RSS

Եղիշե Չարենց.

26 Հնվ

 

5

 

****

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Խոհ

Ե՛վ բիրտ, ե՛ւ գռեհ, ե՛ւ հոռի է քո

Ոգին՝ դարերի տաժանքից ելած,–

Որպես դարավոր դաշտ սմբակակոխ՝

Բյուր բանակների ոտքով փորփրած։

Քո վրա ընկած սերմերն հանճարեղ

Ո՛չ ցող են տեսել, ո՛չ փայփայող գիրկ

Քեզ չի գուրգուրել եւ ո՛չ մի արեւ,

Եվ ո՛չ մի քնքուշ անձրեւող երկինք։

Էլ ո՞նց ելնեին հերկերից քո բիրտ

Ազնիվ ցողուններ՝ ե՛ւ նուրբ, ե՛ւ ոսկուն, —

Էլ ո՞նց մերկանար ե՛ւ հոգի ե՛ւ սիրտ

Բանաստեղծների գերբնական խոսքում:

Որքան էլ վերից շռայլ արեւեր,

Մի պատահական, անտերունչ արեւ, —

Որքան էլ քո ջերմ ընդերքում տեւեր

Անմահ սերմերի իղձը, որ դարե՜ր

Անթիվ տարինե՜ր պահվելով քո հին

Քո հազարամյա հարազատ ծոցում –

Հայրենի սիրով երազում՝ քո հին

Ելնել, բարձրանալ հասկով դողդոջուն

Հայրենի հողի սրբազան գրկից

Ելած արեւոտ գոյության երթի, —

Դառնալ հայրենի մի ժողովրդի

Սնունդ ու ավյուն՝ սնված աշխարհքից,-

Միեւնույնն է, դու, օ՜ հող հայրենի

Միայն կոտրած շյուղ պիտի ծնեիր

Լեղի խաղողի ողկույզ վայրենի,

Որ չի ծնանե մի երգ գոնե հին…

Էլ ինչու ես դու դժգոհ քո գրկից

Դժնությամբ ելած զավակներից սեւ,–

Որ ընդմիշտ օտար հնամյա երգիդ

Ձգտում են դեմքիգ մրուր լոկ քսել…

Շառավիղներիդ քայլերից մոլոր

Որ անգամ այս նոր, հրով լուսացայտ

Ողողված՝ լոկ այն մրմհւն են սնում

Իրենց մտքերում եւ հույզերում խոր –

Թե ինչպես հերքեն թե կաթ, թե ծնունդ,

Թե ինչպես քերեն նշանները մուր՝

Իրենց լրբենի դեմքին մնացած…

Անհուն ցավերով երեկ ծնանւած

Որդիները քո՝ գանձերիդ հանդեպ

Շարժում են խոզի մռութ լոկ քնած՝

Անցյալիդ բեղուն բերքին անտարբեր…

Սիրում են նոքա լափել հանգիստ

Հաճույքից ճոճել վզերը ճարպոտ –

Եվ ճարպակալած կոկորդով գոռալ.

«Կեցցե՛ մեզ կոխող ամեն օտար ոտք»։

Ե՛վ բիրտ, ե՛ւ գռեհ, եւ հոռի է քո

Բերքը՝ քո ցամաք կողերից ծնած, —

Էլ  ինչո՞ւ ես դու, երկիր իմ, դժգոհ

Բիրտ սերունդներից քո կաթով սնած…

Սիրում են նոքա եռանդով խոզի

Կողերիդ վերջին հյութերը քամել, —

Եվ թքել ապա զառամ երեսիդ

Որ չես ծնանում ե՛ւ հեշտ ե՛ւ համեղ

Անհատների կեր, որպես մի Եդեմ,-

Որ խժռեն նոքա, հավիտյան ուտեն…

…………………………………………………………

Օ՜, քստմնելի, խոզային սերունդ,

Հտպիտ ժառանգորդ անզուգական հոր, —

Այն ո՞ր երջանիկ ժողովուրդն է, որ

Դարեր ու դարեր քրտինքով եռուն,

Անլուր տքնությամբ, եռանդով, արյամբ

Չի բեղմնավորել իր հողն հայրենի,–

Այլ խժռել է լոկ, անգամ հայրերի

Սերմանած վերջին ծաղիկը բուրյան…

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 26 Հունվարի, 2018 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: