RSS

Միսաք Մեծարենց. բանաստեղծություններ

27 Փտր

5310

Դեղին վարդեր

Փթթեցե´ք միշտ, դեղին վարդեր, լքվա՜ծ վարդեր,
Խորհրդանիշն առանձնացած հոգիներու.
Միշտ կը հուզեք դուք իմ հոգիս խռովքով մ’աղու,
Անհուսության դալուկն հագած տժգույն վարդեր:

Անհուսության դալուկն հագած տժգո՜ւյն վարդեր,
Զձեզ հավետ պիտի սիրեմ ես սրտագին.
Ու միշտ սիրել պիտի չուզե իմ դառն հոգին,
Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր:

Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր
– Սուր հեգնանք մը ցավով ճմլած հոգիներու,
Ինծի երբեք անույշ հրապույր մը չեն ազդեր…

– Կույս ու զվարթ երանությամբ օծված վարդեր,
Երգեցե´ք միշտ ընկճվածի երգերն աղու,
Լքված հոգվոց դուք մըտերիմ, տժգո՜ւյն վարդեր:

Արևագալը

Հորիզոնեն վար լույսի պար մը կ’իջնե,
Ընդելուզված` ճաճանչներով ոսկեհյուս.
Շուտ կ’անհետի մութն ու խավար կու տա խույս,
Աշխարհ արփվույն հուր գալուստը կ’ողջունե:

Կենդանություն կը հագնին դաշտ ու լեռներ,
Զվարթ երգերը միշտ կը լսվին գեղջուկին.
Ու զմրուխտի, ադամանդի երանգներ
Կը փողփողին մեջը լույսի վառ գըրկին:

Խորհուրդներու մռայլը շուտ կը մարի,
Բնության այս հըրատ զարթոնքին հանդեպ,
Ու կը հրճվի հուսահատ սիրտը կարի՜:

Կը սրբըվին թոնուտ աչքերը տխուր,
Ուրախության ժպիտներուն տակ անհուն.
Ցնծուն երգով կը լեցվի սիրտը թափուր:

< 1901, հունիս >

ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ’իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սադափէ։

Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։

Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ’իջնէ գուռին մէջ կաթէ։

Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։

Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ․․․։

 

Մարմնի վերք, սրտի վերք

Մարմնի վերքը՝ արտաբացված դանակե՝
Ի՜նչ արցունքներ դառնակայլակ կը քամե.
Ի՜նչ հուզումով ու տխրությամբ համակե,
Մարմնի վերքը՝ արտաբացված դանակե.

Սրտի վե՞րքը, ո՜հ, դառնագույն է, Աստվա՜ծ,
Սևով անքակ, խոցերով ժանտ է պատած
Խեղճ ու թշվառ կամ տարամերժ ու լքված
Սրտի վե՞րքը, ո՜հ, դառնագույն է, Աստվա՜ծ:

Մարմնի վերքը սպեղանի ունի բույժ,
Անցնելով նա մոռացուկ կ’ըլլա շան կանուխ,
Զանգակ չունի նա տխրահունչ, մահագույժ.

Սրտի վերքը մինչ գերեզմանն երկարած
Ուղի մ’ունի, արցունքներու զերթ մեկ ուղի.
Սպեղանին անոր երկինքն է պահված:
1901, հունիս

Վերադարձի երգ

Կսկիծ կայ սրտիս մէջը վիրաւոր
Զոր արեւին լո՜յսն անգամ չի բուԺեր.
Խորունկ ու ցաւոտ մորմոքում մը որ՝
Ա՜հ, պիտի լայննա՜յ երբ իջնէ գիշեր։

Կը հիւծին ցոլքերն յոյսին հեռաւոր,
Խարոյկի մը պէս՝ որ վաղ է մաշեր.
Բայց դեռ կը յուզէ զիս տեսիլք մ’աղուոր՝
Զոր ինձ կը բերեն անցեալին յուշեր։

Ու պիտի ապրի՜մ, վիշտը նոր ուԺեր
Կը բերէ յանկարծ հոգւոյս սիրավէր.
Կեանքին կը դառնամ դեռ չըրած գիշեր։

Փուշեր նետուեցան օրէ օր վէրքիս,
Ու հոն հեծեծանք մը բերին հովեր.
Բայց սիրոյ յոյս մը կ’արեւէ հոգիս։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: