RSS

Ի՞նչ ենք ասում, երբ խոսում ենք

04 Հնվ

original-182nՀաղորդակցումը բարդ երևույթ է։ Մենք մարդուն հասկանում ենք ոչ միայն ըստ նրա, թե ինչ է նա ասում, այլև ըստ նրա, թե ինչ է անում։ Հուսալով, որ «կբացահայտենք» զրուցակցին՝մենք նրա կերպարը ավարտին ենք հասցնում՝ կախվելով առանձին բառերից ու խոսելաձևից։ Բայց հիմնականում մենք այնուամենայնիվ հենվում ենք մեր կռահողունակության վրա։

Սակայն այս խաղում կանոններ կան, որ հեշտացնում են շրջապատողներին հասկանալը։ Ինչպե՞ս են դրանք արտահայտվում, այսինքն՝ ինչ է հնարավոր հասկանալ մարդու մասին՝ ըստ նրա խոսքի՝ բանավոր թե գրավոր, պատմում է լեզվահոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Մոսկվային միջազգային համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դեկան Մարինա Նովիկովա-Գրունդը։

Ռուսաստանյան HBR[1]— Խոսքի ո՞ր հատկանիշներին է հարկավոր ուշադրություն դարձնել ինչ-որ բան խոսողի մասին հասկանալու համար։

Նովիկովա-Գրունդ- Օրինակ՝ ձայնի կարգավորմանը կամ տոնի համեմատական բարձրությանը։ Յուրաքանչյուրս ունենք ձայնային երեք կարգավորում՝ միջին (նեյտրալ, որ սովորաբար օգտագործում ենք), վերևի ու ներքևի։ Խոսելու ժամանակ մենք մեկից մյուսն անցում ենք անում չգիտակցված, ավտոմատ կերպով, կախված նրանից, թե ինչի մասին ենք խոսում, ում հետ և ինչ նպատակ ունենք։
Վերևի կարգավորումը նաև կոչվում է մանկական։ Այդ կարգավորմամբ «մատնում» ենք նաև աշխարհի մասին վաղ մանկության ժամանակ ստացած և առանց քննադատական վերաբերմունքի ընդունած գիտելիքը, այսինքն՝ վերցրածը, բայց չհասկացածը, տարօրինակ կամ կարծրատիպային  պատկերացումները, որոնք սխալմամբ մերն ենք համարում։ Եթե մեզ համար կարևոր մարդը մեզ երեք-չորս տարեկանում ասել է՝ «Ուտելուց առաջ ձեռքերդ լվա», մեծանալով այդ արտահայտությունը մենք ասում ենք մանկական տոնով։ Մարդիկ այդ նույն տոնին անցնում են, երբ ինչ-որ սերտած բան են ասում, մի բան, ինչին իրենք չեն հավատում։ Դրա համար էլ այդքան դժվար է լսել սերտած զեկուցումը։

Վերին կարգավորումը նշանակում է երեխայի դեր ստանձնելը։ Բարձր ձայնով խոսում ենք նրանց հետ, ում հարգում ենք ու համարում ավելի խելացի, փորձառու։ Նույն տոնով կռիվ են անում վիճելու անսովոր մարդիկ։ Դուրս գալով իրենց նորմալ վիճակից՝ նրանք «միացնում» են մանկական խոսքակռվին հատուկ կարգավորումը։ Այս կարգավորումը, ի դեպ, ավելի լսելի է. երբ խլավուն մարդկանց կամ օտարերկրացիների հետ ես խոսում, ավելի լավ է՝ դա օգտագործես։

Ռուսաստանյան HBR-Իսկ ի՞նչ կասեք ներքևի կարգավորման մասին։

Նովիկովա-Գրունդ-Երբ ձայնն իջեցնում ենք, ոչ բացահայտ հաղորդում ենք՝ «ես եմ գլխավորը» կամ «ես սեքսուալ առարկա եմ»։ Սովորաբար տղամարդիկ, երբ վերցնում են հեռախոսը, մի տոն ցածր են խոսում. Չլինի՝ զրուցակիցը գլուխ բարձրացնի, կամ էլ՝ գուցե մյուս կողմում հանկարծ մի սիրունիկ լինի։

Մենք ստորին կարգավորումն ենք օգտագործում, երբ պետք է լինում ինչ-որ բան պնդել։ Եթե խնդրանքը արտահայտենք բարձր տոնով, մեզ լուրջ չեն ընդունի։ Իսկ եթե դրա հետ էլ զրուցակցի նկատմամբ տարածության մեջ բարձր կետի վրա լինենք, օրինակ՝ նստելով սեղանին՝ իջեցնենք ձայնը և բարեկիրթ հեղինակավոր մի բան ասենք, կհասնենք մեր ուզածին։

HBR-Թեև քիչ, բայց կան մարդիկ, որ մոնոտոն են խոսում` առանց կարգավորումների։ Դա ի՞նչ է նշանակում։

Նովիկովա-Գրունդ- Ելևէջներ չկան միայն հիվանդ մարդկանց մոտ։ Մոնոտոն խոսքը կարող է վկայել մարմնական կամ հոգեբանական խնդիրների մասին։ Օրինակ՝ եթե մարդ միշտ բարձր տոնով է խոսում, ուրեմն իրեն երեխա է զգում, ուզում է, որ իրեն սպասարկեն, դայակություն անեն։ Սա հատկապես նկատվում է տղամարդկանց մեջ, որոնք խոսում են խեղդված ձայնով. Քանի տարեկան էլ լինեն, երեխա են մնում։
Եթե սովորական մարդը հանկարծ սկսում է մոնոտոն մռթմռթալ, կարող է նշանակել, որ նա վախ է զգում և ինքնավստահ չէ։
Մարդիկ էլ  կան, որ գիտակցաբար չեն փոխում ձայնի կարգավորումը, օրինակ, երեխայի հետ խոսելիս՝ բացատրելով, որ չեն ուզում սվսվալ։ Երբ մենք երեխայի ենք նայում, մեր ունքերը ռեֆլեկսով տնակի նման են դառնում, շուրթերը՝ կնճիթի, և տոնը փոխվում է. հարկավոր է զգացմունքների որոշակի գամման փոխել և հասկանալի դառնալ։ Եթե մարդը երեխայի հետ խոսում է այնպես, ինչպես մեծի հետ, մի բան այն չէ։ Նախ և առաջ դա վկայում է նրա բոլորովին չհարմարվելու մասին կա՛մ տվյալ իրադրությանը, կա՛մ ընդհանրապես կյանքում  ամեն ինչին։

HBR- Ի՞նչ է ցույց տալիս խոսքի տեմպը։

Նովիկովա-Գրունդ-Աշխարհի բոլոր լեզուներով, բացի, կարծեմ մի էկզոտիկ լեզվից, մարդիկ շնչում են բառերի արանքում և արտաշնչում խոսելիս։ Այնպես որ խոսքի տեմպով  և դադարներով հնարավոր է հասկանալ՝ ինչ է կատարվում խոսողի շնչառության հետ։ Եթե նա լարված չէ և խոսում է նորմալ տեմպով, շնչում է հանգիստ։ Եթե նրան ինչ-որ բան անհանգստացնում է, վախեցնում, շունչը կտրվում է։ Դադարը նորմալ խոսքում խմբագրում է՝ «Ասե՞մ, թե չասեմ։ Եթե ասեմ, ինչպե՞ս»։ Երբեմն դադարները լցնում են «Այո», «ասես» ու նման բառերով։

HBR-Դուք նշում եք մակաբույծ բառեր։ Հնարավո՞ր է դրանց օգտագործումից որոշել խոսողի զգացմունքային վիճակը։

Նովիկովա-Գրունդ- Չեմ սիրում «մակաբույծ բառեր» արտահայտությունը։ Այս բառերը մակաբույծ չեն, դրանք գործառույթ ունեն։ Շատ հաճախ դրանք հենց դադարն էլ նշում են։ Ցանկության դեպքում բոլոր բառերն էլ հնարավոր է մակաբույծի վերածել։ «Մակաբույծների» դերում շատ հաճախ հանդես է գալիս անպարկեշտ կամ դրան մոտ բառապաշարը։ Դա խոսողին հնարավորություն է տալիս ագրեսիան դուրս թողնելու։ Ամենակոպիտ ցանկացած հայհոյանք հարվածի փոխարեն է։ Ֆիզիկական ագրեսիային փոխարինում է սիմվոլիկը։ Դա տհաճ է, որովհետև ագրեսիա է, բայց հրաշալի է, որովհետև բառն օգտագործվում է գործողության փոխարեն։

Վերլուծելով այդպիսի բառերը՝ հարկավոր է հաշվի առնել՝ ինչ իրադրության մեջ են դրանք արտասանվում։ Օրինակ՝ եթե գործընկերոջս պատմում եմ իմ գաղափարի կամ մշակումների մասին՝ խոսքի մեջ կիրալռելով անպարկեշտ բառապաշար, դա ցույց է տալիս, որ ես միաժամանակ հաճույք և վախ եմ զգում (հանկարծ գործընկերս սխալ չգտնի՞ . կսկսի քննադատել ինձ)։ Բացի այդ՝ դա որոշակիորեն մտերմության նշան է։ Հենց դրա համար ծնողական խրատները, թե՝ «Երբեք վատ բառեր մի ասա», էնքան էլ ճիշտ չեն։ Եթե անբարեկիրթ խոսող երեխաների մեջ մեկը բերանը փակի և լռի, ստիպված է լինելու մյուսներից կա՛մ բարձ, կա՛մ ցածր դիրք բռնելու։ Բայց՝ ոչ հավասար։ Դե փորձեք աշխղեկի հետ շինհրապարակում պայմանավորվել ,որ քարը պետք է հատուկ ձևով դրվի։ Սովորական բառապաշարը չի հերիքի. հայհոյանքը «մերոնքականի» նշան է։

Ուրիշ բան, եթե մարդ անպարկեշտ բառ է օգտագործում ամեն երկրորդ խոսքին։ Դա վելի շուտ խոսում է ուղեղային խաթարումների մասին, որոնք կարող են ծագել, մասնավորապես, խիստ ալկոհոլացման հետևանքով։

HBR-Եթե ուզում ենք մարդու մասին ինչ-որ բան հասկանալ, ձեր կարծիքով, արժե՞ վերլուծել նրա բառապաշարային նախընտրանքը՝ նշել՝ որ բառերն է այս կամ այն իրադրության մեջ օգտագործում։

Նովիկովա-Գրունդ-Որսալը առանձին բառերն ու վերլուծելը դրանք ավելի շուտ պարապ գործ են։ Մեր խոսքը համակարգ է, ու մեկ կամ նույնիսկ մեկ տասնյակ բառով մարդու մասին, որպես կանոն, ոչինչ հնարավոր չէ ասել։ Կան բացառություններ։ Օրինակ՝ սիրում ենք կրկնել շատ սիրելի մարդկանցից, հատկապես ուսուցիչներից «թռցրած» բառեր։ Ես մի շատ բնորոշ արտահայտությամբ կարողանում եմ ճանաչել նրանց, ովքեր սովորել են իմ ուսուցիչների մոտ։

HBR- Բառաձևերի ընտրությունը հատկանշակա՞ն է։ Կարո՞ղ եք բացատրել, օրինակ, թե ինչու է շատերին նյարդայնացնում փաղաքշական մասնիկների օգտագործումը։

Նովիկովա-Գրունդ-Որովհետև շատ դեպքերում դա խոսում է թաքնված ագրեսիայի մասին։ Դա չափազանցված շտկում է. փոխանակ հարձակվեն մեզ վրա, մեզ ասում են «ուծի-պուծի, ինչ պայծառ մարդ ես»։ Ագրեսիան հատկապես ցայտուն է արտահայտվում, երբ դրա հետ էլ խոսում է շատ ցածր, համարյա շշուկով, միատոն ու ցածր։ Դա վտանգի նշան է. հնարավոր է՝ խոսողը պոռթկա։

Բացի դրանից՝ փաղաքշական վերջավորությունների օգտագործումը կարողլ  է լինել  լուրջ հիվանդության, օրինակ՝ էպիլեպսիայի ցուցիչ։ Եթե չբուժեն, մարդու բնավորությունը կփոխվի՝ նա կդառնա չոր, զայրացկոտ, անբարյացակամ։ Փաղաքշական վերջավորությունները նրան հնարավորություն են տալիս նախ՝ սեփական ագրեսիան ճնշելու, երկրորդ՝ լուծելու իր խոսքային խնդիրները բառերը  երկարացնելու հաշվին։ Իհարկե, ըստ տեքստի ախտորոշել հնարավոր չէ, բայց ի նկատի ունենալ այս տարբերակն էլ արժե։

HBR-Ինչի մասին է վկայում կրավորական կամ ներգործաան կառույցի ընտրությունը։ Ո՞վ է ասում՝ «Ես կանեմ», իսկ ո՞վ՝ «պիտի արվի»։

Նովիկովա-Գրունդ-Երբ ըտրում են կրավորական կառույց (որտեղ գործողը «ես»-ը չի), հասկացնում են. «Սա ինձ հետ կատարվում է, ինքս պասիվ եմ այստեղ»։ «Ես»-ով կառույցը, ընդհակառակը, ցույց է տալիս. «Ես ազատ եմ, ես ինձ վրա պատասխանատվություն եմ վերցնում, ես դա ինքս եմ արել»։ Այն մարդիկ, որ հայտարարում են՝ «Մտացեծի, հիշեցի, ցանկացա», իրենց ներքին տարածքում ամեն ինչ տնօրինում են իրենք։ Բայց նույն մարդիկ էլ կարող են ասել՝ «Մի անգամ ստիպված եղա գնալ, այնտեղ էլ էնպես ստացվեց, որ հանդիպեցի…»։ Նշանակում է՝ արտաքին աշխարհում նրանք ազատ չեն զգում իրենց։ Բայց պատահում է նաև հակառակը. արտաքին աշխարհում ակտիվ գործող մարդը (միշտ ասում է՝ «գնացի, արեցի»), հարցին, թե՝ «Ինչու այդպես արեցիր» պատասխանում է. «Սիրտս ուզեց»։ «Ուզեցի» և «Սիրտս ուզեց» արտահայտությունների մեջ ընտրությունը ընտրություն է «Ինձ ճակատագիրն է առաջնորդում» և «ես եմ իմ գլխի տերը» մոտեցումների մեջ։

Իհարկե, կան բացառություններ։ Եթե ես ասում եմ. «Ընկա աթոռից», ակնհայտ է, որ իմ կամքով չեմ ընկել։ Լեզուն այնպես է կառուցված, որ որոշ բաներ չենք կարող կրավորական ասել որոշ բաներ էլ՝ ակտիվ։ Կյանքից օրինակ բերեմ։ Իմ ասպիրանտը դիսերտացիա էր գրում իրենց քաշից դժգոհ կանանց մասին։ Այդ կանանց մեջ կային այնպիսիները, որ կարդացել էին  նիհարելու մասին ամենը, ինչ հնարավոր էր, բայց ոչ մի անգամ ոչինչ չէին նախաձեռնել։ Երբ նրանցից մեկին հարցրի՝ փորձել է արդյոք գոնե ինչ-որ բան անել, պատասխանեց. «Համարյա երկու օր հաջողվեց սննդակարգս պահել։ Բայց մի անգամ, երբ տուն եկա, սառնարանում տորթ հատնաբերվեց։ Այդ տորթը կերվեց»։ Հետաքրքրվեցի, թե ինչպես է տորթը հայտնվել սառնարանում, ասաց՝ «Հյուրեր էին սպասվում, հետո չեկան»։

HBR- Հնարավո՞ր է փոխել մարդու ինքնագիտակցությունն ու վարքը՝ նրան սովորեցնելով առաջին դեմքով խոսել։ Օրինակ՝ ձեր օրինակի կինը իր սննդային վարքը հսկողության տակ կառնի՞, եթե ասի՝ «Ես տորթը կերա»։

Նովիկովա-Գրունդ- Եթե հասնենք նրան,որ մարդն ասի «ես», նրա վարքը ինչ-որ չափով կփոխվի։ Նա ամենայն հավանականությամբ կկարողանա ծրագրել իր կյանքը և պահել հսկողության տակ։ Ուրիշ խնդիր է, որ մարդուն «ես»-ի սովորեցնելը շատ դժվար է։ Դա կարող է անել միայն նա, ում այդ մարդը անսահման վստահում է և որին հարգում է։

HBR- Կրավորական կառույցը գրասենյակային լեզվի առանձնահատկություններից մեկն է։ Որոշակի ոլորտներում, օրինակ՝ իրավաբանականում, դա նորմ է։ Բայց ինչո՞ւ են այդ լեզուն օգտագործում։

Նովիկովա-Գրունդ- Իրավաբանական գրասենյակում, իսկապես, դա արտադրական ավանդույթ է. իրավաբանական  փաստաթղթերն ամեն մարդ չի գրում և ամեն ոք չի, որ կարդում է։ Բայց եթե սովորական մարդը, թեկուզ պաշտոնական աշխարհից, շփվում է այդ լեզվով, ամենայն հավանականությամբ ուզում է այնպես անել, որ իրեն չլսեն ու չհասկանան։ Օրինակ՝ զգում է , որ դատարկ բաներ է ասում կամ ստում է։ Եթե խոսում է, ասենք, խորհրդակցության ժամանակ կամ բիզնես հանդիպման, հավանական է, որ նա չի ուզում տարբերվել և շրջապատին հաղորդում է. «Ես էլ ձեզ նման եմ»։ Դրա հետ էլ ակնարկում է. «Ինչ ասում եմ, լսելու համար չէ։ Երբ ասելիք ունենամ, պարզ, մարդկային լեզվով կասեմ»։ Նաև, անհասկանալի խոսքը մեկուսացվածության ու վախի նշան է։

HBR -Եթե գործնական խորհրդակցության ժամանակ ելույթ ունեցող մարդը անցնի նորմալ լեզվի, կկարողանա՞ ինչ-որ նպատակի հասնել, օրինակ՝ ուշարդություն գրավել։

Նովիկովա-Գրունդ- Մի միջավայրում, որտեղ խոսում են գրասենյակային լեզվով, հեշտ չէ անցնել մարդկային լեզվի։ Դա ավանդույթների խախտում կլինի։ Խանգարում են վախը, երկչոտությունը, լարվածությունը, թաքնվելու ցանկությունը, սեփական սոցիալական ցածր դերի զգացողությունը։ Մարդը ռիսկի է գնում. ով սովոր չէ նորմալ լեզվի, ամենայն հավանականությամբ կնյարդայնանա՝ «Ի՞նչ է իրենից դուրս տալիս»։ Մյուս կողմից, եթե խոսում է լուրջ ու կարևոր բաների մասին, կարող է զգալիորեն շահած դուրս գալ՝ ամբոխի մեջ առանձնանալով։ Սկզբում բոլորը կձգվեն, բայց վերջում կասեն՝ տպավորիչ էր, հետաքրքիր էր։

HBRԻ՞նչ նշաններից է հնարավոր երկխոսության կամ մենախոսության ընթացքում հասկանալ՝ հետաքրքիր է արդյոք մարդկանց մեզ լսելը։

Նովիկովա-Գրունդ- Դրա համար մի հրաշալի գործիք կա՝ մեր անձնական զգացումները։ Եթե մարդուն, որի հետ խոսում ես, հարցնենք, թե չի՞ ձանձրանում, պատասխանը կանխավ հայտնի կլինի. Եթե քեզ ձանձրալի չէ, նրան էլ ձանձրալի չէ։ Երբ շփվում ենք ինչ-որ մեկի հետ, մեր զգացողությունները մեկը մյուսի հետ հարմարվում են։ Եթե շփվում եմ մի մարդու հետ ու հանկարծ սկսում եմ մտածել իմ գործերի մասին, հասկանում եմ՝ կամ զրուցակիցս է սխալ բաներ ասում, օրինակ՝ ոչ թե՝ ինչ ուզում է, այլ՝ ինչ պետք է, կամ ես։ Դա քեզ թափ տալու առիթ է։ Այն, ինչ մենք մեր մեջ ենք լսում, նույնն է, ինչ միաժամանակ մեր զրուցակցի հետ է լինում։ Եթե ես ագրեսիա եմ զգում, եթե նա ինձ նյարդայնացնում է, հնարավոր է՝ ես էլ իրեն եմ նյարդայնացնում։

HBR – Ինչ է նշանակում այն, որ բանակցությունների ժամանակ կողմերից մեկը ձանձրանում է։

Նովիկովա-Գրունդ- Այն, որ երկրորդ կողմը, ամենայն հավանականությամբ,  խոսում է ոչ մի բանից, գլուխ է տանում կամ արդեն ընդունել է որոշումը, հիմա ուղղակի ձայներ է հանում, որ հետո հարգալից հեռանա։

Ձանձրույթը մեր ներքին վահանակի վրա կարմիր կոճակ է։  Դեպի դա ընդամենը երկու մետաղալար է գնում։ Առաջինը մշուշապատությունն է։ Կամ մենք չենք հասկանում զրուցակցին, կամ նա մեզ չի հասկանում։ Հնարավոր է՝ մարդուն չհասկանանք նաև այն պատճառով, որ նա խոսում է ուրիշ լեզվով կամ ներկայացնումն է այլ մշակույթ։ Օրինակ՝ եթե մեզ խանութի վաճառողը նեղացնում է, մենք նրա լեզուն չենք հասկանում։ Նա իրեն պահում է ըստ իր միկրոմշակույթի։ Անծանոթ մարդու մոտ հարկավոր է «հպարտություն» ցույց տալ։ Պոսադական իմ սիրած առածն ասում է (Պոսադը մի բնակավայր է, ուր դեռ բոլորը իրար դեմքով ճանաչում են, բայց արդեն իրար չեն բարևում)՝ «Աղջիկն ինչքան խիստ ու կոպիտ է, այնքան շատ են նրա լավագույն հատկանիշները։ Վաճառողուհին հասկանում է՝ եթե ժպտա ու բարևի, կկորցնի արժանապատվությունը, և առաջինը դուք չեք հարգի նրան։ Ձեզ էլ ինքը չի հարգի, եթե մտնեք ու ողջունեք, ասեք՝ «Բարև ձեզ», նա կհասկանա, որ դուք զիջել եք։

Երկրորդ լարը լայն իմաստով սուտն է, խուսափումը. Կամ մեզ են խաբում, կամ մենք ենք խաբում։ Հնարավոր է՝ թեմայից շեղվել ենք։ Զրուցակիցը մի բան է ուզում լսել, մենք ուրիշ բան ենք պատմում։ Հարկավոր է հետևել այդ կոճակին։ Թեպետ բարեկրթությունը մեզ ասում է՝ շատ էլ որ ձանձրալի է. քեզ հավաքիր ու լսիր, իրականում միշտ էլ արժե պարզել՝ ինչու ես ձանձրանում։

HBR- Տարբերվո՞ւմ են բանավոր և գրավոր տեքստերի վերլուծությամբ ստացվող տեղեկությունները։

Նովիկովա-Գրունդ-Բանավոր խոսքից հնարավոր է դատել մարդու՝ այդ պահին ունեցած տրամադրության ու զգացմունքների մասին։ Դա արտացոլում է «հիմա»-ի անորսալի տարածությունը, որը մարդ գրեթե չի զգում։

Գրավոր խոսքը պակաս իրադրային է։ Դա բացահայտում էմարդու բնույթը և խորքային համոզմունքները։ Եթե հարկ կա հասկանալու մարդու մասին ինչ-որ բան, կարելի է նրան խնդրել մի բան գրել։ Հոգեբանները դրանից օգտվում են։ Եթե այցելուի հետ հաստատել են  փոխվստահելի հարաբերություններ, հաճախ չեն կարողանում հասկանալ՝ այցելուն սեփական բառերն է ասում, թե՞ իրենց։ Ախտորոշման համար հարկավոր է տեսնել գրավոր տեքստ։ Այնտեղ թերապևտի ասած ու այցելուի անմիջապես բռնած միտքը չի լինի։

HBR-Ինձ ծանոթ որոշ մարդիկ պնդում են, որ ձեռագրից կարող են որոշել մարդու սեռն ու տարիքը։ Իսկապե՞ս  դա հնարավոր է։

Նովիկովա-Գրունդ- Տարիքը՝ այո, սեռը՝ ոչ։ Այդպիսի տեխնիկա գոյոթյուն չունի։ Շատերն են հայտարարում, որ որոշում են սեռը բառերի ընտրությունից դատելով։ Բայց դա անհնար է։ Բառապաշարը ոչինչ չի որոշում։ Իսկ տարիքը որոշվում է մշակութային մանրամասներով ու փոխաբերություններով։

HBR- Ուրիշ ի՞նչը կարելի է որոշել գրավոր տեքստից։

Նովիկովա-Գրունդ- Սյուժեի կառուցվածքում արտացոլվում են վարքային որոշ ռազմավարություններ։ Մարդիկ, որ ինչ-որ բան պարզում են տեքստից, գիտակցաբար թե ենթագիտակցաբար վերլուծում են թերասությունները՝ այն, ինչ հիշատակվում է, բայց մանրամասն չի նկարագրվում։ Կիսատ թողածներն ամենանշանակալիցն են։ Միշտ չէ, որ հնարավոր է վերակառուցել թերասությունը, բայց միշտ էլ հնարավոր է հասկանալ՝ այստեղ ինչ-որ վատ բան է թաքցրած։ Հաճելի բաների մասին մենք մանրամասն պատմում ենք։ Տհաճ բանը նկարագրելով՝ օգտագործում ենք աբստրակտ բառեր, ինչը մեզ համար անտանելի է, դրա մասին լռում ենք։ Բայց սյուժեում «լռած» տեղերում անցքեր են մնում։

HBR-Բերեք, խնդրում եմ, մի թերասության օրինակ։

Նովիկովա-Գրունդ- Օրինակ՝ թիմում տեղ ակնկալող մարդը գրում է. աշխատել եմ այսինչ տեղը, այսինչ խնդիրն եմ լուծել, ինձ օգնել են Իվանովը, Պետրովը, Սիդորովը, հասել եմ հաջողության, տեղափոխվել եմ այնինչ տեղը և ինձ օգնել են այսինչները։ Կարծես թե անմեղ տեքստ է։ Բայց մարդը չի հայտնում՝ ինչ հաջողություն է ունեցել և ինչու է հետո գնացել ուրիշ ընկերություն։ Այս հատվածում թերասություն կա։ Իրական հաջողությունը մենք նկարագրում ենք մանրամասն նույնիսկ կենսագրականում։ Դրանից բացի, այս տեքստից հնարավոր է հասկանալ, որ բոլորը նրան պիտի օգնեն։

HBR- Հիմա մարդիկ սկսել են շատ գրել ու իրար հետ գրավոր շփվել։ Բայց դրա հետ էլ սկսել են անհամեմատ ավելի շատ սխալներ թույլ տալ, քան առաջ։ Սա ի՞նչ ազդեցություն ունի ընդհանրապես խոսքի ընդհանուր մշակույթի վրա։

Նովիկովա-Գրունդ- Սխալները շատ են ոչ թե որովհետև մարդիկ դարձել են անգրագետ. նրանք միշտ էլ, սկսած Հին Հռոմից, անգրագետ են եղել։ Ուղղակի նրանք, որ առաջ ոչինչ չէին գրում, հանկարծ սկսել են երկար ուղերձներ գրել։ Եվ դա, իմ կարծիքով, գրավոր մշակույթի վերածնունդ է։

Գրավոր ավանդույթը արխայիկ է. այն շատ ավելի դանդաղ է փոփոխվում, քան բանավորը։ Հետազոտությունները ցույց են տալիս՝ լեզուներում, որտեղ գրավոր նորմ կա, հնչյունական և այլ բանավոր փոփոխություններ զգալիորեն դանդաղ են լինում։ Այսինքն՝ գրավորը մասամբ պահպանում է լեզվաբանական գեղեցիկ անցյալը։

HBR-Բայց գրավոր խոսքի մշակույթը, ինձ թվում է, փոփոխվում է օրավուր։

Նովիկովա-Գրունդ-Միշտ էլ փոփոխվել է։ Պարզապես առաջ գեղարվեստական տեքստի գրվելու և դրա հրատարակվելու միջև շատ ժամանակ էր անցնում, և այդ փոփոխություններն այդպես ակնառու չէին։ Իսկ երբ ամեն ինչ աչքի առաջ է տեղի ունենում, տեսանելի է։ Հիմա, բացի սխալների քանակի աճից, ամենից շատ նկատելի է անցումը հեռագրային ոճին։ Այդ ոճն ինձ դուր է գալիս. Շատ աշխույժ է։ Մեծ գործ գրելու փոխարեն հիմա մի քանի թեզ են գրում՝ հղումներով։ Սա ավելի մեծ ոլորտ է ընդգրկում՝ գիտական, գրական, միջմարդկային հարաբերությունների։ Իսկ խճաքարե դրվագներից ընդհանուր պատկերը կառուցելու կարողությունը պահանջում է զարգացած ինտելեկտ։ Ես համարում եմ, որ դա մեծ զարգացում է։

HBR- Հատուկ ծառայությունները դիմո՞ւմ են տեքստի վերլուծության մեթոդիկային տիրապետողներին։

Նովիկովա-Գրունդ-Ինձ երբեմն դիմում են հանցագործ, արյունոտ գործերով, որ կարողանամ ըստ տեքստի վերականգնեմ իրադրությունը։ Օրինակ՝ հինգ հոգու տեքստից, որոնք ստում են ու ամեն ինչ բարդում միմյանց վրա, հնարավոր է պարզել՝ ով որտեղ է կանգնած եղել ու նման բաներ։ Նրանց մատնում են կապերը, նախդիրները, հոլովները, նախածանցները՝ այն, ինչը մենք չենք գիտակցում։ Ցանկացած տեքստ թաթախված է տարածական հարաբերություններում, որ կրկնօրինակված են բազմաթիվ անգամ։ Այնտեղ, ուր տեքստում չի վերականգնվում տարածությունը, ինչ-որ բան այն չէ. մարդը կա՛մ ստում է, կա՛մ այդ ժամանակ նա այնտեղ չի եղել, կա՛մ եղել է գիտակցությունը կորցրած , թմրանյութի ազդեցության տակ։

[1] Հարվարդի բիզնես պարբերական է, որ ունի իր ռուսերեն տարբերակը։

Աղբյուրը

 

Պիտակներ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: