RSS

Խորխե Լուիս Բորխես. Պարացելսի վարդը

27 Օգս

Իր արհեստանոցում, որը նկուղային երկու սենյակ էր ներառում, Պարացելսը խնդրեց իր Աստծուն, իր անորոշ Աստծուն, ցանկացած Աստծո, որ իրեն աշակերտ ուղարկի: Մութն ընկնում էր: Բուխարու թույլ կրակն անկանոն ստվերներ էր նետում: Երկաթե ճրագը վառելու համար վեր կենալը շատ ջանք կպահանջեր: Խոնջանքից ընդարմացած Պարացելսը մոռացավ իր աղոթքը: Գիշերն արդեն ջնջել էր փոշոտ թորման կաթսաններն ու խողովակը, երբ դուռը ծեծեցին: Նա քնկոտ վեր կացավ, բարձրացավ կարճ պտուտակաձև սանդուղքն ու բացեց փեղկերից մեկը: Մի անծանոթ մտավ: Նա նույնպես շատ հոգնած էր: Պարացելսը նրան առաջարկեց նստել. հյուրը նստեց ու սպասեց: Որոշ ժամանակ ոչ մի բառ չփոխանակեցին:

Ուսուցիչն առաջինը խոսեց:

— Արևմտյան ու արևելյան շատ դեմքեր եմ հիշում, — ասաց որոշակի ճոռոմությամբ: — Քոնը չեմ հիշում: Ո՞վ ես և ինձնից ի ՞նչ ես ուզում:

— Իմ անունը ոչ մի նշանակություն չունի,- պատասխանեց մյուսը: — Երեք օր ու երեք գիշեր քայլել եմ` քո տուն մտնելու համար: Ուզում եմ լինել քո աշակերտը: Քեզ եմ բերել այն ամենը, ինչ ունեմ:

Մի պարկ հանեց և շուռ տվեց սեղանի վրա: Այնտեղ բազմաթիվ ոսկե դրամներ կային: Պարկը նրա աջ ձեռքում էր: Պարացելսը, ճրագը վառելու համար, մեջքը նրան էր դարձրել: Երբ շրջվեց, կռահեց, որ ձախ ձեռքում վարդ կա: Վարդն անհանգստացրեց նրան:

Թիկնեց, հանգուցեց մատների ծայրերն ու ասաց,

— Քո կարծիքով ես կարող եմ մշակել այն քարը, որը բոլոր տարրերը ոսկու է վերածում, և ինձ ոսկի ես բերել: Իմ փնտրածը ոսկին չէ, և եթե ոսկին քեզ համար կարևոր է, երբեք իմ աշակերտը չես դառնա:

— Ոսկին ինձ համար կարևոր չէ,_ պատասխանեց մյուսը: _ Այս դրամներն ընդամենը աշխատելու իմ ցանկության մի մասն են: Ուզում եմ, որ սովորեցնես ինձ Արվեստը: Ուզում եմ քո կողքին անցնել ամբողջ ճանապարհը, որը տանում է դեպի Քարը:

Պարացելսը դանդաղ ասաց.

— Ճանապարհը Քարն է: Ելակետը Քարն է: Եթե այս խոսքերը չես հասկանում, ուրեմն դեռ չես սկսել հասկանալ: Քո կատարած յուրաքանչյուր քայլը նպատակակետն է:

Մյուսը տագնապով նայեց: Փոխված ձայնով ասաց.

— Բայց նպատակակետ կա ՞:

Պարացելսը ծիծաղեց:

— Իմ բանսարկուները, որոնք որքան շատ են, այնքան էլ հիմար, ասում են, որ չկա, և ինձ սուտասան են անվանում: Նրանք իրավացի չեն, բայց բացառված չէ, որ ես մոլորյալ լինեմ: Գիտեմ, որ «կա» մի Ճանապարհ:

Լռություն տիրեց, և մյուսն ասաց.

— Պատրաստ եմ անցնելու այն քեզ հետ, նույնիսկ եթե ստիպված լինենք երկար տարիներ քայլել: Թո°ւյլ տուր ինձ կտրել անապատը: Թու°յլ տուր ինձ գեթ հեռվից նշմարել խոստացված երկիրը, նույնիսկ եթե աստղերն ինձ թույլ չտան այնտեղ քայլ գցել: Ճանապարհ ընկնելուց առաջ ապացույց եմ ուզում:

— Ե ՞րբ,- անհանգիստ ասաց Պարացելսը:

— Հենց հիմա,- կտրուկ վճռականությամբ ասաց աշակերտը:

Սկզբում լատիներեն էին խոսում, այժմ` գերմաներեն:

Տղան օդում բարձրացրեց վարդը:

— Ասում են,- ասաց,_ որ դու կարող ես այրել վարդն ու քո արվեստի միջոցով մոխրից վերականգնել այն: Թու°յլ տուր, որ ականատես լինեմ այդ հրաշքին: Դա է իմ խնդրանքը, իսկ հետո կտամ քեզ ամբողջ կյանքս:

— Շատ դյուրահավատ ես,- ասաց ուսուցիչը: — Ես դյուրահավատության կարիք չունեմ. ես հավատ եմ պահանջում:

Մյուսը պնդեց.

— Հենց այն պատճառով, որ դյուրահավատ չեմ, ուզում եմ սեփական աչքերով տեսնել վարդի վախճանն ու հարությունը:

Պարացելսը վերցրել էր այն և խոսելիս խաղում էր վարդի հետ:

— Դու դյուրահավատ ես,- ասաց: — Ասում ես, որ ես կարող եմ ոչնչացնե ՞լ այն:

— Ոչ ոք անկարող չէ այն ոչնչացնել:

— Սխալվում ես: Գուցե պատահաբար կարծում ես, որ ինչոր բանը կարելի է վերադարձնել ոչնչի ՞: Մի ՞թե կարծում ես, որ Դրախտում առաջին Ադամը կարող էր թեկուզ մեկ ծաղիկ կամ խոտի շյուղ ոչնչացնել:

— Մենք Դրախտում չենք,- համառորեն ասաց տղան.- այստեղ` լուսնի ներքո, ամեն ինչ մահկանացու է:

Պարացելսը ոտքի էր կանգնել:

— Ուրիշ որտե ՞ղ ենք: Մի ՞թե կարծում ես, որ աստվածությունը կարող է մի վայր ստեղծել, որը Դրախտ չլինի: Մի ՞թե կարծում ես, որ Անկումն այլ բան է, քան անտեղյակությունը, որ Դրախտում ենք:

— Վարդը կարող է այրվել,- մարտահրավերի պես ասաց աշակերտը:

— Բուխարում դեռ կրակ է մնում,- ասաց Պարացելսը:- Եթե այս վարդն ածուխների մեջ նետեիր, կկարծեիր, որ այն քայքայվել է, և որ մոխիրն իսկական է: Ասում եմ քեզ, որ վարդը հավերժական է, և որ միայն դրա տեսքը կարող է փոխվել: Ինձ մի բառը բավական կլիներ, որպեսզի նորից տեսնեիր այն:

— Մի բա ՞ռը,- զարմանքով ասաց աշակերտը: — Թորման կաթսան հանգցրած է, իսկ խողովակները փոշով են լցված: Ի ՞նչ կանեիր, որ այն նորից հայտնվեր:

Պարացելսը տխրությամբ նայեց նրան:

— Թորման կաթսան հանգցրած է,- կրկնեց,- իսկ խողովակները փոշով են լցված: Իմ երկար ուղու այս հատվածում այլ գործիքներ եմ օգտագործում:

— Չեմ հանդգնում հարցնել` որոնք,- ասաց մյուսը խորամանկությամբ կամ հեզությամբ:

— Խոսում եմ նրանց մասին, որոնք օգտագործել է աստվածությունը, որպեսզի ստեղծի երկինքները, երկիրն ու անտեսանելի Դրախտը, որտեղ գտնվում ենք, և որը մեզնից թաքցնում է նախածին մեղքը: Խոսում եմ Բառի մասին, որը մեզ սովորեցնում է Կաբալայի գիտությունը:

Աշակերտը սառնորեն ասաց.

— Խնդրում եմ քեզ, որ շնորհ անես ցույց տալու վարդի անհետացումն ու հայտնությունը: Ինձ համար կարևոր չէ` կաթսաները կօգտագործես, թե Բանը:

Պարացելսը մտորեց: Ի վերջո, ասաց.

— Եթե ես դա անեի, կասեիր, որ դա քո աչքերի մոգությամբ ներշնչված տեսիլք է: Հրաշքը քո փնտրած հավատը չէր տա: Այնպես որ թո°ղ վարդը:

Երիտասարդը, շարունակ տագնապելով, նայեց նրան: Ուսուցիչը բարձրացրեց ձայնը:

— Բացի դրանից` ո ՞վ ես դու, որ ուսուցչի տուն մտնես ու նրանից հրաշք պահանջես: Ի ՞նչ ես արել` նման շնորհի արժանանալու համար:

Մյուսը դողդոջուն պատասխանեց.

— Գիտեմ, որ ոչինչ չեմ արել: Հանուն այն բազում տարիների, որ կսովորեմ քո ստվերի ներքո, խնդրում եմ քեզ, որ թույլ տաս` տեսնեմ մոխիրն ու հետո` վարդը: Ուրիշ ոչինչ չեմ խնդրի: Կհավատամ աչքերիս վկայությանը:

Կտրուկ վերցրեց բոսոր վարդը, որ Պարացելսը թողել էր իր գրասեղանին, և նետեց բոցերի մեջ: Գույնը կորավ, և միայն մի փոքր մոխիր մնաց: Անվերջանալի մի վայրկյանի ընթացքում սպասեց բառերին ու հրաշքին:

Պարացելսը չէր այլայլվել: Հետաքրքրական պարզությամբ ասաց.

— Բազելի բոլոր բժիշկներն ու դեղագործները հաստատում են, որ ես խաբեբա եմ: Գուցե նրանք ճիշտ են ասում: Ահա մոխիրը, որը վարդ էր և այլևս չի լինի:

Տղան ամոթ զգաց: Պարացելսը ստախոս էր կամ մի սովորական երազող, իսկ ինքը` ինքնակոչը, եկել էր նրան դուռն ու հիմա ստիպում էր խոստովանել, որ նրա հռչակավոր մոգական արվեստը սին է:

Ծնկի իջավ և ասաց.

— Ես ինձ աններելի էի պահում: Ինձ պակասում էր հավատը, որ Տերը պահանջում է հավատացյալներից: Թո°ղ` առայժմ մոխիր տեսնեմ: Երբ ավելի ուժեղ լինեմ, կվերադառնամ և կլինեմ քո աշակերտը, Ճանապարհի վերջում կտեսնեմ վարդը:

Անկեղծ կրքով էր խոսում, բայց այդ կիրքը կարեկցանքն էր, որ ներշնչում էր նրան ծեր ուսուցիչը` այդքան պատկառելի, այդքան տառապած, այդքան ականավոր և ուստի այդքան սնամեջ: Ո ՞վ էր ինքը` Յոհաննես Գրիզեբախը, որպեսզի պիղծ ձեռքով մերկացներ, որ դիմակի ետևում ոչ ոք չկա:

Ոսկե դրամները նրան թողնելը ողորմություն կլիներ: Դուրս գալիս նա նորից վերցրեց դրանք: Պարացելսն ուղեկցեց նրան մինչև սանդուղքն ու ասաց, որ նա միշտ լավ ընդունելություն կգտնի այդ տանը: Երկուսն էլ գիտեին, որ այլևս չեն հանդիպելու:

Պարացելսը մնաց մենակ: Ճրագը հանգցնելուց և խոնջացած բազկաթոռին նստելուց առաջ կորացրած ափի մեջ շուռ տվեց մի բուռ թեթև մոխիրն ու ցածրաձայն մի բառ ասաց: Վարդը հայտնվեց:

Աղբյուրը

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 27 Օգոստոսի, 2020 in Uncategorized

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: