RSS

Վիլյամ Սարոյան. երկու առակ

10 Նյմ

William_Saroyan_2Կույրի պատմությունը (համառոտ)

Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով գնում են Բիթլիս, երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում: Նա շարժվում է խարխափելով: Ամուսինը կնոջը իջեցնում է էշի վրայից և կույրին նստեցնում իր կողքը: Կինը ոտքով է գնում, իսկ տղամարդիկ՝  էշ նստած: Հասնում են քաղաք: Ամուսինը դիմում է կույրին.
– Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծ իջիր:
Բայց կույրը չի ուզում իջնել: Կույրը սկսում է գոռգոռալ: Մարդիկ են հավաքվում: Կույրն իր պատմությունն է պատմում նրանց և ասում, թե էշն իրենն է: Ամուսինը զգում է, որ մարդկանց համակրանքը ավելի շատ կույրի կողմն է, քան իր, ասում է կնոջը.
– Դու ճիշտ էիր, ես սխալ գործեցի, թող էշը նրան լինի, արի գնանք:
– Ճի՛շտ ես ասում, – պատասխանում է կինը, – գնացի՛նք:
Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է.
– Սկզբում ուզում էիր էշս գողանալ, հիմա էլ որոշել ես կնո՞ջս խլել։ Իսկ կինս ողջ–առողջ տղամարդ է տեսել և այլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ: Կինը վախից նվաղում է: Ամուսնու լեզուն կապ է ընկնում: Ամբոխը կույրին է հավատում: Չէ՞ որ կույր էր: Նրան խղճում էին, որովհետև չէր տեսնում: Կինը սկսում է լաց լինել: Ամուսինը հրաժարվում է առանց իր կնոջ հեռանալ: Գնում են դատավորի մոտ։ Կույրը բացատրում է, որ ինքն ու իր կինը իրենց էշով Բիթլիս էին գալիս, երբ էշը հանկարծ սկսում է համառել և այլևս առաջ չի շարժվում: Չգիտես որտեղից հայտնվում է այս տղամարդը, որը կարողանում է էշի հախից գալ, և իրենց հետ քաղաք է գալիս։ Այստեղ նախ փորձում է էշին տիրանալ, ապա՝ իր կնոջը: Հետո ամուսինն է պատմում ճշմարտությունը՝անչափ դառնացած և ինքն իրեն անիծելով, որ այդչափ բարի սիրտ ունի: Հետո կինն է պատմում ճշմարտությունն ու լաց է լինում: Դատավորը վճռում է, որնրանց պատմածից անհնար է հասկանալ, թե ով է ստում։ Կարգադրում է նրանց առանձին սենյակներում փակել և ուշադիր հետևել: Հրամանն ի կատար է ածվում: Երբ կույրը զգում է, որ մենակ է, սկսում է ժպտալ: Հետո հորանջում է, մկաններն է ձգում, պարում է ու ինքն իրեն մտածում, որ ահա էշի տեր դարձավ, և եթե կնոջն էլ տիրանա, կյանքը նրանը կլինի: Ամուսինը կրկին ու կրկին անիծում է իր հիմարությունը, որ ցանկացել է օգնել կույրին: Կինն անվերջ լալիս է: Առավոտյան այս ամենի մասին զեկուցում են դատավորին: Նա կույրին բանտ է ուղարկում: Իսկ ամուսինն ու կինը իրենց էշի հետ հեռանում են:

 

Թե ինչպես բիթլիսցի մի տղա երեք անգամ խաբեց սատանային (համառոտ)

Լսելով, որ բիթլիսցիները աշխարհի ամենախելոք մարդիկ են, սատանան որոշեց գնալ այդ քաղաք՝ տեսնելու, թե ում կարող է հիմարացնել։ Հանդիպեց մի բիթլիսցի տղայի, որ Բիթլիս էր գնում և միացավ նրան:
– Դու առաջին անգա՞մ ես Բիթլիս գնում,- հարցրեց սատանան։
-Ես առաջին անգամ Բիթլիսում եղել եմ ծնվելիս,- պատասխանեց տղան։
«Այս տղան խելացի բիթլիսցի է երևում, և ես նրան անպայման պիտի հիմարացնեմ»,- մտածեց սատանան։
– Բարեկա՛մս, քանի որ մենք նույն տեղն ենք գնում, արի պայման կապենք,- բացատրեց սատանան։- Դու երկար ճանապարհ ես անցել, ես՝ նույնպես։ Ինձ շալակիր, մինչև շունչս գա տեղն ու մի քիչ հանգստանամ։ Հետո ես քեզ շալակած կտանեմ, քո շունչը կգա տեղը և կհանգստանաս։
– Համաձայն եմ,- ասաց բնիկ բիթլիսցին։- Բայց ո՞նց իմանանք ճիշտ ժամանակը, որպեսզի մեզանից մեկնումեկը մյուսի շալակին շատ չնստի։
– Դրանից էլ պարզ բա՞ն,- զարմացած ասաց սատանան։- Նա, ով աոաջինն է նստում, պիտի մնա այնքան ժամանակ, քանի դեռ չի վերջացրել իր երգը։
– Շատ ազնիվ պայման է,- ասաց բիթլիսցին։- Ուզո՞ւմ եք առաջինը ես ձեզ շալակեմ։
Սատանան ելավ տղայի շալակն ու սկսեց երգել «Առավոտ լուսո» երգը, որը պարունակում է այբուբենի երեսունութ տառերը, որոնցից յուրաքանչյուրը մեկ տող էր կազմում։ Երգը կես ժամից վերջացավ։ Սատանան շատ գոh էր իր պայմանից, որովհետև արդեն լավ հանգստացել էր։ Նա իջավ և տղան ելավ նրա շալակը։ Սկսեց երգել հայկական եկեղեցու օրհներգությունը, որ տևում էր այնքան, ինչքան օրhնաբանողն էր ուզում։ «Դայ նի, նայի նի, նայնի, նայնի, նի… Դոն նի նոն նի, նո նի նո…»։ Հարկ եղած դեպքում կարելի էր մի ամբողջ հավերժություն երգել։
– Չե՞ք ասի, այդ ի՞նչ եք երգում,— հարցրեց քըրտնած սատանան։
– Սա պարզ ու շիտակ երգ է… Իմ ժողովրդի պես,- ասաց բիթլիսցի տղան։
– Իսկ քանի՞ տուն է։
– Մեկ միլիոն։
– Իմ կարճ խելքով,- ասաց սատանան,- ամեն երգ պիտի սկիզբ ու վերջ ունենա։ Այնպես չէ՞։
– Ինչքան ամենակարող Աստվածն ու այս աշխարհը սկիզբ ունեն և վախճան, այնպես էլ՝ այս երգը,- պատասխանեց բիթլիսցին ու շարունակեց երգել:
Եվ սատանան տղային բլրոտ ճանապարհներով տարավ հասցրեց մինչև Բիթլիս։ Նա մնացել էր շվարած, որ բիթլիսցի տղան խաբել էր իրեն։
– Լսիր, բարեկամ,- հարցրեց սատանան։- Իսկ գործիդ  անունն ի՞նչ է։
– Հեչ, հողագործ եմ։
– Որ այդպես է, արի ընկերովի հող մշակենք։
– Համաձայն եմ,- ասաց տղան։
Ու երկուսով արտում սոխ ցանեցին։ Վերջապես բերքահավաքի ժամանակը եկավ։
– Հիմա դուք սոխի գլո՞ւխն եք ուզում, թե տերևուքը,— հարցրեց սատանան։
– Ինձ համար միևնույն է,- պատասխանեց բիթլիսցի տղան։
– Չեղավ…- ասաց սատանան։– Մեկնումեկը պիտի ընտրեք։
– Որ այդպես է, ես տերևուքը կվերցնեմ,- ասաց բնիկ բիթլիսցին։
Քանի որ սատանան մի անգամ արդեն խաբվել էր, այդ պատճառով ուզում էր շատ զգույշ լինել։
– Եթե չեք նեղանա, ես կվերցնեմ տերևուքը, իսկ դուք սոխի գլուխը,- ասաց սատանան։ Եվ նա հնձեց տերևուքը, փորձեց վաճառել, բայց ո՞վ էր առնողը։ Իսկ բիթլիսցին, հողից հանելով սոխի գլուխները, բարձր գնով վաճառեց։ Եվ այսպես, սատանան երկրորդ անգամ խաբվեց։
– Արի նորից ընկերովի արտ մշակենք,- ասաց սատանան տղային։
– Շատ լավ,- համաձայնեց բիթլիսցին։ Եթե ուզում եք, այս տարի էլ ցորեն ցանենք։
Եվ ցորեն ցանեցին։ Երբ հունձքի ժամանակը եկավ, սատանան հարցրեց.
– Հիմա ո՞րն եք ուզում՝ արմա՞տը, թե՝ ցողունը։
– Ոնց ասեմ… եթե կարելի է, նորից արմատները կվերցնեմ, ասաց տղան:
– Չէ… էս անգամ դուք ցողունը վերցրեք, իսկ ես՝ արմատները։
Եվ սատանան այս անգամ էլ խաբվեց։ Իսկ երեկոյան նա աննկատ հեռացավ քաղաքից ու մինչև հիմա ոտքը Բիթլիս չի դրել։ Երբեմն միայն ծպտված ու ապահով տեղից նայում է բնիկ թիբլիսցիներին՝ նախանձելով նրանց խելքին ու շնորհքին։

Աղբյուրը՝ Տարընթերցում

 

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: