RSS

«Ջուզեպպե Մոսկատի»

17 Սպտ

 

Maskati_1-300x172Երբ ֆիլմը դիտում ես մինչև գիշերվա 3-ը, իսկ առավոտյան պիտի աշխատանքի գնաս….

Քնուշ ու հուզառատ  ֆիլմ է՝ մարդու անընդհատ զոհաբերելու կարողության մասին։ Տեսարանները կոլորիտային են, դերասանական խաղը՝ հիմնականում համոզիչ։
Ոչ վաղ անցյալում ապրած և սրբադասված մարդու կյանքն անշուշտ հետաքրքիր է։ Առաջին հերթին հետաքրքիր է, թե հանուն ինչի և ինչպես է կարողացել այս մարդն անընդհատ զոհաբերել և այնքան առաքինի լինել, որ 20-րդ դարի՝ կասկածելի հեղինակություն ունեցող հոգևոր դասն անգամ ընդունել է նրա սուրբ լինելը։ Փառք Աստծո, որ կան այդպիսի մարդիկ։ Եվ այդպիսիք, որոնց դեռ չեն սրբացրել, ապրում են մեր մեջ ու մեր կողքին։ Վկա՝ «Ավրորա» մրցանակաբաշխությունը։ Նրանցից ոչ մեկի արածը չի չափվում որևէ գնահատանքով։ Եվ որևէ մեկն իր անձը չի ուրանում, որ իրեն սրբացնեն։ Ֆիլմի սցենարն իր մեծ մասով հենց հերոսի բարոյական այս հատկանիշի բացահայտմանն է ուղղված։ Բժիշկը դարձել է բժիշկ հեից մարդկանց օգնելու համար, և նրան չեն գայթակղում պաշտոններն ու ապահով կյանքի հեռանկարը։ Նա չի դժգոհում իր կատարած ընտրության հետևանքներից։ Վստահ է՝ իր ընտրածն է, ուրեմն՝ համաձայն է բոլոր հետևանքները կրելու։ Վերջին դրվագներից մեկը, երբ պատանեկության ընկերոջ հետ զրույցում ասում է՝ «…մեզնից յուրաքանչյուրը գնաց այն ճանապարհով, որն ընտրեց» և ընկերոջ  նախատինքին, թե՝ «..Դու կարող էիր ունենալ նույնքան, որքան ես ունեմ, բայց հիմա դու ոչինչ չունես», բժիշկը պատասխանում է. «Այդ ոչինչի մեջ եմ ես գտել ամեն ինչ»։
Մարդն, ըստ էության, չի զոհաբերել ոչինչ։ Ուրեմն՝ ինչի՞ համար է սրբադասվել։ Ընդհանրապես կոչումները, պարգևները, ճանաչումը պետք է ո՛չ նրան, ով արժանանում է դրանց։ Նույնիսկ Նոբելյան մրցանակից եղել են գրողներ, որ հրաժարվել են (օրինակ՝ Սարտրը)։ Դրանք անհրաժեշտ են այն դասի մարդկանց, որոնք հեղինակություններից դագանակ են սարքում հանրության գլխին։ Ինչի՞ մասին էր այս ֆիլմն իրականում։ «Ահա, — ընթերցվում է ենթատեքստում,- այսպիսին եղեք, այսպես ապրեք, որ ձեզ էլ սրբադասեն» (ու՝ Լուսինե Բուշի գրառումը՝ «Ես երբեք սրբերի շարքը չեմ դասվի…»)։ Հենց այդ ենթատեքստն է ստիպում մի քիչ շեղել հայացքը ու սրբին այլ լույսի տակ դիտել (ըստ ֆիլմի)։ Օրինակ՝ ամեն մարդ ազատ է ընտրելու իր վարքն ու կենցաղը, բայց մի՞թե նա իրավունք ունի իր ընտրությամբ նույնը պարտադրելու մերձավորներին, տվյալ դեպքում՝ քրոջը։ Այդպես վարվեց իր ընտանիքի հետ նաև Վան Գոգը։ Նա էլ իր ունեցածը բաժանեց աղքատներին, հետո ծանրացավ եղբոր ընտանիքի վրա, ինքը խելագարվեց, քիչ էր, հոգեբուժարան հասցրեց նաև եղբորը։ Ո՞ւմ մտքով է անցել սրբացնելու Վան Գոգին, որքան էլ բարձրարժեք լինեն նրա կտավները։ Եվ որքան տառապանք է պատճառում այս բժիշկը սիրած աղջկան։ Իր մասնագիտական բացարձակությամբ մի քանի անգամ դժվար կացության մեջ է դնում գործընկերներին, աչք է ծակում մարդկայնորեն սխալական  ընկերոջ կողքին։ Հրաժարվելով իր առողջությանը հետևելուց և հիվանդությանը կանաչ ճանապարհ տալով՝ բավական երիտասարդ տարիքում հեռանում է կյանքից՝ առանց միջոցի թողնելով քրոջը, առանց ուսուցչի թողնելով իրեն վստահած աշակերտներին և առանց սատարի թողնելով իր հույսով ապրող անապահովներին։ «Բայց սա ախր ինքնասպանությո՜ւն է»,-կչարախնդար Մոպասանի սատանան։
Սցենարն ընդհանրապես թեքվում է դեպի «շիրպատրեբ», երբ որբ ընկեցիկ երեխային որդեգրում է հենց իր հայրը, այն էլ սիրած կնոջից երեխա չունենալու պայմաններում։ Կարծես հատուկ արած լինի, որ որբին որդեգրելու փաստը հանկարծ չստվերի Ջուզեպե Մոսկատիի սրբությունը։
Ուրիշ ֆիլմ հիշեցի, էլի իրական փաստերի հիմքով՝ «Երկար ճանապարհ դեպի տուն»։ Երբ իրեն որդեգրած կնոջը հերոսն ասում է՝ «Ափսոս, դուք չէիք կարող ձեր երեխաներն ունենալ», կինը պատասխանում է. «Ես կարող էի։ Բայց ես հենց ձեզ էի ուզում (միակ որդեգիրը չէր)։ Ի՞նչ իմաստ ունի ավելացնել մարդկանց թիվը երկրի վրա, երբ շատ ծնվածներ գոյատևելու խնդին ունեն»։ Ֆիմում, որքան էլ շանս ստացած տղան հաջողակ գործարար է դառնում իրեն որդեգրողների ջանքերի շնորհիվ, միևնույն է, ցավ ես ապրում նրա տառապալից մանկության, ընտանիքը կորցրած լինելու համար։ Բայց կնոջ գաղափարը հետաքրքիր է, չէ՞։ Ուղղակի շեշտված չի այնքան, որ ֆիլիը դառնա հենց դրա մասին։
Մասկատիի մասին ֆիլմն ընդհանրապես չափն անցնում է, երբ հերոսին գերբնական հատկանիշ է վերագրվում. հեռազգացությունը (զգաց, որ իր ուսուցիչը մեռնում է, իսկ իր մահից հետո ողջ ու առողջ նստել էր սեղանի առջև և զրուցում էր ընկերոջ հետ, ավելին, նրան իր է փոխանցում)։ Այս հատվածները վերջնականապես համոզեցին ինձ, որ սա իմ ֆիլմը չէր, ինձ չէր ուղղված։

 

 

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 17 Սեպտեմբերի, 2018 in Էս էլ՝ ես

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: