-հիշում է նա,- որն ասես քեռուս համար էին կարել՝ նախշազարդով, գույնով, չափսով ու ոճով։ Այնքան լավն էր, որ երբ նա բացում էր նվերը, ճիշտ նույն տիպի վերնաշապիկ կար հագին»։

Ճակատագրի հեգնանքով, ուրիշ հետազոտություններ ցույց են տալիս, որ եթե ստացողին դուր է գալիս նվերը, նրանք նշանակություն չեն տալիս, թե որքան ջանք է ներդրել նվիրողն իր նվերի մեջ։ Նա պարզապես հաճույքով օգտագործում է հենց իրը։

Բայց (ուշադրություն) եթե հանկարծ ստացողին նվերը դուր չի գալիս, անկասկած մտածում է, որ քիչ ջանք եք ներդրել դրա պատրաստման համար և բոլորովին չեք մտածել այն մարդու մասին, ում նվիրելու եք դա։

«Մտքերն ու ժամանակը հետաքրքրում են նվիրողին, որովհետև դա նրան թույլ է տալիս ավելի մոտ զգալու մարդուն, ում նվեր է պատրաստում»,- նշում է Նիկոլաս Էփլեյը՝ Չիկագոյի համալսարանի՝ հոգեբանության ու վարքի պրոֆեսորը։

Լրացուցիչ հետազոտությունները ցույց են տալիս՝ ինչու նվեր քարտերը կարող են փրկութուն լինել նվիրատվության այս անվերջ դրամայում։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ Behavioral Decision Making ամսագրում հրապարակված աշխատանքը նկարագրում է հետաքրքիր օրինաչափություն։ Եթե մարդիկ տոներին նվերի փոխարեն դրամական միջոցներ են ստանում (մեր հանրահայտ ծրարները), նախընտրում են փողն օգտագործել օգտապաշտական նպատակներով։ Բայց երբ ստանում են մի բան, որ վրան գրված է «նվեր-քարտ» և կցված է վճարման քարտին կամ կոնկրետ խանութի, ստացողները կենտրոնանում են «նվեր» բառի վրա, որն ասես նրանց՝ դժբախտ ու գործնական մարդկանց, իրավունք է տալիս իրենց երես տալու և օգտագործելու այդ քարտը սրտի ուզածի պես։ Արդյունքում՝ սովորական մթերային զամբյուղի կամ վաղուց արդեն փոխելու ենթակա թեյնիկի փոխարեն մարդիկ օծանելիք են գնում, թանկ գրքեր կամ դրա նման աններելի անհամեստություններ ճգնաժամային ժամանակների համար։

Գիտնականների կարծիքով քարտը մեզ կարող է օգնել նաև առանձնապես չմահավան, քմահաճ մարդկանց համար նվեր ընտրելիս, այնպիսիների համար, ում մենք չենք կարող երբեք գոհացնել նվերով, որքան էլ ջանալու լինենք։

Վիսկոնսինում Մեդիսոնի համալսարանի մարկետինգի ամբիոնի դոցենտ, հոգեբան Էվան Փոլմանը պարզել է, որ 2013 թվականին «Մեծ զեղչերի» 7466 գնորդի 39 տոկոսը հաստատել է, որ նվերներ են ընտրել այն մարդկանց համար, ում հնարավոր է բնորոշել որպես «քմահաճ»։  Փոլմանն ու իր գործընկերները զբաղվել են այդ տեսակի ուսումնասիրմամբ և արդյունքում առանձնացրել «քմահաճների» երկու տեսակ։

Առաջին տեսակի նախընտրանքը համեմատաբար պարզ է. նրանք նույնն են ուզում, ինչ միշտ են ուզել։

«Խորաթափանցների» ավելի նյարդայնացնող տեսակն ունի խիստ կարծիք նվերների մասին, և նվիրողները միշտ գլուխ են կոտրում՝ պարզելու, թե ինչ են այնուամենայնիվ նախընտրում այդ մարդիկ։

«Նվիրողը համարում է, որ ստացողը մեծամտաբար ու գոռոզությամբ կվերաբերվի իր նվերին,- նշում է դոկտոր Փոլմանը,- և ենթադրում են, որ իրենց քմահաճ մտերիմները կվերադարձնեն, կվերանվիրեն կամ դեն կնետեն նվերը։ Այսպիսով նրանք իրենց պարտությունն են զգում։ Արդյունքում, որպես կանոն, նրանք կամ քիչ են ծախսում քմահաճի վրա, կամ ընդհանրապես ոչինչ չեն նվիրում, կամ ընտրությունը կանգ է առնում նվեր-քարտի վրա»։

Այնպես որ, եթե ուզում եք խնայել շատ ժամանակ և պահպանել զգացմունքային հավասարակշռություն, ավելի լավ է՝ նման քմահաճ մարդուն հարցրեք նրա ցանկություններից կամ հնարավորություն տվեք ինքնուրույն ընտրություն անելու։ Հետազոտությունները ցույց են տալիս (օրինակ՝ Ստենֆորդից ու Հարվարդից երկու գիտնականների աշխատանքը՝ «Նվիրեք մարդկանց՝ ինչ ուզում են. նվերներ փոխանակելու մեջ հստակության առավելությունները»), որ քմահաճները նման նվերն ավելի են գնահատում, քան ձեր ստեղծագործական գուշակումները։ Դրա համար էլ, այդպիսի մարդուն քարտ նվիրելով, նվազագույնը ազատում ենք մեզ այն զգացողությունից, թե ինչ-որ անպետք ու չնչին բան ենք նվիրել։

Այնուամենայնիվ, շատ նվիրատուների «դուր չի գալիս այս միջոցը»,- նշում է դոկտոր Փոլմանը։ «Կարծում ենք՝ մեզ հեռու ենք պահում, եթե մոտիկ մարդուն հարցնում ենք նվերի մասին։ Դա նման է սառը գործարքի, որ ջերմություն չունի։ Անակնկալի ամբողջ միստերիան անհետանում է նման համատեքստում»։

Դժվար է չհամաձայնել դոկտորի հետ՝ հրաշքի մասին մանկական հիշողությունը մեզ ստիպում է ամեն մի տոնական օր սպասել, որ ինչ-որ մեկը մեզ համար այդ հրաշքը կգործի։ Ցավոք, և՛ հիշողությունն է աստիճանաբար մարում, և՛ հրաշք հասկացությունն է ժամանակի ընթացքում փոխվում, ասենք մենք էլ, թվում է, անշեղորեն հեռանում ենք մանկությունից։ Հիմա չենք խոսում նրա մասին, որ մեզ՝ չոր ու անզգացմունք մեծերիս, ավելի լավ է նվեր քարտ տան անակնկալի փոխարեն։ Նման նվերի բոլոր դրական ու բացասական կողմերն արդեն նկարագրված են, բայց վերջում կցանկանայինք ուշադրություն հրավիրել ուրիշ բանի վրա։

Մի ծեծված, բայց այնուամենանիվ լավ արտահայտություն կա. «դու կամ ճիշտ ես, կամ երջանիկ»։ Մարդ ուզում է նվերների մասին էլ նման մի բան ասել. դու կամ հավերժական դժգոհ բանիմաց ես, կամ ամեն ինչ երախտագիտությամբ ընդունող երջանիկ։ Քանի որ ի վերջո ամեն ինչ հանգում է մեր ինքնազգացողությանը, և եթե տոնական ուրախություն ենք ուզում, առաջին ու ամենակարևոր նվերը ինքներս պիտի անենք՝ թույլ տանք մեզ ուրախանալու մանրուքներով ու ուշադրությամբ։ Իսկ եթե որոշում ենք ամեն մի տոն փորձանք դարձնել մտերիմների համար՝ «ապացուցեք, թե ինչքան շատ եք ինձ սիրում և ինքներդ էլ գուշակեք՝ որն է աշխարհի ամենալավ նվերը» ոճով, կարծես թե էմոցիոնալ հոգնած մեր սիրելիներից նվեր-քարտով գլուխներս ազատելուց չենք խուսափելու։

Նույնն է ասում և գիտությունը։

Շնորհավոր Ամանոր։

Աղբյուրը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: