RSS

Ինչու են երեխաներն «ինչո՞ւ» ասում և ինչ բան է «լավ բացատրությունը»

28 Մրտ

question markՏիլբուրգի (Նիդրլանդներ) համալսարնի փիլիսոփայության ֆակուլտետի դոցենտ Մետտո Կոլոմբոն բացատրում է՝ ինչու են երեխաները «ինչո՞ւ» հարցը տալիս, բացատրության ինչ ընդունված մոդելնր կան, որքան կարևոր է այս կամ այն երևույթը բացատրելիս համատեքստն զգալը և ինչ ընդհանուր բան կա երեխաների ու գիտնականների միջև։

Երբ մոտ չորս տարեկան էի, մայրիկիս հարցրի իմ առաչին «ինչո՞ւ»-ն. «Մայրիկ, ինչո՞ւ է Պիպպոն ջրի հակ ապրում»։ Մայրս բացատրեց, որ Պիպպոն մեր ոսկե ձկնիկն է՝ ձուկ։ Իսկ ձկներն ապրում են ջրի մեջ։ Այդ պատասխանն ինձ չբավարարեց, դրա համար էլ շարունակեցի հարց տալ. «Բա ձկներն ինչո՞ւ են ապրում ջրի մեջ։ Կարո՞ղ ենք՝ մենք էլ ապրել ջրում»։ Մայրս պատասխանեց, որ ձկները շնչում են՝ թթվածին կորզելով իրենց շրջապատող ջրից, իսկ մարդիկ չեն կարող ջրում ապրել։ Այդ ժամանակ մի հարց տվեցի, որ, թվում է, կապ չունի նախորդների հետ. «Սառույցն ինչի՞ց է սարքվում»։ Պատասխանը՝ «Ջրից, Մետտո»։ Երկու օր անց Պիպպոյին գտան մեր սառցարանում։
Ինչպես չորս տարեկան երեխաների մեծամասնությունը, ես էլ զարմացած էի շուրջը կատարվողից։ Հենց սկսում էի խոսել, հարցնում էի՝ ինչու է այսինչ բանը կատարվում այսպես և ոչ այլ կերպ։ Դա մեծերին հաճախ նյարդայնացնում էր։ Բայց երբ պատրաստ էին լինում պատասխանելու իմ հարցերին, նրանց բացատրությունները օգնում էին ինձ հասկանալու, թե ինչ կլիներ, եթե ամեն ինչ այլ կերպ լիներ։ Երբեմն իմ եզրակացությունները անհաջող էին լինում (ինչպես Պիպպոյի դեպքում)։ Այնուամենայնիվ, մոլորություններն ու բացատրություններն ինձ օգնեցին բացահայտելու շրջակա աշխարհը.  ես սկսեցի զբաղվել գիտությամբ ավելի շուտ, քան դպրոց կգնայի, և դա ինձ դուր էր գալիս։
Ո՞րն է լավ բացատրությունը, ինչպե՞ս պարզենք։ Գիտության փիլիսոփայությամբ զբաղվող մասնագետները ավանդաբար այս հարցերին պատասխաում են՝ ուշադրություն դարձնելով գիտնականների բացատրական փորձը կարգավորող նորմերին, և գնահատում են այդ նորմերը ենթադրյալ բացատրությունների հետ կապված իրենց ինտուիցիայի հիման վրա։
Կարլ Գյուստավ Գեմպելի՝ 1960-ականներին գրած աշխատությունից սկսած՝ գիտության փիլիսոփաներն առանձնացրել են բացատրությունների երեք հիմնական մոդել։ Գեմպելի՝ «Ընդգրկման օրենք» մոդելի համաձայն բացատրությունը  այն փաստարկներն են, որոնք ցույց են տալիս, որ բացատրելիքը տրամաբանորեն հետևում է ինչ-որ ընդհանուր օրենքից։ Եթե հավատանք «ընդգրկման օրենքին», «Ինչո՞ւ է ինչ-որ դրոշակաձող 10 մետրանոց ստվեր ձգում» հարցին պատասխանելիս հարկավոր է հաշվի առնել օպտիկայի օրենքը, դրոշաձողի բարձրությունը և արևի՝ երկնքում գրաված անկյունադիրքը։ Այսպիսի բացատրությունը լավ է, որովհետև ցույց է տալիս, որ նշված կոնկրետ հանգամանքներն ու օրենքները հաշվի առնելով՝ պետք է սպասել երևույթի ի հայտ գալուն»։
Մյուս մոտեցումը «Համընդհանուր» մոդելն է, ըստ որի՝ լավ բացատրությունը իրենից ներկայացնում է միասնական հաշվարկ, որ կարող է համալիր կիրառվել բազմաթիվ տարբեր երևույթների նկատմամբ։ Նյուտոնի ձգողականության տեսությունն ու Դարվինի էվոլյուցիայի տեսությունը հրաշալի բացատրություններ են, որովհետև օգտագործում են միավորող հզոր ուժեր։ Այս տեսությունները նորից ու նորից անդրադառնում են մի քանի հիմնական սկզբունքների, որոնք կարող են բացատրել շատ ու շատ երևույթներ։ Այսպիսով՝ միավորող տեսությունները նվազագույնի են հասցնում այն, ինչ բնագետ Թոմաս Հաքսլին 1896 թվին անվանել է «արմատական անըմբռնողություն»։
Պատճառական մեխանիկական մոդելը, թերևս, ամենաընդունվածն է փիլիսոփաների մեջ։ Այս մոդելի համաձայն լավ բացատրությունները բացահայտում են կազմակերպված բաղկացուցիչներն ու գործողությունները, որոնք ստիպում են երևույթներին լինել։ Եթե հարցնենք «Ինչո՞ւ է պատուհանի ապակին կոտրվել», պատասխանը կլինի. «Որովհետև ինչ-որ մեկը քարով խփել է»։ Կամ եթե հարցնենք. «Ինչպե՞ս է արյունը հասնում մարմնի բոլոր մասերը», լավ պատասխանը պիտի ներառի սրտի, արյունատար անոթների, արյան շրջանառության համակարգերի ու դրանց գործառույթների մասին։
Այս մոդելները ներառում են լավ բացատրությունների բազմաթիվ կաղապարներ։ Այնուամենայնիվ, փիլիսոփաները չպետք է ենթադրեն, թե գոյություն ունի բացատրության մեկ ճշմարիտ մոդել և որ անհրաժեշտ է որոշում կայացնել, թե որ մոդելն է մեզ իսկապես լավագույն բացատրությունն առաջարկում։ Այսինքն՝ շատերը ենթադրում են, թե բացատրության «ամբողջական», «համընդգրկուն» մոդելը կիրառելի կլինի հետազոտությունների բոլոր բնագավառների համար։ Այս ենթադրությունն այն մասին է խոսում, որ փիլիսոփաները հաճախ անտեսում են բացատրական փաստարկման հոգեբանությունը։
«Ինչո՞ւ» հարցի լավ պատասխանը պարզապես փիլիսոփայական աբստրակցիա չէ։ Բացատրությունն ունի ճանաչողական, իրական գործառույթներ։ Դա նպաստում է ուսուցանելուն ու բացահայտելուն, իսկ բացատրական լավ տեսությունները կենսականորեն անհրաժեշտ են շրջակա աշխարհում ճկուն տեղաշարժի համար։ Այդ իմաստով բացատրությունը խոսքային գործողություն է, արտահայտություն, որ որոշակի գործառույթ ունի միմյանց հետ շփման մեջ։ Այդ խոսքային գործողության հաջողությունը գնահատելիս պետք է հաշվի առնել բացատրական փաստարկման հոգեբանությունն ու ենթատեքստի նրբորեն զգալը։ Բացատրության հոգեբանության ուշագրավ աշխատությունը ցույց է տալիս, որ օրենքները, ընդհանրացումներն ու պատճառահետևանքային մեխանիզմները կան մարդու հոգեբանության մեջ, և հետևում է տարբեր գաղափարների, որոնք կգործեն՝ կախված լսարանից, հետաքրքրություններից, ֆոնային համոզմունքներից ու սոցիալական միջավայրից։
Հոգեբանությունից ուսումնասիրությունների արդյունքները ապշեցուցիչ նմանություն ունեն նաև երեխաների և գիտնականների բացատրական փաստարկման մեջ։ Թե՛ երեխաները, թե՛ գիտնականները աշխարհին նայում են՝ ջանալով օրինաչափություններ գտնել, այդ նախշազարդերի մեջ փնտրելով անսպասելի շեղումներ և փորձելով հասկանալ բացատրական ու հավանական դատողություններով։ Երեխաների բացատրական փորձը առաջարկում է լավ բացատրության էության առանձնահատուկ ընկալում։
Մոդելները պետք է չափասերվեն ըստ փաստացի բացատրման փորձի մասին հոգեբանության տվյալների, բայց նաև գիտության պատմության և սոցիոլոգիական հաշվարկով։ Նույն եզրակացությունը վերաբերում է նաև գիտության փիլիսոփայության մասնագետների ուսումնասիրած այլ ավանդական թեմաներին՝ հաստատմանը, փոփոխությունների ու գիտական բացահայտումների տեսությանը, որտեղ չափազանց հաճախ աբստրակտ փիլիսոփայական տեսականացումը ստվերում է գիտության ճանաչողական հիմքերը։ Փորձերով հիմնավորվող հետազոտական բացատրությունը մեզ պարզ կարևոր բան է ասում այն մասին, թե ինչպես են մարդիկ բացատրում, ինչ արժեքավոր բան են գտնում բացատրվելիքի մեջ, և ինչպես են բացատրական փորձերը փոխվում ամբողջ կյանքի ընթացքում։ Եթե ամեն երեխա ի ծնե գիտնական է, ուրեմն նրանք, օգտակար կլիներ, որ ովքեր զբաղվում են գիտության փիլիսոփայությամբ, ավելի շատ ուշադրություն հատկացնեին բացատրության հոգեբանությանը, մասնավորապես մանկական «ինչո՞ւ» հարցին և բացատրական փաստարկմանը. ավելի նրբորեն կհասկանային, թե ինչն է բացատրությունը դարձնում լավը։

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: