RSS

Tag Archives: հերոսություն

Սպիտակը՝ սևին

Ռուբեն Դավիդ Գոնսալես Գալյեգո

Ռուբեն Դավիդ Գոնսալես Գալյեգոն ռուս հայտնի գրող, լրագրող է։ Նա ռուս և իսպանացի ծնողների զավակ է։ Ի ծնե հաշմանդամ է եղել (կաթվածահար են ոտքերն ու ձեռքերը), թափառել է հաշմանդամ երեխաների համար նախատեսված մանկատներով։
Նրա ամենահայտնի ստեղծագործությունը «Սպիտակը սևի վրա» ինքնակենսագրական երկն է, որն արժանացել է գրական մրցանակի։ Այժմ Ռուբեն Գալյեգոն ապրում է ԱՄՆ-ում։ Ամուսնացած է մի քանի անգամ։ Զավակներ ունի։

Սիրով թարգմանում և ներկայացնում եմ նրա՝ վերոհիշյալ գործից հատվածներ։ Ահա՝ առաջին հատվածը։ (Հ.Ղ.)

Հերոսը

Ես հերոս եմ։ Հեշտ է հերոս լինելը։ Եթե դու ձեռք կամ ոտք չունես, կա՛մ հերոս ես, կա՛մ հանգուցյալ։ Եթե ծնողներ չունես, հույսդ ոտ ու ձեռքիդ վրա դիր։  Ու հերոս եղիր։ Եթե դու ոչ ձեռք ունես, ոչ ոտք, և դեռ հաջողացրել ես աշխարհ գալ որպես որբ՝ վերջ. մինչև կյանքիդ վերջը  դու դատապարտված ես հերոս լինելու։ Կամ՝ պիտի մեռնես։ Ես հերոս եմ։ Ես ուղղակի ուրիշ ելք չունեմ։

*

Ես փոքրիկ տղա եմ։ Գիշեր է։ Ձմեռ։ Զուգարան եմ ուզում։ Դայակին կանչելն անօգուտ է։
Մի ելք կա՝ սողալ դեպի զուգարան։
Նախ պետք է իջնել մահճակալից։ Ձև կա. ես եմ հորինել։ Ուղղակի սողում եմ մինչև մահճակալի եզրը և շրջվում մեջքի վրա՝ մարմինս նետելով հատակին։ Հարված։ Ցավ։ Սողում եմ դեպի միջանցքի դուռը, գլխով հրում եմ և դուրս գալիս համեմատաբար տաք սենյակից դեպի ցուրտն ու մութը։

Գիշերը միջանցքի բոլոր պատուհանները բաց են։ Ցուրտ է, շատ ցուրտ է։ Ես մերկ եմ։ Շատ պիտի սողամ։ Դայակների ննջարանի կողքից սողալիս փորձում եմ օգնության կանչել՝ գլխով բախում եմ նրանց դուռը։ Ոչ ոք չի արձագանքում։ Բղավում եմ։ Մարդ չկա։ Հնարավոր է՝ ցածր եմ բղավում։ Մինչև հասնում եմ զուգարանին, վերջնականապես սառչում եմ։
Զուգարնում պատուհանները բաց են, լուսամուտագոգին ձյուն կա։

Հասնում եմ գիշերանոթին։ Հանգստանում եմ։ Հետ սողալուց առաջ անպայման պիտի հանգստանամ։ Մինչ հանգստանում եմ, մեզն անոթի մեջ սառցակալում է։
Հետ եմ սողում։ Մահճակալի վրայից ատամներով ցած եմ քաշում վերմակս, մի կերպ փաթաթվում եմ և փորձում քնել։

*
Առավոտյան ինձ կհագցնեն, կտանեն դպրոց։ Պատմության դասին ես առույգ կպատմեմ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների սարսափների մասին։ «Գերազանց» կստանամ։ Պատմությունից միշտ էլ «գերազանց» եմ ստանում։ Բոլոր առարկաներից եմ «գերազանց» ստանում։
Ես հերոս եմ։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Շարունակությունը

 

Պիտակներ՝ , , , , ,