RSS

Մարդկայնության գազանային ատամները

19 Դկտ

Աղբյուրը

DQczBhaPPNw-600x400

Դիմա Զիցեր

Դիմա Զիցեր

 

«Մրցակցությունը մեր բնույթի բաղկացուցիչն է,- վրա է տալիս զրուցակցուհիս,- դա բնազդ է»։ Ի՞նչ ասեմ, որոշակի իմաստով նա միանգամայն ճիշտ է։ Եկեք հիշենք՝ հատկապես ինչպես են մեր մեջ սկսում աշխատել այդ բաղկացուցիչ բնազդները։ Ենթադրում եմ՝ բազմիցս դրա ականատեսն եք եղել։ Ասենք՝ թատրոնում ենք։ Երբ դահլիճը, թվում է, դեռ շնչում է «Աիդայի» վերջին հնչյունները, բայց դեպի հանդերձարան են շտապում առաջին հանդիսատեսները… Մեզնից ո՞վ նման իրադրության մեջ չի եղել։ Ընդամենը մի քանի րոպե առաջ հանրությունը խոնարհումով Վերդի էր ունկնդրում, իսկ հիմա հանդերձարանում իսկական ճակատամարդ է սկսվում առաջինը վերարկուն վերցնելու իրավունքի համար։ Կամ, օրինակ, շվեդական սեղանի մոտ, երբ ի վիճակի չլինելով կանգ առնելու, երշիկի յոթերորդ կտորն ենք դնում մեր ափսեի մեջ։ Կամ՝ ճանապարհին հանկարծ գերկարևոր է դառնում լուսացույցին առաջինը հասնելը՝ վազանցելով ինչ-որ մեքենայի։ Եվ ուրախ ճանապարհը կտրում ենք՝ հայելում ինքնագոհությամբ նայելով հետ մնացած մեքենային։

Բավականին հեշտ է բացատրել, թե մեզ հետ ինչ է կատարվում այդպիսի պահերին։ Հեշտ է, որովհետև բնազդը բարդ բան չի։ Հասկանալի է, չէ՞, ինչն է սկսում գործել մեր մեջ հանդերձարանում։ Դա ողջույն է այն ժամանակներից, երբ ուրիշից առաջ անցնելը նշանակում էր ոչ միայն դրության տերը լինել, այլև ողջ մնալ։ Շվեդական սեղանի մոտ կատարվողն էլ հեշտ է բացատրել. մի կտոր ավելի փախցնելն այդպես կարևոր է լինում մեր սիրելի կենդանիների համար ։ Չէ՞ որ կարող է սնունդը չհերիքել։ Դրա համար էլ բնազդը մեզ ստիպում է ավելով՝ պահուստի համար էլ վերցնել ՝ հետո ուտելու։ Պակաս կարևոր չէ առաջինը հասնելը քարանձավին, թե չէ խարույկի շուրջն ես տեղ գտնելու։ Էգն էլ կարող է ուրիշին բաժին հասնել…

Կենդանիների համար այս բնազդների գործարկումից հաճախ կյանքն է կախված։ Հավանաբար հենց դրա համար էլ մենք էլ դժվարությամբ ենք ընդդիմանում այս ներքին կոչերին։ Թվում է՝ չէիր էլ ուզում մրցության մեջ մտնել, բայց ահա ողջ ուժով արագություն ես բացում ու սովորական ինքնավստահությունդ ես զգում հեշտ հաղթանակից…

Ինչ արած, մենք այդպես ենք ստեղծված։ Մենք, որ անծայր ճանապարհ ենք անցնում կենդանուց դեպի մարդը։ Իսկ մարդկայինն ուրիշ ինչ է, եթե ոչ սեփական բնազդային կոչերը ուսումնասիրելն ու նկատելը և գիտակցաբար որոշելը, թե ինչպես վարվենք։

«Ինչքա՞ն պիտի նույնը կրկնես. շուն լիներ, հիմա հասկացած կլիներ,- լսում եմ շատ ծանոթ տեքստը։- Չե՞ս կարող ուղղակի սովորել դա»։ Գիտե՞ք՝ որն է հետաքրքիրը։ Շունը գուցե իսկապես էլ հասկանար։ Բայց այ, մարդը, պատկերացրեք, ոչ մի կերպ չի կարող։ Կարծես հակադրվում է հենց ինքը՝ մարդկային բնույթը, կարծես երեխան պայքարում է իր իրավունքի համար չհասկանալու և չընդունելու այն, ինչ խցկում են իր գլուխը՝ որպես ինքնըստինքյան հասկանալի բան։ Նա ախր մարդ է և չի ուզում անգիր անել շան նման։

Իսկապես որ, մեծերի մշտական փաստարկը՝ «նույնիսկ կենդանիներն են այդպես անում», իրականում գործում է ճիշտ հակառակ կերպով։ Ոչ թե «նույնիսկ կենդանիները», այլ հենց կենդանիներն են այդպես անում։ Տարբերությունը հենց նա է, որ մարդն իրավունք ունի չհասկանալու։ Ի տարբերություն մեր սիրելի կենդանիների՝ մեզ տրված է կամքի ազատություն և կասկածելու ու վերլուծելու կարողություն։ Մեր արմատական մարդկայնությունը հենց դրանում էլ արտահայտվում է. չհասկանալ և հարցեր տալ, չհամաձայնել և վարվել սեփական հայեցողությամբ։

Ուրեմն՝ տարօրինակ չէ՞, որ պարզության ու անցողիկ հարմարավետության համար մարդու վարքը հանգեցնում ենք ոչ պայմանական, ապա նաև պայմանական ռեֆլեքսների՝ զոռով նստեցնում ենք սառը գիշերանոթին, որ սովորի զուգարանակոնքից օգտվել, ստիպում ենք անօգուտ աշխատանք անել, որ իմանա՝ ինչ ասել է՝ «պետք է», նետում ենք ջուրը, որ լողալ սովորի, նեղացնողին խփել ենք սովորեցնում, թե չէ կյանքում չի կարողանա առաջ գնալ…

«Հետը մի քիչ խիստ եղեք»,- խնդրանքով շշնջում է մայրը՝ իր երեխային դասղեկի ձեռքը հանձնելով։ Մի քիչ ամաչելով է ասում, ասես արտասանում է ոչ այնքան պարկեշտ, բայց անհրաժեշտ տեքստ… Հուսամ՝ հասկանում եք՝ այդ մայրն ինչի է ձգտում։ Նա պարզապես բնազդով համարում է, որ եթե որդու մեջ զարգացնեն ոչ թե մարդկային, այլ  գայլային նախասկիզբը, նա հետո ավելի հեշտ կապրի։ Մեծերը նույնիսկ մանտրա ունեն այդ թեմայով. «Եթե չկարողանա իրեն պաշտպանել, մեծ աշխարհում կկործանվի»։ Անկասկած հարմար մանտրա է, քանի որ ամեն ինչից զատ նաև արդարացնում է մեր բնազդային ցանկացած կեղտոտություն։ Հերթական անգամ զայրույթդ թափել ես մեկի վրա՞։  Ինչ արած, թող իմանա, որ աշխարհն այսպիսին է։ Երեխայիս ուղարկում եմ օրեցօր ավելի ատելի դարձող դպրո՞ցը։ Այդպես սովորեցնում եմ չվախենալ դժվարություններից։ Շփման համար ժամանա՞կ չեմ գտնում։ Ես երեխայի մեջ ինքնուրույնություն եմ դաստիարակում և այդպես…Եվ իհարկե, մշտապես ամրապնդում եմ այդ փորձը այսպես կոչված իմաստությամբ. «Մենք նրանց պետք է պատրաստենք ամենադաժան մրցակցության։ Այդպես է բնության մեջ. հաղթում է ուժեղագույնը։ Թե խախտենք այս սկզբունքը, հեռուն կգնանք…»։  Ճիշտ է, հեռուն կգնանք՝ մի քիչ ավելի մարդ կլինենք…

Պատրաստելով երեխաներին այս առասպելական մրցակցությանը՝ մենք կարծես պատրաստ ենք մեր երեխաների համար դառնալու մարզասարքեր՝ փոխանակ հարազատ լինելու։ Աստված չանի՝ մանկության օրերին երջանիկ լինի… Բա ո՞նց պիտի ապրի։ Կյանքը, հայտնի բան է, պայքար է… Արդյո՞ք այս պնդումը նրանից չէ այսքան ուժեղ թվում, որ արտասանվում է նրանց կողմից, ովքեր սովոր են շրջապատողների մեջ միայն մրցակիցներ տեսնել։ Եվ դրանից չէ՞, որ այսքան շատ մարդ այդպես էլ մեկընդմիշտ մնում են անցյալում լռված՝ կյանքից դուրս։ Չէ՞ որ եթե ապրում ենք դաժանագույն մրցակցության միջավայրում, ուրեմն ամեն ինչ կարելի է արդարացնել… Ինձ թույլ չեն տվել… Ինձ խանգարել են… Ինձ վիրավորել են… Թե չէ ես՝ գիտե՜ք… Ահա և հաջողություններն էլ անվանում ենք հաղթանակներ։ Բա էլ ինչպե՞ս։  À la guerre comme à la guerre![1]

Մի անգամ մեր դպրոցում մի դրվագի ականատես եղա։ Վերջերս եկած մի հնգամյա տղա վիճում էր իր հասակակից մի աղջկա հետ, ուղղակի իրեն պատեպատ էր տալիս, թե՝ «Առաջինը ես եմ վերցրել էդ խաղալիքը»… Ու հանկարծ աղջիկն ուղղակի տալիս է խաղալիքը նրան, թե՝ քեզ պետք է՝ վերցրու։ Տղան շշմում է. նման բանի սովոր չի, նրան ուրիշ բանի են սովորեցրել՝ այն նույն դաժանագույն մրցակցությանը, ու հանկարծ… Բայց տղան շատ արագ է գլուխ հանում իրադրությունից, ու հինգ րոպե անց միասին են խաղում։ Հիմա՝ ի՞նչ եք կարծում. ուրիշների հետ համագործակցության մարդկային ճանապարհները բացահայտած այդ տղան դրանից ավելի դժբա՞խտ է լինելու։ Ինձ որ թվում է, որ նրա կյանքն այդ պահից շատ ավելի ուրախ ու պարզ դարձավ, նա հասկացավ, որ պարզապես կարելի է զիջել։ Չէ, նույնիսկ ոչ էլ «զիջել», քանի որ այդ բայի մեջ արդեն հակամարտելու ակնարկը կա, այլ պարզապես բառի բուն իմաստով հանդարտվել և հաճույք ստանալ ընթացող երևույթից։ Ի հակադրություն՝ նկատենք, թե ինչպես է աշխատում բնազդը. Ուզում եմ այսինչ բանը խլել ուրիշից, որովհետև բոլորին չի հերիքի։ Չէ՞ որ այսպես է կենդանիների ու նախամարդու համար. եթե ուզում եմ, որ սա իմը լինի, ուրեմն պիտի խլեմ։ Բայց այսօր ամեն ինչ մեծ մասամբ բավարարում է բոլորին։ Եվ ունենալու անհրաժեշտությունն էլ միշտ չէ, որ կա։ Եվ մարդկայնությունն արտահայտվում է հենց այդ փաստի գիտակցմամբ։

Բնազդնեը կարող են նաև միանգամայն անսպասելի արտահայտվել։ Այդպես, մի անգամ իմացա, որ մի աշակերտուհու հայր նրան հրամայել է (հենց այդպես) ամռանկ կարդալ Կռիլովի հաստափոր հատորը։

-Ինչի՞ համար,- զարմացած հետաքրքրվում եմ։

-Ո՞նց՝ ինչի։ Նա պիտի իմանա՝ ինչ է նշանակում «պետք է»,-հպարտորեն պոռթկում է հայրը։ Հասկանո՞ւմ եք՝ դուրս է գալիս, որ առանց մարդկային էության այդ ծաղրանքի աղջիկն այդպես էլ չի իմանա, թե ինչ է նշանակում «պետք է»։ Ինչ ասեմ, այդ մեթոդն անկասկած գործուն է։ Ակնհայտ կողմնակի արդյունքից բացի (ատելությունը Կռիլովի, հնարավոր է նաև՝ ընդհանրապես ընթերցանության նկատմամբ)՝ երաշխավորված է, որ աղջիկը հենց կպարզի, որ «կյանքը պայքար է», որ անտրաժեշտ է, որքան կարող ես, ճնշել մերձավորին հենց այնպես, առանց որևէ պատճառի, պարզապես որովհետև դու ավելի ուժեղ ես։ Եվ այդ իմացությունը հպարտորեն կտանի առաջ։ Ո՞վ գիտե, գուցե, երբ մեծանա, նա կփորձի գիտակցել իր լարված հարաբերությունների պատճառը մարդկանց հետ, որոնց մեջ նա սովոր է տեսնել միայն մրցակցի։

Մի՞թե մենք լրջորեն կարծում ենք, որ եթե աղջիկը կարդա այն, ինչ իրեն է հետաքրքիր, չի իմանա՝ ինչ է «պետք է»-ն։  Եվ ո՞րն է հասկանալու արժեքը մի բառի, որը մեզնից ամեն մեկը ճանաչում է անկախ մեզ վրա եղած բռնությունից, պարզապես, որովհետև մարդկային կյանքն է այդպես կառուցված։ Գուցե բանն այն է, որ այդ իրադրության մեջ ուղղակի գործում է թույլ ու ավելի երիտասարդին իրեն՝ ուժեղին ու մեծին ենթարկելու կենդանական բնա՞զդը։ Վախենամ՝ հենց դա է։ Ուրիշ կերպ դժվար է բացատրել ծնողի բութ համառությունը։

Իր ամբողջ պատմության ընթացքում մարդկությունը հսկայական ուժ ու միջոցներ է ծախսում, որ մարդ դառնա։ Սեփական սխալներն ու մոլորությունները ճեղքելով՝ մենք հեռանում ենք կենդանական բնազդներից, որովհետև այդ հեռացման մեջ է մեր բնույթը և, հնարավոր է, ներեցեք խնդրեմ պաթոսի համար, նաև նշանակությունը։ Այ, դրանով է պետք միասին զբաղվել։ Չէ՞ որ հակառակ դեպքում ես էլ, դուք էլ ստիպված ենք լինելու ապրել հենց նրանց հետ, ովքեր ինչ լինի՝ պնդում են, թե «շուն լիներ՝ հիմա հասկացել էր», և մեր հրաշալի ու բազմաշերտ կյանքը հանգեցնում են պարզունակ բնազդների… Դուք ուզո՞ւմ եք։ Ես՝ չէ։

[1] Պատերազմը պատերազմ է։

Աղբյուրը

Advertisements
 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: