RSS

Պատժի պատճառն ու նպատակը. Յարոսլավ Հաշեկ

22 Հնս

nakazanieՀայր Կալիստան պատժում էր որբերին։ Մեկ առ մեկ՝ այբբենական կարգով բոլորին քրքրում էր։ Խարազանն իջնում էր որբուկների կլոր տեղերին ճարպկորեն ու հմտորեն, մինչև ծնկները իջեցրած, գլուխը ձախ թեքած, ոտքերը՝ աջ, և այտուցված կենտրոնին հասնում էին այրող հարվածները։

Հայր Կալիստան դա ջանադրաբար էր անում՝  պատժելով մեծագույն հանցանքի համար բոլոր նրանցից, որ երբևէ կատարվել են որբուկների կողմից. փոխանակ պատրաստվեն խոստովանության, չլիկ-դաստա են խաղում։ Հայր Կալիստան հասավ «Մ» տառին։ Բաց թողնելով արտասվաթոր Միգրինին՝ ուզում էր կանչել՝ «Միտչենաշեկ», բայց զգաց, որ հանգստանալու ժամանակն է։
Խարազանը ձեռքին՝ նա, նստելով աթոռին, դիմեց նրանց, որ արդեն անցել էին իր ձեռքի տակով, և նրանց, որ սպասում էին իրենց  հերթին, պատժի նպատակի ու պատճառների բացատրությամբ։

-Հայրական պատիժը,- սկսեց նա քնքուշ ժպիտով,-իրականացվում է ոչ թե վրեժից, այլ բարեսրտությունից։ Պատժի նպատակը, տղանե՛ր, պատժվողի ուղղումն է, և պատճառը, որ ես ձեզ քոթակում եմ, իմ սերն է ձեր նկատմամբ։ Ես ձեզ քոթակում եմ, որովհետև դուք վիրավորում եք Աստծուն, քոթակում եմ, որ դուք չհամառեք՝ գնալով վատ ճանապարհով, վախենում եմ ձեր ժամանակավոր և մշտական կործանման համար։ Հենց այդ վախն էլ ստիպում է՝ ձեր նկատմամբ  զգայական պատիժ կիրառել, որ ձեզ հեռու պահեմ չարից ու դրա հետևանքներից։ Ո՞նց է այգեպանը էտում խաղողի վազը՝ չնայած թափվող արցունքի՝ դրանով նպաստելով նրա աճին ու բերքատվությանը, ո՞նց է փրկարարը բռնում խեղդվողի մազերից՝ հենց հանուն նրա փրկության։ Էդպես էլ ես, ձեզ ցավ պատճառելով, մենակ մի նպատակ ունեմ՝ հեռու պահել ձեզ, ուղղել ու ձեզ օգուտ տալ։ Ես դա անում եմ ձեզ սիրելով, ու ձեր կարմիր տուտուզները, որոնց վրա հիմա նստած եք, ձեզ պիտի հիշեցնեն սուրբ Անսելմի խոսքերը. «Խիստ ուսուցումը բարեսրտություն է»։ Ես ձեզ սառնասրտորեն չեմ ծեծում, այլ այնպես եմ քոթակում, որ կծկվում եք, բայց դրա հետ ուրախություն եմ ապրում, որ ձեզ բարեսրտություն եմ անում։ Ձեզ կոտրում եմ աստծո սիրուց դրդված։

Այբուբենի երկրորդ կեսը՝ «Մ»-ից՝ Միտչենաշեկից, մինչև «ֆ»՝ Ֆիկուբեկը վախից լաց էին լինում, իսկ պրծածները շատ տխուր նստել էին իրենց մանուշակագույն տուտուզներով։
Բայց հայր Կալիստան ուրախ շարունակում էր.

-Մեր բարեպաշտ նախնիները սովորություն ունեին մտրակը սուրբ խաչելության հետևում պահելու, քանի որ դրան ձեռք գցելիս հիշում էին՝ ում անունից են գործի դնում դա։ Ես էլ եմ դա խաչելության հետևում պահում, իսկ դուրս բերելիս ամեն անգամ հույս ունեմ, ինչպես գրված է սուրբ գրքում, «արդարության մխիթարիչ պտուղների համար», և ձեռքս առած, հաստատում եմ ձեր ժամանանկավոր ու մշտական արքայությունը։ Ես ձեզ պատժում եմ անմիջապես, առանց հետաձգելու երկար ժամանակով, քանի որ այն, ինչ կարող ես անել այսօր, մի հետաձգիր վաղվան։
Հետո, ես պիտի կանգ առնեմ նրա վրա, թե ինչպես եք դուք ընդունում պատիժը։ Ծեծի ժամանակ ջահել խորամանկը լաց է լինում, գունատվում է, ոռնում է, ասես թե իրեն մորթում են, ու ինձ մի բան է մնում՝ պատժել հնարավորինս զգալի, որ գլխներիցդ  դուրս բերեմ ամեն տեսակ հիմարություն։ Աստծո Ոգով լցված Սուրբ գիրքն ասում է. «Ով իր ձեռքերն է խնայում, չի սիրում իր զավակին, իսկ ով սիրում է, պատժում է նրան մանկուց»։ Մտրակն ու խրատը տանում են իմաստության, դրա համար էլ ով սիրում է իր որդուն, հաճախ է նրան պատժում։
Ով իրեն չի համարում անաղարտելի սուրբ հոգի, նա իհարկե չի մերժի ո՛չ մտրակը, ո՛չ խարազանը, որոնցից չէին խորշում անգամ իրենց կրթվածությամբ հռչակված  աթենացիները։  Աստված խրախուսում է նաև ապտակը և ականջ քաշելը։ Սողոմոնն ասել է. «Պատժի վերքերը բալասան են չարի դեմ»։ Եվ ինձ համար մեծ ուրախություն կլինի, եթե հարցնեն ինձ ձեզնից ցանկացածի մասին, թե ինչից է նա այդքան լավը, լսող դարձել, ու ես էլ ի պատասխան ասեմ՝ «Ես նրանց վզակոթին եմ հասցնում, սիրելի ճիպոտով եմ դաղում։ Ըստ սուրբ Անսելմի կտակի՝ «Վարվիր երեխայի հետ որպես ոսկու՝ ծեծիր և ճկիր նրան»։ Դրա համար էլ ես ձեզ ճկում եմ ծնկներից  և մտրակում, քանի դեռ չեք լսել երգեցիկ հրեշտակներին։ Իսկ դուք, երբ ես ձեր տուտուզներն եմ կապտեցնում, հիշեք, որ Աստծո նախախնամությունը ինձ օգտագրոծում է որպես գործիք՝ ձեզ ուղղելու ու կատարելագործելու։ Դե, արի՛, Միտչենաշե՛կ։
Հայր Կալիստան Միտչենաշեկին ճկեց մինչև ծնկները և սկսեց նրան քոթակել։ Հենց ճիպոտով դաղեց վարտիքին, լսվեց ընդհատուն թակոց, ինչեպես եթե փայտով խփեիր մի կոշտ բանի։ Հայր Կալիստան հետաքրքրված, ձեռքով շոշափեց ուռուցիկ հատվածն ու իրոք զգած ինչ-որ կոշտ մի բան։ Մինչ հայր Կալիստան պարզաբանում էր պատժի նպատակն ու պատճառը, Միտչենաշեկը, ժամանակը զուր չկորցնելով, իր վերտիքի մեջ հետևից մտցրել էր պատարագի մասին գիրքը։
-Սրիկա՛,- բղավեց հայր Կալիստան՝ դուրս քաշելով գիրքը։- Իմ բոլոր բացատրություններից հետո մտքովդ անցավ խաբե՞լ տեր Աստծուն։ Իջեցրո՛ւ վարտիքդ։
Միտչենաշեկը լաց լինելով իջեցրեց վարտիքը։
Կանգնե՛ք,- կարգադրեց հայր Կալիստան մյուսներին՝ Միտչենաշեկին պատշաճ դիրքի բերելով։ — Ամբողջ ընթացքում, որ կծեծեմ, կարդացեք «Հավատում եմ»-ը, որ անամոթն իմանա՝ ով է իրեն իրականում պատժում։
Վերջապես բաց թողնելով Միտչենաշեկին, որ լաց եղած նստեց՝ աչքերը գետնին խոնարհած, հայր Կալիստատն ասաց.
-Պատժի նպատակը սերն է, բայց Միտչենաշեկը անարժան դուրս եկավ իմ սիրուն, դրա համար էլ նա զրկվում է ընթրիքից։ Հիմա քո հերթն է, Յառոշ…

Նրան հետևեցին Նիխտերժիկը և մյուսները՝  մինչև ամենավերջինը՝ Ֆիկուբեկը։  Էկզեկուցիան ավարտվեց։ Հայր Կալիստան, մատնացույց անելով ճիպոտը, շշնջաց.
-Աստվածային անսահման բարեսրտությունը…

Եվ աստվածային այդ իրենց շրջապատած բարեսրտության մեջ իրենց բոսորագույն տուտուզիկներով նստել էին որբերը։

Թարգմանությունը՝ ռուսերենից. Ռուսերեն թարգմանությունը՝ Դ.Գորբովի։

 

 
Մեկնաբանությունները կասեցված են Պատժի պատճառն ու նպատակը. Յարոսլավ Հաշեկ-ում

Posted by off 22 Հունիսի, 2019 in ես, Գեղարվեստական թարգմանություններ, Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Մեկնաբանությունները փակված են։

 
%d bloggers like this: