RSS

Ալֆրեդ Շնիտկեն ինտուիտիվ իմացության, մարդու «անավարտության» և սխալների անփոխարինելիության մասին

18 Հնս

alfred-schnittke_140068Ուսումնասիրելով «Ա.Շնիտկե. զրույցներ, ելույթներ, հոդվածներ» գիրքը՝ Моноклер-ը ընտրել է դրանցից մի քանի գունեղ պատառիկ, որոնցում 20-րդ դարի մեծ կոմպոզիտոր, յուրօրինակ մտածող ու անտարակույս հանճարեղ Ալֆրեդ Շնիտկեն մտորում է «չորրորդ մշակույթի» իռացիոնալ դարաշրջանն սկսվելու, ամենօրյա «լինել-չլինելու» ընտրության, մարդու «անավարտության», ստեղծագործելիս սխալների անհրաժեշտության, «համակարգչային աշխարհի» և կտրված իրականության մասին։

Շնիտկեն՝ «չորրորդ մշակույթի» և ինտելեկտուալ իմացության՝ ինտուիտիվի փոխակերպվելու մասին
20-րդ դարի մշակույթն այնքան ուժեղ ու սկզբունքորեն է տարբերվում նախորդ դարերի մշակույթներից, որ դա հնարավորություն տվեց որոշ հետազոտողների վարկած առաջ քաշելու մարդկային քաղաքակրթության զարգացման նոր՝ չորրորդ դարաշրջանի սկսվելու մասին։ «Մենք գտնվում ենք,- գրում է ամերիկացի սոցիոլոգ Չ.Ռ. Միլսը,- Նոր ժամանակներ կոչվածի ավարտին։ Այնպես, ինչպես անտիկ շրջանին հաջորդեցին արևելայնության մի քանի դարեր, որոնք Արևմուտքը քաղքենիորեն անվանում է «խավարի դարեր», այնպես էլ հիմա Նոր ժամանակները փոխարինվում են պոստմոդեռնիստական շրջանով։ Դա կարող ենք կոչել «չորրորդ դարաշրջան»։ Առաջին դարաշրջանը անտիկն է, երկրորդը՝ վաղքրիստոնեականը, միջին դարերը։ Երրորդն այն է, որ սովորաբար անվանում են «Նոր ժամանակներ». կապվում է զգայական-շոշափելի, ռացիոնալի, չծածկագրված-պարզի վերածննդի հետ։ Գեղանկարչության մեջ ուղիղ հեռանկարը, Դեկարտի ռացիոնալիզմը, Լուսավորության դարաշրջանը, վիեննական դասականների երաժշտությունը՝ բոլորը այդ երրորդ դարաշրջանի շղթայի օղակներն են։ Վերջապես՝ 20-րդ դար՝ «չորրորդ դարաշրջան». ի մի է բերում, համեմատում ու գնահատում է արդեն կատարվածը միակ վերպատմական համատեքստում։ Մշակույթի նոր տեսակ է ծագում, որի տարրերն են դառնում մշակութային ամբողջական ավանդույթներ, առասպելական կառույցներ, տարբեր դարաշրջանների նշաններ։
Հետաքրքիր է, որ նման միտք ամերիկացի սոցիոլոգից առաջ 1921 թվականին արտահայտել է ռուս բանաստեղծ Վյաչեսլավ Իվանովը. «Եթե ըստ Օգյուստ Կանտի՝ մարդկությունն իր զարգացման ընթացքում անցել է երեք՝ առասպելական, աստվածաբանական և գիտական փուլերի միջով, ապա հիմա սկսվում են նոր առասպելական ժամանակներ»։ Համաձա՞յն ես, որ այսօր մեծանում է սիմվոլիկի, իռացիոնալության դերը, որ մեր դարաշրջանը ինչ-որ բանով հավասարակշռում է Նոր ժամանակների ռացիոնալիզմը և ավելի մոտ է միջնադարին։
Զգո՞ւմ ես այս դարաշրջանի սահմաններն անցյալում, ներկայում ու ապագայում։
Ա.Շ.-Միանգամայն համաձայն եմ և համաձայն եմ նաև սուբյեկտիվ պատճառներով։ Բազմիցս ասել եմ, որ կաթվածից հետո այնպես է, որ ասես գլխով հիշում եմ զգալիորեն ավելի քիչ, քան առաջ էի հիշում, բայց, չնայած դրան, շատ ավելին գիտեմ։ Ես սկսել եմ ավելի շատ կողմնորոշվել ոչ թե դեպի մտավոր գիտելիքը, այլ շանը հատուկ մի ինչ-որ զգացողության։ Ես ինչ-որ բան գիտեմ և կարող եմ բացատրել՝ ինչու է դա այդպես, գտնել փաստարկներ (որպես կանոն՝ գտնում եմ), բայց մի տեսակ չեմ մտահոգվում՝ դրանք կան, թե՝ չէ։ Ես, միևնույն է, գիտեմ, թեպետ ոչ ոք ինձ ոչինչ չի բացատրել։ Իսկ առաջ պիտի հիշեի ու մտածեի, թե ինչպես ճիշտ պատասխանեմ։
Մյուսը, նույնպես անձնական, սուբյեկտիվ զգացողությունը, վերաբերում է որդուս հետ շփումներին։ Վաղուց արդեն անջրպետ եմ զգում սերունդների մեջ։ Մենք, այսպես ասած, ներկայացնում ենք դեռ ինտելեկտուալ ուղղությունը, ինտելեկտուալ մերանով սերունդը՝ ամեն ինչ կշռած, դոզավորած։ Իսկ նոր սերունդը այդ մերանը, որ ամեն ինչ մշակվում է ուղեղով, կարծես թե չունի։ Բայց անմիջական, սկզբնական նշանակությունը անչափելիորեն նուրբ է նրանից, որ տալիս է ինտելեկտուալ մերանը։ Հարցը չտված պատասխանն արդեն պատրաստ է, չնայած նա երբեք դրա մասին չի խոսել և դա չի քննարկել։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ առանց ուսանելու էլ իմացություն կա, և այդ իմացությունը չի ծագում գրականությունից։ Մեր սերնդի մեջ կարող է տեղի ունենալ մտավոր իմացության աստիճանաբար վերածում ինտուիտիվի, իսկ գուցե նաև դա այնուամենայնիվ մտավոր իմացություն է, որը իրար վրա հավաքվելով ներկայանում է որպես ինտուիտիվ։ Բայց իմ որդունը հաստատ ոչ թե մտավոր է, այլ ինտուիտիվ զգացողություն, որ շատ ավելի ճշգրիտ է։ Գեղարվեստական գրականությունը նրան հետաքրքրում է շատ ավելի քիչ, քան ինչ-որ կոնկրետ գրականություն նրա մասին, ինչով ինքը տվյալ պահին հետաքրքրված է։ Արևելյան գրականություն, փիլիսոփայություն՝ այն, ինչ ինձ հետաքրքրում էր փաստորեն արդեն քառասունիս մոտ, նրան հետաքրքիր է ի սկզբանե։ Այդ ոլորտն արդեն ինքնըստինքյան բաց է նրա համար, հարկ չկար նոր մտնելու, վերծանելու։ Արդեն պատրաստ ու բաց էր։ Տարօրինակ բան է. նա մանկուց է հետաքրքրված Արևելքով՝ վաղ մանկուց ինչ-որ խիստ հետաքրքրություն ունի Չինաստանի, Ճապոնիայի նկատմամբ, այն ամենի նկատմամբ, ինչին պաշտոնապես ոչինչ չի հակել։ Չինաստանը ինտելեկտուալ առումով խոտանվել է այն հրեշավոր մթնոլորտի համար, որն այսօր էլ պարզ չի։ Բայց այնուամենայնիվ, դրա նկատմամբ էր հետաքրքրությունը, ոչ թե այս աշխարհի։ Ռոք երաժշտության բնույթի մեջ մարմնավորված բացասականի ու դրականի բոլոր զարգացումները և արվեստն ընդհանրապես, այս զարգցումը հանում է նրան, որ երկար մենախոսություններ չարտասանեն բացատրություններում, այլ միանգամից տան պարադոքսալ, բայց դրա հետ էլ բնական (ոչ թե տառապալից թխսելուց հետո) լուծումներ։ Այնպես որ, այդ իմաստով դարաշրջանի փոփոխություն անկասկած կա, բայց դա ոչ թե գալիս է վայրկենապես, այլ աստիճանաբար արտահայտվում է ինչ-որ մի բանի գերազանցմամբ ուրիշ մի բանի նկատմամբ։ Կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ, ասես ընտելանալով ինտուտիվ զարգացմանը, մարդիկ այնուամենայնիվ հակվում են արդեն անցածի կողմը։ Դեռ անորոշություն կա։ Բայց շրջադարձը դեպի այդ կողմը անպայման է։ Հարյուր տարի առաջ եղածի աշխուժացում է. օրինակ՝ հետաքրքրությունը Բլավացկայայի նկատմամբ։ Ես ընդհանրապես այնպիսի զգացողություն ունեմ, ասես ամեն ինչ պատմության մեջ անծայր է, և ոչինչ վերջնական որակ ու սահմանում չունի։ Միայն ամեն մի այսօրվա տեսակետից է թվում, թե հիմա, ահա վերջապես, արդեն հաստատվեց լրիվ պարզություն, բայց անցնում է յոթանասուն տարի, և բացարձակապես ամեն ինչ փոխվում է, նորից գալիս է այն, ինչ արդեն վաղուց, թվում էր, դադարել է գոյություն ունենալուց։

Ռուսական մշակույթի, դրա սահմանների ու օրաթերթային նացիոնալիզի մասին
Արդյո՞ք ռուսական մշակույթը ունիվերսալ է։ Պե՞տք է «պահպանել» դրա սահմանները։

Ա.Շ. Մշակույթի սահմանները չի կարելի, անթույլատրելի է պահպանել։ Ես այդ բոլոր փորձերը, որ եղել են շատ դարերի ու տասնամյակների, հատկապես վերջին հարյուր քսան- հարյուր երեսուն տարվա ընթացքում, համարում եմ մեծագույն մոլորություններից մեկը։ Իհարկե, այդ շարժման մեջ մեծագույն գործիչներ են եղել։ Բայց որպես սկզբունք, որպես տեսություն, համընդհանուր տենդենց՝ դա չպիտի լինի։ Չեմ ասում՝ ընդհանրապես չլինի, բայց ես դեմ եմ ամեն ինչի յուրօրինականացմանը. դրանում տեսնում եմ ամեն ինչի ստորադասումը դրան։ Թող ամեն ինչ միաժամանակ լինի, և ինչ-որ բացարձակապես ռուսիֆիկացված բան (բայց կարևոր է, որ դա լինի իսկական, բնական, ոչ թե լրագրային ցուցադրական)։ Ես լրագրային նացիոնալիզմի որոշակի վտանգ եմ տեսնում մասնավորապես ռուսական մշակույթի մեջ, հասկապես հիմա, երբ աշխուժացել է ռուսական մշակույթում ամեն կարևոր բան, որ քնած էր կամ ճնշվում էր տասնամյակներ շարունակ։ Բայց իր մեջ նոր մտրակի վտանգ ունի։
Նախորդ ժամանակների մտրակը դուրս մղեց ամեն ինչ ու հաստատեց բուֆերային, ցուցադրական, ցուցամոլության ներկայացվող մակարդակը։ Փառք աստծո, դրան վերջ է տրվել։ Բայց հիմա առաջ է գալիս մի ուրիշ վտանգ՝ ուրիշ ազդեցություններից անջրպետումը, դրանց առնչվելուց խուսափելը։ Ես անձամբ դա երբեք չէի խրախուսի։ Թեպետ՝ ամեն բան մարդուց է կախված։ Խոսենք այնպիսի ականավոր կերպարի մասին, ինչպիսին Դոստոևսկին է։ Կարծում եմ՝ հղումները Դոստոևսկուն, դրանով ռուսական մշակույթը մնացած աշխարհից անջրպետելու տենդենցը հիմնավորելու ձգտումը արդարացված չէ։ Դոստոևսկին միաժամանակ շատ բազմազան է։ Ու եթե կենտրոնանանք այն Դոստոևսկու վրա, որը պնդում է իր աշխարհի ինքնավարությունն ու մեկուսացումը արևմտյան աշխարհից, անարդար կլինենք Դոստոևսկու նկատմամբ, քանի որ նրա անձը, ինչպես ցանկացած մարդ, իրավունք ուներ ամեն տեսակ արտահայտությունների ու սխալների։ Բայց հո չի՞ կարելի անձնական տեսակետը վերածել ինչ-որ համընդհանուրի։ Այդ դեպքում անհատականի՝ ամեն ինչի վրա տարածման միջոցով կհաստատվի ոչ ճշգրիտը։ Ամեն մարդ սխալական է։ Ճիշտ չի լինի նաև նա, ով, ի հակակշիռ նացիոնալիզմին կամ ազգային ինքնավարությանը, կհաստատի ազգային առանձնահատկության բացակայությունն ու մի տեսակ համընդհանրությունը. դա էլ է սխալ։ Բայց այդ սխալը շատ ծանր կլինի, եթե արտահայտված դատողությունից վերածվի մի հաստատվող դոգմայի։

Ստեղծագործական անհատականության և մշտական «լինել, թե չլինելու» մասին
Յունգը համարում է, որ տղամարդիկ կանացի (անիմա), իսկ կանայք առնական (անիմուս) հոգի ունեն։ Չգիտեմ՝ առաջինն ինչպես, բայց երկրորդը անկասկած այդպես է։ Դրա ապացույցն են արվեստի և՛պատմությունից, և՛ ոչ վաղ անցյալից օրինակները (օրինակ՝ Ախմատովան կամ Յուդինան)։ Ներկայիս օրինակներից մեկը՝ Գուբայդուլինան է։ Մեր ժամանակներում (ասենք՝ նաև բոլոր նախորդ ժամանակներում) ստեղծագործությունների խնդիրները անխուսափելիորեն բարոյական խնդիրներ են. ստեղծագործական անհատականություն դառնալը, հաստատվելն ու մնալը կապված են ամեն օր «լինել-չլինելու» խնդիրը լուծելու հետ, ճանապարհի ամենօրյա ընտրության հետ՝ ա՞ջ, ձա՞խ, կենտրոնո՞վ, ամենօրյա ներքին պայքարի հետ ոչ միայն տարաբնույթ հասկացությունների (օրինակ՝ անկեղծության ու ձևի մեջ), այլև ճշմարիտ հասկացությունների ու դրանց փոխակերպուկների մեջ (ինչպես՝ անկեղծության ու բացբերանության մեջ, ձևի ու սխեմայի մեջ)։ Այս պայքարը քաջություն է պահանջում. Հաղթանակներն ու տապալումները միշտ չէ, որ երևում են շրջապատին։ Վերջիններս գեղարվեստական արդյունքում տեսնում են միայն այն, ինչ հաղթել է, և գուցե չկռահեն էլ, թե էլ ինչը կարող էր հաղթել, բայց զոհվել է։

Այն խնդիրների մասին, որ կյանքը դնում է արվեստագետի առջև և արվեստում ստի ու ճշմարտության մասին
Ի՞նչ ի նկատի ունես, երբ ասում ես, որ ոչ թե դու ինքդ ես գրում երաժշտությունը, այլ ասես քո ձեռքն ինչ-որ մեկն է շարժում։

Ա.Շ. …Մեզնից դուրս գտնվող ուժը միացված է մեզ բոլորիս և տարբեր ժամանակներում տարբեր ձևով է ի հայտ գալիս։ Մենք անընդհատ, չգիտակցելով դա, նրան կապված ենք։ Այնուամենայնիվ, կյանքի և մարդկանց նկատմամբ արվեստագետի առջև ծառացած խնդիրը ճշտելու բոլոր փորձերը (հասկանալ պե՞տք է, թե նա ինչ է անում, թե՞ դա այնքան էլ կարևոր չէ, հասկանալու առկայությունը կամ բացակայությունը ազդո՞ւմ է արդյոք), սա ճշտելու ոչ մի փորձ վերջնական չէ։ Վերջնական պատասխան չի կարող լինել։ Մենք արվեստագետներ գիտենք, որ հայտնի չեն դարձել, բայց այդուհանդերձ կայացած են եղել։ Գիտենք նաև կայացած մարդկանց, որ հաջողություններ են ունեցել, բայց այդուհանդերձ չեն կորցրել իրենց։ Հիշենք Գյոթեին, որ և՛ հարստություն ուներ, և՛ հաջողություն, և՛ ճանաչում։ Այդուհանդերձ, դա նրան չէր փչացրել։ Բայց պատահում է այնպես, որ հաջողությունից կախումը ամեն վայրկյան կործանում է արվեստագետին։ Ամեն ինչի օրինակ էլ կա։ Միայն կարող ենք շրջանը նշել, բայց հնարավոր չէ պատասխան գտնել բոլոր ժամանակների համար։ Եվ լավ է, որ այդ պատասխանը չկա։
Փառք Աստծո, որովհետև այդպիսով պահպանվում է արվեստը։ Կարծում եմ, որ արվեստագետի համար ինչ-որ բան բացառելը, այդ թվում և փոխզիջումը, ճիշտ չէր լինի։ Եվ դրա հետ էլ չկա ավելի կործանիչ մի բան, քան փոխզիջումը։ Կյանքն արվեստագետի առաջ բարդ խնդիր է դնում և նրան միայն մի շանս է տալիս, ոչ թե ճիշտ լուծման ցուցում։ Դրա համար ես ինձ թույլ չէի տա միանալու ճշմարտության խիստ պահապաններին, ովքեր բացառում են փոխզիջման հնարավորությունն անգամ։ Դրա հետ մեկտեղ՝ ես նրանց հետ էլ չեմ, ովքեր ամեն օր աշխատում են շատ հրատապ, բայց ոչ ճշգրիտ փոխզիջման վրա։ Այս երկու ծայրահեղ ոլորտների մեջտեղում էլ գտնվում է ճշմարտությունը։ Նա տատանվում է, երբեք ինչ-որ բանի ամրացված չէ բյուրեղայնորեն։ Այն բոլոր հարցերը, որ կյանքը դնում է արվեստագետի առաջ, միշտ իրենց մեջ շանս ունեն և՛ ճշմարիության, և՛ ստի համար։ Ստի տարածումը բացառում է ամեն վայրկյան ճշմարտության ծագելը։ Բայց հանկարծ հայտնվում են մարդիկ, ինչպես հիմա է, որոնք, չնայած ճշմարտության սխալ ձևակերպմանը, փրկվել են։ Չգիտես ինչու, ստի քանակային տարածումը նրանց չի կործանել։ Սրանք մի տեսակ բացառիկ կերպարներ են։ Բայց սա հաստատում է ճշմարտության՝ փրկվելու և վերահաստատվելու հավերժական ընդունակությունը։ Վերջնական լուծում ոչ ոք, այդ թվում և արվեստագետը, չի կարող տալ։ Բայց ամեն կոնկրետ դեպքի համար ճիշտ պատասխան գտնելու շանսը պահպանվում է բոլոր իրադրություններում։ Իհարկե, կա նաև ստի՝ որպես ճշմարիտ հանդես գալու, ճշմարտություն պատկերելու ընդունակությունը։ Բայց շատ արագ սա ճանաչվում է։ Ինչ-որ բան հենց ստեղծագործության մեջ վկայում է ճշմարտության կամ ոչ ճշմարտության մասին՝ անկախ ստողների ջանքերից։ Դրա համար էլ ի վերջո այդ ճշմարտությունը դուրս կլողա։ Ուրիշ բան, որ հարկ կլինի դրան երկար սպասել։

Ստեղծագործելիս սխալի անհրաժեշտության մասին
Ա.Շ. Ջազը շատ բան է սովորեցնում։ Դա ազատում է երաժշտի մտածողությունը քարացած կաղապարներից ու դոգմաներից։ Ջազը շատ բան բաց է անում ու «թույլատրում է»` ասես մեզ հրելով ամեն տեսակ փնտրտուքի, սովորական դարձած բաների փոփոխությունների։ Առաջ կարծում էի՝ կոմպոզիցիոն արվեստում նախ և առաջ կարևոր է, թե ինչպես է ստեղծագործությունը կատարված, կարևոր է գեղարվեստական նախագծի կատարման կատարելությունը։ Վատ էի պատկերացնում հնարավորությունները, որ թաքնված են լինում արարման գործընթացում, և երաժշտության մեկնաբանությունները, թերագնահատում էի սխալի նշանակությունը, կանոնից շեղումը։ Հիմա հասկանում եմ, որ «սխալը» կամ կանոնի հետ ռիսկի սահմանում հենց այն գոտին է, որտեղ ծագում ու զարգանում են արվեստի կենարար տարրերը։
Բախի խորալների վերլուծությունը ի դերև է հանում հարմոնիայի՝ այն ժամանակ խստագույն կանոնների գրեթե խախտումները։ Բայց դա բոլորովին էլ խախտում չէ։ Մեր լսողությունը մտահոգող բախյան պոլիոֆոնների հնարքները խախտման հենց եզրին են։ Դրանք ունեն իրենց արդարացումը իր՝ երաժշտության համատեքստում, նախ և առաջ դրա առոգանական հիմքում։ Մաթեմատիկոսները, լուծելով որոշ հավասարումներ, ներդնում են, այսպես կոչված, «սուտ թվեր», որոնք, լուծման ընթացքում վերանալով, օգնում են գտնելու ճիշտ արդյունքը։ Նման մի բան էլ ստեղծագործելիս է տեղի ունենում։ Սխալը (ավելի ճիշտ՝ այն, ինչ մենք իներցիայով սխալ ենք համարում) ստեղծագործելիս անխուսափելի է, եթե չասենք՝ անհրաժեշտ է։
Մարգարտի ձևավորման համար օվկիանոսի հատակին ընկած խեցու մեջ ավազահատիկ է պետք, ինչ-որ «սխալ», այլածին բան։ Ճիշտ արվեստի պես, ուր մեծ ճշմարտությունը հաճախ ծնվում է «կանոնից դուրս»։ Բազմաթիվ օրինակներ կան։
(1984 թվի ամառ, Ա.Մեդվեդևի հետ «Հարկավոր է որոնում, հարկավոր են սովորականի փոփոխություն» հարցազրույցից (Սովետական ջազ; Մ., 1987, էջ 68-69)

Մարդու «անավարտության» և նրա՝ ինքը լինելու իրավունքի մասին
Որքան գիտեմ, դու բարձր ես գնահատում այն, ինչ Նոնոն անում է։ Բայց ինքդ երբեք նման բան չես գրում։
Ա.Շ.- Չէ։ Դա չեմ արել ու չեմ անի։ Ամեն մարդ անում է այն, ինչ պիտի անի։ Կարող էի ինձ համար հորինել շատ բավականին հետաքրքիր դարձումներ։ Բայց ես հորինում եմ գլխով, իրենք իրենց դրանք իմ մեջ չէին ծագի։ Դրա համար, եթե երիտասարդ ժամանակ անխուսափելի է, և մարդու զարգացման մեջ շատ բան որոշվում է ոչ միայն նրա բնավորությամբ, այլև ուրիշի արտաքին ազդակներով, ապա ինձ համար, համենայնդեպս, դա անհնար է։ Ես կարող եմ ասել, որ ուրիշ մեկն ավելի լավ է գրում, քան ես, բայց մեկ է, չեմ կարող այդպես անել։

Իսկ քեզ չի՞ տանջի այն, որ բաց ես թողնում զարգացման ինչ-որ պահուստ, հայտնագործության հնարավորություն։

Ա.Շ. – Չէ։ Եղավ մի պահ, երբ ես հասկացա, որ ամեն մարդ անավարտություն է։ Նույնիսկ եթե վերցնենք Բախին, որ ինձ համար առաջինն է։ Բայց հո չե՞մ նմանակելու Բախին… Ոչ մեկին նմանակելու պարտավորություն չունեմ։ Պիտի մնամ այնպիսին, ինչպիսին կամ… Ես հասկացել եմ ամեն մեկի՝ ինքը լինելու իրավունքը՝ անկախ անվիճելիորեն շատ ավելի նշանակալիցների առկայությունից։ Այլ կերպ չես հեռանա արտացոլանքի կարգավիճակից։

Ամեն նորի երկու երես ունենալու, համակարգիչների ու կտրված իրականության մասին

Իներցիո՞ն։ Բայց չէ՞ որ նորի նկատմամբ ազդակն ինքնըստինքյան ստեղծական ազդակ է։

Ա.Շ.- Նորի նկատմամբ ցանկացած ազդակ և՛ ստեղծական է, և՛ հետադիմական։ Պետք չէ դա պարզապես ողջունել այն սկզբունքով, թե ամեն նոր բան լավ է։ Նորը կարող է և՛ լավը լինել, և՛ վատը։ Թե ինչպիսինը կդառնա, կախված է այն մարդկանցից, ովքեր կվերցնեն այդ նորը։ Եթե գիտնականները կանխատեսեին ատոմային ռումբի ստեղծման հետևանքները, հնարավոր է՝ չստեղծեին։ Էնքան էլ չէին հասկանում՝ ինչ են անում։ Անդրեյ Սախարովի ամբողջ կյանքը անվերջ փորձ է հաղթահարելու այն հրեշավոր մեղքը, որ վերցրել է իր վրա։ Պատմության մեջ ոչինչ չի ավարտվում, և միշտ հնարավոր է՝ ձեռք բերի անսպասելի վտանգավորություն։ Հիմա, օրինակ, ես մեծ վտանգ եմ տեսնում համակարգչային խելահեղության մեջ…
-Ի՞նչ վտանգ. տարբերակների սպառումը, թե՞ դրանց ակնհայտ, թեպետ լավ թաքցրած սխեմատիկությունը։
Ա.Շ.-Վտանգը միշտ միևնույնն է ու շատ հասարակ մի բան։ Հենց ինչ-որ նոր բան է ծագում, գայթակղություն է առաջանում ողջ պատմությունն անցկացնելու դրա միջով։ Այսինքն՝ աշխարհին նայել համակարգչային աչքերով։ Այդ ժամանակ ամբողջ աշխարհը անխուսափելիորեն կտրված վիճակում է հայտնվում, դառնում է «համակարգչային», իսկ ինքը՝ համակարգիչը, որ սեփական ու կարևոր տեղ է գրավում աշխարհում, մեծանում-դառնում է ինչ-որ կարևոր մի բան, միակ մի բան։ Համակարգիչ, որ դուրս է մղում ողջ աշխարհը։ Ճիշտ այնպես, ինչպես խաղաղությունը կարող է դուրս մղվել պատերազմի, քաղաքականության, թմրադեղերի, օղու կողմից։ Ինչ-որ մի բան որոշակի պահի դառնում է ամբողջ աշխարհի փոխարինիչը. դա կարող է աղետի հանգեցնել։
-Ես կասեի՝ համակարգիչը գիտակցության ֆորմալացման վտանգն ունի։ Երբ ես սկսեցի զբաղվել համակարգչով, նկատեցի, որ իմ գիտակցությունը վերակառուցվում է և սկսում է ավելի շատ զբաղված լինել ծառայողական՝ դասակարգման, գնահատման գործառույթով։ Համակարգչի հնարավորությունները հսկայական են ու անսահման են թվում, իսկ արագությունն ավելին է քան մարդու ուղեղինը։ Բայց թե՛ մեկը, թե՛ մյուսը պատրանք են։ Ֆորմալացման հարմար գործիք լինելով՝ համակարգիչը, ցավոք, հաճախ մտքին ծառայողական ուղղվածություն է տալիս, այսպես ասած, «վերակառուցելով» ուղեղը… Դու ասում ես՝ նորը գրավում է Դևին։ Բայց ընդհանրապես, ի՞նչ բան է նորը։ Որտեղի՞ց է հայտնվում։ Դրված է աշխարհի անսահման (ի հարբերություն համակարգչի) հիշողության մե՞ջ, թե՞ ընդհանրապես կեղծ հասկացություն է, և ոչ մի նոր բան էլ չկա։
Ա.-Ինձ համար սխալ կամ ոչ սխալ նորույթի հարց չկա։ Մովսեսն արդեն ուներ, չէ՞, էլեկտրական մարտկոց։ Աստվածաշնչում՝ կարծեմ Եզեկիելի տեսիլքում, մի բան է նկարագրված, ուր բոլոր կողմերով պտտվող անիվ կա։ Այդ մի բանը կարող է ակնթարթորեն պտտվել ցանկացած կողմը։ Այն, ինչ դեռ տեխնիկան չի հայտնաբերել, այնտեղ նկարագրված է։ Աստվածաշունչը՝ ավանդույթներով ու արձագանքներով վկայություն է պարունակում գիտելիքի մասին, որ հիմա վերադարձվում է մեզ, ոչ թե առաջին անգամն է հայտնաբերվում։ Հետևաբար, ոչ էլ երկրորդ անգամն է հայտնաբերվում։ Սա մեր կյանքն է՝ անսահման շրջապտույտի մեջ։ Վերադարձեր և հեռացումներ։ Դև ոլորտը («Դև» ասելով՝ Շնիտկեն ի նկատի ունի «մութ, իռացիոնալ ոլորտը», որը մշտապես գտնվում է վերածվելու վիճակում։-ծան.՝ ռուս. խմբագրի) հնարավոր է՝ հասկանում է, որ ամենայն նորին վերաբերվելու մեթոդիկան այնքան մանրամասնած չէ, որքան վաղուց հայտնիին վերաբերմունքի մեթոդիկան։ Դրա համար էլ նորը կարող է բերել չափազանցության, իսկ այդտեղ արդեն հնարավոր է «կատակել»։
-Բայց այդ դեպքում ո՞րն է ելքը։
Ա.Շ.- Աչալուրջ լինելը։ Եվ ինքդ քեզ ու քո մարդկային անվերջավոր էությանը սկեպտիկորեն վերաբերվելը։ Մարդն անընդհատ փորձում է ինքն իրենից հեռանալ։ Իսկ հեռանալով ընկնում է ինքն իրեն սուտ հրեշտակի նմանեցնելու վտանգի մեջ… Համար մեկ վտանգից ազատվելով՝ դու անմիջապես շրջապատվում ես համար երկու և երեք նորածիլ վտանգներով։
-Եվ այնուամենայնիվ, ինչպե՞ս որոշենք այն պահուստը, որից մարդկությունն իր նոր գաղափարներն է քաղում։ Գոյություն ունի՞ նորը, թե դա ընդամենը Դևի փորձն է մեզ սխալ դիրքում դնելու։
Ա.Շ.-Կարծում եմ, որ այս ամենն ունի ևս մեկ՝ Դևի հետ կապվածից տարբեր իմաստ։ Գոյություն ունի ինչ-որ ամփոփ հատկանիշների կուտակում կամ նվազում։ Ամբողջ կյանքը՝ ո՛չ իմ անձնականը և ոչ էլ նույնիսկ մերը, միլիոն տարվա կտրվածքով, ունի ինչ-որ արդյունքում ստացվող իմաստ՝ փոփոխվող արդյունք։ Վախենում եմ ենթադրել, բայց կարծում եմ, որ տարբերակումը Աստծո և Սատանայի, տարանջատումը երկու աշխարհների չի կարող վերջնական տեսքով ամեն ինչ արտահայտել։ Դա միայն արտահայտում է այս կամ այն բանը միայն այն տարբերակով, որը մեզ՝ մարդ արարածներիս հասկանալի է։ Կարծում եմ՝ Աստծուն և նրա էությունը հասկանալու նկատմամբ մենք նույն սխալն ենք կրկնում, որն անում ենք համակարգչի նկատմամբ. բացարձակացնում ենք այս կամ այն մասնավորը՝ դա դարձնելով ամեն ինչի չափանիշ։ Միակ բանը, որ մեզ ճշմարտացիություն է տալիս, ոչ ռացիոնալ գիտակցությունն է, ինչ-որ էություն, որ շտկում է մեզ՝ ասելով՝ լավ ենք անում, թե վատ։ Ու մենք, անկախ նրանից, թե ինչպես ենք վարվում, ինքներս գիտենք՝ որտեղ էինք ճիշտ, որտեղ՝ ոչ։ Մեզնից յուրաքանչյուրի մեջ իդեալական գնահատող կա, և կարծում եմ՝ նա կա և՛ մեղսավորի և՛ սրբի մեջ։ Եվ դա անհնար է դարձնում, որ մարդ բացարձակապես սուրբ լինի, ինչպես նաև որ բացարձակապես մեղսավոր լինի։ Այդ հատկանիշը անխուսափելիորեն հատուկ է մարդուն՝ որպես հանրության բերկորի կամ արտացոլանքի։ Ընդ որում, արտացոլանքը միայն մարդը չէ, այլ նաև կենդանական աշխարհը և բուսական աշխարհը։ Շատ բան կա, որ ցույց է տալիս նաև դրանցում գիտակցության գոյությունը, գիտակցական տարբեր մակարդակների ներկայացուցիչների հաղորդակցման հնարավորությունը։ Հնարավոր է մարդու և բույսի մեջ հաղորդակցություն։ Գուցե դեռ ճանապարհը չենք գտել դեպի մնացած բոլոր էությունները։ Հնարավոր է՝ կա հաղորդակցում, բայց շատ հեռավոր, նաև օդի, ամպերի, նաև սենյակում մեզ շրջապատող իրերի հետ։ Այդ ամենը ապրում է։

Այն միակ օրենքի մասին, որը կառավարում է աշխարհը
Ես չեմ վիճարկում աշխարհը կառավարող բացարձակ միասնական օրենքի գոյությունը։ Ես ընդամենը կասկածում եմ դա գիտակցելու մեր ընդունակությանը։ Դա պնդելով՝ ես բախում եմ բաց դռները. ո՞վ չգիտի, որ մեր գիտելիքները հարաբերական են։ Այս հարցում միակարծիք են բոլորը՝ և՛ մատերիալիստները, և՛ վանականները։ Բայց մատերիալիստները ավելի հետևողական են, քանի որ գիտելիք ասելով նրանք ի նկատի ունեն մոտակա, այինքն՝ խելամիտ (իսկ ծագումով՝ զգայական) գիտելիքը։
Իսկ վանականները, հասկանալով, որ գիտելիքը վերբանական, արտաբանական մի բան է, փորձում են մարդակազմաբանորեն կառուցել Աստծուն բանականության սխալ ու սահմանափակ հասկացություններով։ Նրանց համար գոյություն ունի միասնական՝ միակուռ մի Աստված՝ օժտված իրենց խղճուկ կատարելությամբ և չափելի «սուրբ» թվերով (3, 7, 12 և այլն), բայց սրանք օկուլտիզմի մնացուկներ են։ Աստծո իռացիոնալ, բազմէական հասկացությունը, որ ներդաշնակորեն միավորում է նոմոսը (նաև ավելի պակաս սիմետրիկ հարաբերություններ) բոլոր կրոններում՝ և՛ հինդուիզմում, և՛ քրիստոնեությունում, և՛ բուդդիզմում, չգիտես ինչու՝ գիտակցված չէ։
Ինչպե՞ս կարելի է համարձկվել Աստծո անունից ձևակերպել բարոյական դոգմաներ, երբ նույնիսկ ֆիզիկական օրենքներն են հարաբերական։ Մի օր ժամանակի ու տարածության հարաբերականության հետևից կպսակազերծվի վերջին վերացականությունը՝ Դևի զենք թիվը։ Ո՞վ է կյանքում «մեկ» տեսել։ Ամեն առանձին բան միլիոն թելերով կապված է ուրիշ առանձինների ու համընդհանուրի հետ։ Գուցե թվերը ծավա՞լ ունեն։ Հնարավո՞ր է՝ միակ Աստված բաղկացած է բազմությունից (չդադարելով լինել միակը)։ Մեր «բանականությունը» ի վիճակի չէ տեղավորելու ճշմարտությունը, միայն մեր «սիրտն» է կարող դա զգալու։ Գուցե Քրիստոսն ու Բուդդան, ու Մուհամեդը, ու Մոլոխը, ու Բրահման թշնամի չեն։ Եվ գուցե անջատ գերբնական էակներ չեն։ Եվ ոչ էլ միասնական էակ են։ Հնարավոր չէ՞, որ մեզ համար անհասանելի բացարձակ աշխարհում թվեր չկան, որոնք հենց դրանով իսկ կան, և այս աբսուրդը իրականությունն է։

Աղբյուրը

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: