RSS

Տոնինո Գուերայի հուզիչ զրույցները

13 Հնվ

 

guerra

Տոնինո Գուերա

Օդը

Օդը թեթև նյութ է գլխիդ շուրջը, որն ավելի լուսավոր է դառնում, երբ ժպտում ես։

 

Փիլիսոփայական եզրահանգում
Դու սիրում ես ծաղիկներ ու քաղում ես դրանք։ Դու սիրում ես կենդանիներին՝ միս ես ուտում։ Ասում ես՝ սիրում ես ինձ։ Ես վախենում եմ քեզնից…

Սպասում
Տղան այնքան սիրահարված էր, որ տնից դուրս չէր գալիս ու նստում էր հենց դռան մոտ, որ հենց աղջիկը դուռը թակի ու ասի, որ ինքն էլ տղային է սիրում, անմիջապես գրկի նրան։ Գլխում մի հարց էր հնչում. «Դու ինձ սիրո՞ւմ ես»։ Բայց աղջիկը դուռը չթակեց, իսկ տղան ծերացավ։ Մի անգամ ինչ-որ մեկը կամաց թակեց դուռը, իսկ նա վախեցավ ու փախավ, որ թաքնվի պահարանի հետևում…

Նրա մասին
Լորայի ծիծաղող սիրտը բռնելու համար ես նրան վանդակ նվիրեցի, որտեղ ապրում էին իմ նամակները։

Ռուսաստանի մասին
Երկար ձմեռներին հեքիաթներ են պետք տաքանալու համար։

Շախմատային պարտիա
Անգլիացի տղամարդն ու ռուս կինը ծանոթացան Կապրիում, կարճ, բայց հոգեցունց սիրավեպ ունեցան։ Դրանից հետո անգլիացին գնաց Լոնդոն, իսկ ռուս կինը վերադարձավ իր Անծայրածիր տարածքները։ Նրանք որոշեցին շարունակել իրենց սերը՝ տարածության վրա շախմատ խաղալով։ Ժամանկ առ ժամանակ Ռուսաստանից նամակ էր գալիս Լոնդոն՝ հերթական քայլով, և ժամանակ առ ժամանակ թվեր պարունւակող նամակ էր գալիս Ռուսաստան Լոնդոնից։
Այդ ընթացքում անգլիացին ամուսնացել էր, երեք երեխա էր ունեցել։ Կինն էլ էր երջանիկ ամուսնության մեջ։ Շախմատային պարտիան քսան տարի տևեց։ Հինգ-վեց ամիսը մեկ՝ մի նամակ։ Մինչև մի անգամ անգլիացին ձիու դավադիր քայլով այնպիսի նամակ ստացավ, որ վերցրեց թագուհուն։ Եվ անգլիացին հասկացավ, որ այդ քայլն արել է մի ուրիշ անձ, որ տեղեկացնի սիրելիի մահվան մասին…

Մետամորֆոզներ
Ինձ հիմա անձրևի աղմուկն ավելի է դուր գալիս, քան սիմֆոնիկ բարձրաձայն համերգները։

Մենակություն
Մենակությունն էլ ընկերակցություն է։

Ծերություն
… Մինչև յոթանասուն տարեկանս ես խոնարհվում էի արվեստի վիթխարի գործերի, շեդևրների առաջ, որ ստեղծել է մարդկությունը։ Ես շատ ուժ ունեի պաշտելու համար… Հիմա ինձ դյութում են միայն բնական բաները, միայն այն, ինչ ստեղծել է բնությունը։ Անձրև է գալիս թե ձյուն՝ միշտ ներկայացում է։ Դու էլ արդեն հանդիսատես չես, երկրպագու չես։ Դու տիեզերքի մասն ես։
Ես իմացա, որ օր ծերության հնարավոր է մեծ վայելում ապրել միայն նրանից, որ շոշափում ես այն ամենի խորքը, ինչ տեսնում ես։
Մի անգամ բացատրել եմ «նայել» և «տեսնել» բառերի տարբերությունները։ Երիտասարդությունը նայում է, իսկ ծերությունը՝ տեսնում։ Երբ երիտասարդ ես, կուրացած ես աշխարհով, դու գույն ես տեսնում, նյութ։ Հաճախ ես նայում, բայց չես տեսնում։
Վերջերս Իտալիայում անցնում էի մեքենայով ու մի բան տեսա, որ ինձ ապշեցրեց։ Խնդրեցի մեքենան կանգնեցնել ու դուրս եկա։ Դա սովորական չուգունե նստարան էր։ Լքված էր ու ծածկված մամուռով։ Այնքան հին էր, որ էլ ոչ ոք վրան չէր նստում։ Ես տեսա նրա մենակությունը, տեսա ծերերին, որ առաջ նստում էին այդտեղ ու նայում անցնող մեքենաներին։ Այդ ծերերը վաղուց մեռել են, և նստարանը մենակ է մնացել։ Նստեցի նստարանին, որ նա մենակ չմնա իր մենակության հետ։
Տեսնելը ծերության վայելքներից մեկն է։

Պատրանքներ
Բալետի մի ռուս պարուհի, որ արդեն 70 տարեկան էր և դպրոցներում պարի դասեր էր տալիս, մի անգամ գերել էր միանգամայն երիտասարդ մեկի՝ իր բարձր ու սլացիկ կազմվածքով։ Եվ տղան հետևել է նրան։ Այդ ժամանակ կինը նետվել է դեպի տունը, որ տղան չկարողանա հասնել հետևից։ Եվ հուզված, ծանր շնչելով՝ թաքնվել է բնակարանում։ Երիտասարդ դուստրը հարցրել է, թե ինչ է պատահել։
— Զարմանալի բան,-պատասխանել է տարեց մայրը։- Ինձ մի երիտասարդ էր հետևում։ Ես չէի ուզում, որ նա դեմքս տեսնի ու հիասթափվի իմ տարիքից։ Պատուհանից նայիր. դեռ կանգնա՞ծ է ներքևում։
Աղջիկը մոտեցել է պատուհանին ու տեսել մի ծերունու, որ վերև էր նայում։

Սերը
Ֆեդերիկո Ֆելլինին մահից երկու օր առաջ ասաց. «Ո՛նց եմ ուզում մի անգամ էլ սիրահարվել»։ Ես ցնցված էի։ Ամենածայրին մարդն ուզում է մի անգամ էլ սեր ապրել, ճախրել երկրի վրա, ենթարկվել նրան, ում ուզում է ենթարկվել, հոգում լսել նվագաքմբի երաժշտությունը…
Նա կնոջ մասին չէր ասում։ Ուզում էր ասել՝ սերը կյանքի կախարդական պահերից մեկն է։ Երբ սիրում ես, դադարում ես պարզապես մարդ լինելուց, դառնում ես բույր։ Չես քայլում գետնի վրա, այլ ճախրում ես։ Այ, սիրահարվածության այդ վիճակն էլ հենց կարևորն է կյանքում։ Եվ կարևոր չէ՝ ինչի ես սիրահարված՝ կնոջ, աշխատանքին, աշխարհին թե կյանքին…
Սերը ուրախություն կամ թախիծ չէ, պարգև կամ փորձություն չէ, այլ այդ բոլորը միասին մի ճանապարհորդություն՝ հեքիաթային ու կախարդական մի երկիր, արահետ է դեպի գաղտնիքը, որ պիտի բացահայտես։ Սերը միշտ էլ անցնում է, ամեն ինչ իր վերջն ունի։ Բայց մի վիճակը միշտ լցվում է մյուսի մեջ, և այդ մյուսը կարող է ավելի ուժեղ զգացում լինել, քան սիրահարվածությունն է։
Այսօրվա ամուսնությունները երկարատև չեն, և նախկին սիրահարվածները զրկվում են մեծ բացահայտումից՝ ի՛նչ հրաշալի բան է միասին՝ ձեռք ձեռքի տված գնալ դեպի մահը։ Շատերին թվում է, թե նոր հարաբերությունները ավելի սուր զգացողություններ կբերեն։ Այդպես չէ։ Իտալերեն մի արտահայտություն կա՝ «վոլեր բենե»։ Բառացի դա նշանակում է «լավը ցանկանալ»։ Կա «ամարե»՝ սեր բառը, բայց կա «վոլեր բենեն»։ Դա այն է, երբ մարդուն վերաբերվում ես այնպես, որ նրանից մոտ ուրիշ մեկը չունես։ «Ամարեն» հենվում է ֆիզիկական վայելքի վրա։
Աշխարհում ամենաւժեղ զգացումն այն է, երբ «ամարեն» վերաճում է «վոլեր բենեի»։ «Վոլեր բենե» զգացմունքից ավելի կարևոր բան աշխարհում չկա։ Դա գալիս է միայն միասին ապրած տարիների հետ, որոնք չեն տարել վստահությունը։ Այսպիսի երկար կապի կորուստն ավելի ողբերգական է, քան սիրո, առավել ևս ֆիզիկական վայելքի կորուստը։ «Վոլեր բենեի» կորուստը հենց իսկական, խորը մենակությունն է, բացարձակ դատարկություւնը։ Ես բախտ եմ ունեցել ապրելու «վոլեր բենե»։ Իննսուն տարեկան եմ դառնում, և կողքիս Լորան է՝ կինս, որին գտել եմ Ռուսաստանում ավելի քան երեսուն տարի առաջ։
Ինձ զարմանալի սիրային պատմություններ են հանդիպել։ Ծնվել ու ապրում եմ այնտեղ, ուր կանգնած է Ֆրանչեսկա դա Ռիմինիի ամրոցը, և որտեղ Սանտ Արկանջելոյում եղած ժամանակ ապրում էր Դանթեն։ Ֆրանչեսկան սիրում էր Պաոլոյին, այդտեղ էլ ամուսինն սպանել է սիրահարներին։ Ու քանի որ այս ամենը տեղի է ունեցել իմ տնից տասը քայլի վրա, ինձ համար սիրո ավելի պայծառ ու սրտամոտ պատմություն չկա։
Հսկայական «վոլեր բենե» կար իմ հանճարեղ ընկեր Ֆեդերիկո Ֆելինիի և Ջուլիետա Մազինայի միջև։ Ֆելինիին խնամում էին ամբողջ աշխարհի կանայք, բայց նրա վերջին ժեստը իսկական սիրո օրհներգ էր Ջուլիետային. ըստ էության կաթվածահար՝ նա փախավ կլինիկայից, երբ իմացավ, որ կինը մահանում է Հռոմի հիվանդանոցում։ Նա հաղթահարեց հիսուն կիլոմետր և պառկեց կնոջ կողքին։ Իսկ երբ մեռավ Ֆելինին, վախճանվեց նաև Ջուլիետան։

Աղբյուրը

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: