RSS

Աճառյանի չարչարանքները, Իսահակյանի հուշերն ու փրկված ձեռագրերը

13 Օգս

es-ashxatum-em-2-38-Recoveredլլ (1)«Մեղադրյալ Հրաչյա Հակոբի Աճառյանը ձերբակալվել է 1937 թվականի սեպտեմբերի 29-ին անվտանության ծառայության մարմինների կողմից՝հիմք ընդունելով անգլիական հետախուզությանը նրա անդամակցության մասին եղած տվյալները,-կարդում ենք համար 310 դատաքննչական գործի մեղադրական եզրակացության մեջ, թվագրված 1938 թիվ նոյեմբերի 20ով: — Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը 1918 թվականին, անգլիացիների կողմից Ադրբեջանի բռնազավթման շրջանում, Բաքվում հավաքագրվել է անգլիացիների հետախուզությանը և աշխատել նրանց օգտին…
Ձերբակալությունից մեկ ու կես տարի հետո, 1939 թվականի մայիսի 7-ին զինվորական տրիբունալի արտագնա փակ նիստը, Երևանում քննեց անվանի գիտնականի մեղադրական գործը: Օգտվենք նիստի՝ Հայաստանի ազգային արխիվում պահպանված արձանագրությունից.
— Դուք ծանոթ եք՞ Ձեր գործի մեղադրական եզրակացությանը: Ընդունում ե՞ք Ձեր մեղքը, Ձեզ ճանաչու՞մ եք մեղավոր:
— Ոչ, իմ հանցանքը չեմ ընդունում և ցանկանում եմ հավաստի ցուցմունքներ տալ դատարանին:
Նիստի նախագահողը որոշում է հնարավորություն տալ մեղադրյալին պարզաբանումներ տալ: Շարունակենք հատվածաբար ներկայացնել արձանագրությունը…
— Մեզ հայտնի է, որ Դուք եղել եք Պետհամալսարանում գործող դաշնակցական կազմակերպության անդամ: Պատմեք այդ մասին:
— Նման կազմակերպության գոյության մասին ես ոչինչ չեմ իմացել: Եթե անգամ լիներ նման կազմակերպություն, ես որևէ առնչություն նրա հետ չէի ունենա, որովհետև ինքս երբեք դաշնակցական չեմ եղել, զբաղվել եմ միայն գիտությամբ, քաղաքականությունից հեռու մարդ եմ:
— Դուք դեմ եք եղել հայ նոր ուղղագրությանը, ինչու՞:
— Այո, ես չեմ հրաժարվում, որ դեմ եմ եղել, մինչև հիմա էլ դեմ եմ, որովհետև այն դժվարացնում է քերականության դասավանդումը:
— Դուք հրաժարվում եք նախաքննության ընթացքում Ձեր տված ցուցմունքներից, ինչո՞վ եք պատճառաբանում:
— Այդ ցուցմունքները ինձնից կորզել են անօրինական եղանակով: Քննիչ Կիրակոզովը ինձ ստորաբար մոլորության մեջ է գցել, խաբել և բռնությունների սպառնալիքի տակ ինձ պարտադրել մեղայական դիմում գրել ներքգործժողկոմի անունով: Նա ինձ ասաց. «Եթե դու դիմում գրես, որտեղ նշես, որ Բաքվի հակահեղափոխական կառավարության հետախուզական մարմինների գործակալ ես եղել, ես քեզ խոստանում եմ հինգ օրվա ընթացքում ազատել, եթե ոչ՝ ապա քեզ մարմնական դաժան պատիժների կենթարկեմ»: Վախենալով ֆիզիկական բռնություններից և նկատի ունենալով իմ պատկառելի տարիքը, ես ինքս ինձ զրպարտեցի: Կիրակոզովը պարզապես ինձ թելադրեց, ես գրեցի»:
Այստեղ մի պահ թողնեն դատական նիստի դահլիճը և ներկայացնենք նախընթաց իրադարձությունները: Աճառյանին հարցաքննել են երեք անգամ՝ ենթարկելով ծեծի ու հայհոյանքների: Եվ տարեց, հյուծված, ահաբեկված ու անօգնական գիտնականը ստոր ու դաժան քննիչի հարկադրումով ու թելադրանքով իր ձեռքով դիմում է գրում ՆԳ ժողկոմին՝ «խոստովանելով իր հանցանքը»: Թե ինչպես է Կիրակոզովը Աճառյանից կորզել այդ «խոստովանանքը», վկայել են իր խցակից ընկերները՝ Հայկ Գյուլիքեվխյանը, Զաքար Բաշինջաղյանը, Աշխարհաբեկ Քալանթարյանը, նկարիչ Տաճատ Խաչվանքյանը և ուրիշներ: Հիշատակենք միայն Թավրիզի իր աշակերտներից մեկի՝ Վաչե Օհանյանի հուշերից մի հատված:Թավրիզից Հայաստան եկած և պետական համալսարանն ավարտած Օհանյանն իբրև բանդիտ,լրտես ու ժողովրդի թշնամի, դատապարտվել էր 17 տարվա բանտարկության:Նա պատմում է Աճառյանի հարցաքննության մի հետաքրքիր դրվագի մասին:
Քննիչի այն մեղադրանքին, թե Աճառյանը իբր գերմանական, ֆրանսիական,անգլիական, ճապոնական ու տաճկական լրտես է, Աճառյանը պատասխանել է՝ «Եթե կան հիմար մարդիկ, որոնք կհավատան, թե գիտնականը, հայ լեզվաբանը կարող է լրտես լինել, և եթե այդպիսի սուտը շատ անհրաժեշտ է ձեր կարիերայի համար, գրեք, ես կստորագրեմ «միևնույն է, թե որ՞ պետության լրտեսը, բայց որ ես՝ հայ գիտնական Աճառյանս, տաճկական լրտես եմ՝ դա զառանցանք է, չտեսնված վրդովեցուցիչ վիրավորանք, և եթե ինձ կտոր կտոր անեն, ես այդպիսի զրպարտանք հանդուրժել չեմ կարող և հավատացած եմ, որ իր արժանապատվությունը չկորցրած ամեն մի հայ մարդ նույնը կասի ձեզ,,:

Ու երբ կատաղած Կիրակոզովը ուժեղ ապտակել է Աճառյանին, վերջինս արհամարհանքով ասել է՝ «Ի՜նչ մեծ հերոսություն է քեզ նման ուժեղ երիտասարդի համար ձեռք բարձրացնել ինձ նման հիվանդ մի ծերուկի վրա․․․:

Քննիչն ավելի է կատաղել ու հայհոյել է Աճառյանի մահացած կնոջը, որի անունը կարդացել է նրա տետրերում:

Աճառյանը վշտացած ասել է.
-Նա մեռած է, ի՞նչ հաճույք նրա ոսկորները հայհոյելուց, գոնե երկրորդ կնոջս հայհոյեիք…

Ասում են․․․

․․․որ բանտից դուրս գալուց հետո Աճառյանը ներողություն է խնդրել տիկին Սոֆիկից իր ասածի համար:
Մեկ այլ հարցաքննության ժամանակ նույն քննիչը ծխախոտ է հանգցրել Աճառյանի ճակատին և այնքան ծեծել, որ ուժասպառ ու հուսահատված ծերունազարդ գիտնականը, երկու անգամ ընկնելով աստիճանների վրա, հազիվ է հասել իր խցի դռանը: Իսկ երբ քիչ հետո Աճառյանը տեսնում է բանտախուց շպրտված, ատամները փշրված Տաճատ Խաչվանքյանին, որոշում է լսել Գյուլիքեվխյանի խորհուրդը՝ ինչ թուղթ էլ ներկայացնեն, ստորագրիր, միևնույն է, նրանք ինչ ուզեն, այն էլ կանեն, մեղք ես: Դրանից հետո է Աճառյանը զրպարտում ինքն իրեն:

1939 թվականի մայիսի 7:

Ժամը 19.41-ին դատարանը հեռանում է խորհրդակցության, ժամը 21-ին նիստը նախագահող Նովիկովը հրապարակում է դատավճիռը՝ «ՀԽՍՀ օրենսգրքի 59-րդ հոդվածի հիման վրա Հրաչյա Հակոբի Աճառյանին ազատազրկել 6 տարով և ձայնազրկել 3 տարով՝ բռնագրավելով նրան պատկանող գույքը: Ազատազրկման ժամկետի սկիզբը նախնական բանտարկության հետ միասին համարել 1937 թվականի սեպտեմբերի 29-ը:

-Ա՞յս էր ձեր արդարությունը,- բղավել է Աճառյանը, ընկել աթոռին ու հեկեկացել:

Պատահականությունները երբեմն ճակատագրական են լինում: Հայկ Գյուլիքեվխյանի աղջիկը Մոսկվա էր հասցրել հոր արդարացման խնդրագիրը և այն հանձնել գլխավոր զինվորական դատախազի օգնականին, որը, պարզվում է, հայ էր, ավելին՝ շուշեցի և լավ էր ճանաչում Աճառյանին: Այդ ազնիվ իրավաբանի՝ Գյոլեցյանի խորհրդով էլ Աճառյանի տիկինը՝ Սոֆիկը, նման խնդրագիր է ուղարկում Մոսկվա: Աճառյանի գործն ուղարկվում է վերաքննության, վերաքննող հանձնաժողովի անդամներից մեկն էլ ինքը Գյոլեցյանն էր:

1939 թվականի սեպտեմբերի 29-ին Գերագույն դատարանի զինվորական կոլեգիան վճիռ է կայացնում նորից լսել գործը:

Բարեբախտաբար քննիչ Կիրակոզովը ձերբակալվել էր որպես արդարադատության ապօրինի եղանակներով աշխատած ժողովրդի թշնամի և նրա զոհերի նկատմամբ հասկանալի բարյացակամություն կար: Այս անգամ գործը քննում էր ավելի արդարամիտ իրավաբան Օլենինը, գործին աջակցում էնաև ՀՀ Ներքին գործերի ժողկոմի տեղակալ, անվտանգության կապիտան, քննչության բաժնի պետ, հետագայում Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը: Նա անկեղծ հարգանք ունենալով հանիրավի մեղադրված գիտնականի ծանրակշիռ վաստակի հանդեպ, ուրախանում է, որ հենց իրեն հանձնարարեցին վերաքննել ու վերանայել գործը: Ընդունելով խափանման միջոցը փոխելու վճիռը՝ Սուրեն Թովմասյանը նախապես մեքենա է ուղարկում Աշտարակ, այնտեղ գտնվող Սոֆիկին բերելու, և աշխատասենյակ է կանչում Աճառյանին:
Մեջբերենք Սուրեն Թովմասյանի հուշերից մի քանի տող. «Ահա և Աճառյանը: Կարճահասակ, նիհար, կորամեջք, անփույթ հագնված, ցանցառ մազերով մի վտիտ ծերուկ: Կեղտոտ էին ոչ միայն մոխրագույն շորերը, այլև ակնոցը, որի հետևում նշմարվում էր փոքրիկ, շիլ աչքը…
— Բանտը անմեղ մարդկանց տեղը չէ, անվանի գիտնական եք, գնացեք տուն, ես ձեզ հավատում եմ,- ասացի նրան: Եվ, սեղմելով ձեռքը, քաջառողջություն ու հաջողություն մաղթելով,կնոջ հետ տուն ուղարկեցի…»:

Երկու տարի երեք ամիս կալանքի տակ գտնվելուց հետո հայ խոշորագույն լեզվաբանը բանտից ազատվում է, և նրա առաջին հարցն էր՝ ու՞ր են ձեռագրերս:
Աճառյանին ձերբակալելու օրը փակում ու կնքում են սենյակի դուռը, միայն սենյակն են թողնում Սոֆիկի և տան ծառայող Պոլինայի համար: Սենյակում էին մնացել Աճառյանի ձեռագրերը, որոնք ենթակա էին բռնագրավման: Ամբողջ գիշերը Սոֆիկն ու Պոլինան մտածում են, թե ինչպես փրկեն իրենց հարազատի տասնյակ տարիներով կատարած աշխատանքը:

Բարեբախտաբար սենյակից խոհանոց բացվող մի պատուհան կար: Սոֆիկը գիշերով մի կերպ ներս է սողոսկում այդ լուսամուտի օդանցքից և կարողանում է դուրս հանել ձեռագրերի մի մասը: Քեռու միջոցով Սոֆիկը դրանք տեղափոխում է Նոր Բութանիա և երկաթե արկղի մեջ դնելով՝ թաղում պարտեզի առվից հեռու, մի ծառի տակ: Ձեռագրերի ու գրքերի մի մասն էլ, որ Սոֆիկը չէր կարողացել դուրս բերել, մնացել էր սենյակում, իսկ այդ սենյակը հատկացվել էլ հողժողկոմ Մարջանյանին: Բարեբախտաբար նրա կինը՝ տիկին Կլավան, որ Աճառյանին ճանաչող և գիտությունը գնահատող կին էր, ձեռագրերը կապոց էր արել ու դրել սենյակի մի աննկատելի անկունում, որտեղից էլ բանտից ազատվելուց հետո, այն վերցնում է Աճառյանը:

1957 թվականի մայիսի 12-ին Աճառյանի հուշարձանի բացման առթիվ կազմակերպված ճաշկերույթին հետաքրքիր հուշեր է պատմել Ավետիք Իսահակյանը:

— Հուզիչ էր իմ հանդիպումը Աճառյանի հետ բանտից նրա դուրս գալու հաջորդ օրը: Այն ժամանակ նրանք ապրում էին տիկին Սոֆիկի քրոջ տանը: Գնացի: Երկու տարի բաժանումից հետո տեսնելու էի առաջին անգամ: Դուռը բացեց մի անծանոթ կին: Ներս հրավիրեց սիրալիր ժպիտով: Հարցրի Աճառյանին: Անծանոթ կինն ասաց,որ քնած է: «Երկու տարի անհանգիստ կյանքից հետո առաջին հանգիստ պահը».-մտածեցի ես և չուզեցի արթնացնել: Բայց երկար չկարողացա համբերել: Մոտեցա, ձեռքով շոշափեցի նրա պայծառ ճակատը: Պառկած էր թախտի վրա, գլխի մի մասը՝ վերմակի տակ:
Աչքերը տրորեց: Չճանաչեց:
_ Հրաչյա,ես եմ՝ Ավետիքը,- ասացի։ Ձայնիցս ճանաչեց… Փաթաթվեցինք… Լռություններ կան, որ անհուն են տիեզերքի նման… Հետո երեխայի նման  լաց եղավ: Հուզվեցի նաև ես: Հրաչյային գտա բավականաչափ փոխված, հյուծված, գունատ, նրա դեմքին չէի տեսնում իրեն հատուկ տոկունությունն ու աշխուժությունը: Տերևաթափ ծառի տպավորություն թողեց վրաս:
-Ինչպե՞ս ես, Հրաչյա:
-Դեռ հայտնի չէ,ամեն ինչ հայտնի կլինի կես ժամից, երբ Սոֆիկը գա:
-Իսկ ու՞ր է գնացել Սոֆիկը:
— Ձեռագրերս բերելու: Տեսնես՝ ի՞նչ է մնացել, ինչը կորել, կամ փչացել… Իսկ եթե չբերի՞, եթե կորած լինեն… ես էլ եմ կորած: Անիմաստ է ապրելը առանց ձեռագրերիս:
Շատ չանցած գալիս է տիկին Սոֆիկը՝բեռնակրի հետ:
-Բերեցի, Հրաչյա, բոլորն էլ բերեցի, անվնաս են մնացել,- ուրախ ասաց Սոֆիկը:
Աճառյանը փուլ եկավ հատակին՝ ուղղակի ձեռագրերի վրա: Դա մի անհասկանալի, անըմբռնելի, միաժամանակ շատ հուզիչ տեսարան էր: Գիտեինք, որ աչքերն այնքան տկար էին, որ դժվարանում էր այլևս կարդալ, շատ դժվարությամբ, խոշորոցույց -ակնոցը մոտեցնելով մի հատիկ աչքին, մի կերպ ընթերցում էր անհարաժեշտ գրքերը, բայց այս անգամ այդ միջոցին էլ չդիմեց,սկսեց կարդալ՝ ձեռքերով, մատների հպումներով:Մեկ առ մեկ շոշափում էր ձեռագրերը,ասում էր՝ «Վանա բարբառն է», սա՝ «Հայոց լեզվի պատմությունը» .սա «Լիակատար քերականությունը»: Վերցնում էր, համբուրում, նախ աչքերին տանում, ապա կրծքին սեղմում՝ մի երջանիկ ժպիտ խաղացնելով դեմքին:
-Հրաչյա,- ասացի,- Փառք տուր Աստծուն, որ ձեռագրերդ բոլորն էլ փրկվել են: Իսկ գիտե՞ս, թե դրա համար ամենից շատ ու՞մ ես պարտական:
-Անշուշտ,Սոֆիկին, -ասաց;
-Նրա հետ նաև մի ուրիշին: Այն մեկին, որը զոհաբերեց իրեն՝ ձեռագրերդ փրկելու համար, այսինքն այն ծառին, որին երկու տարի զրկեցին ջրից, պապակ թողեցին, որպեսզի խոնավությունը չփչացնի ձեռագրերդ: Տիկին Սոֆիկը ինձ պատմել է, որ այդ ծառը հիմա չորացել է…
-Սրբազան ծառ,-  ասաց Աճառյանը,- օրհնյալ լինի տնկողի հոգին…»:

Եվս 14 տարվա բեղուն կյանք էր սպասում Հրաչյա Աճառյանին բանտից դուրս գալուց հետո:

Նա ապրեց յոթանասունյոթ տարի, ապրեց զարմանալով և զարմացնելով, մանկան պես պարզ ու անխարդախ, իմաստունի պես լրջմիտ ու պարտաճանաչ: Պաշտամունքի աստիճան նվիրվելով հայոց լեզվին, նրա տքնաջան մշակը լինելով, Աճառյանը մինչև վերջ էլ չկարողացավ հաշտվել աբեղյանական նոր ուղղագրության հետ: Բանասիրության դոկտոր Խաչիկ Բատիկյանից վկայակոչենք մի խոսուն դրվագ.
«1944 թիվն էր: Աբեղյանը ծանր հիվանդ էր: Աճառյանը գնում է տեսնելու:
-Մանուկ, ի՞նչ է պատահել, ինչու՞ ես տնքում:
-Գնում եմ, Հրաչիկ, գնում եմ:
-Ուր՞ ես գնում, Մանուկ,- հարցնում է Աճառյանը:
-Գնում եմ էն աշխարհը:
-Էհ, լավ, էս աշխարհի մեղքերիցդ ու քննադատներիցդ կազատվես, բա էն աշխարհում Մաշտոցը օձիքդ կբռնի, ո՞նց ես ազատվելու, ի՞նչ պատասխան պիտի տաս նրան…»:

Աղբյուրը

 
 

Պիտակներ՝ ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: