RSS

Tag Archives: Սպիտակը սևին

Սպիտակը՝ սևին. Սնունդը (1-ին մաս)

Նախորդ հատվածը

Ռուբեն Դավիդ Գոնսալես Գալյեգո

Ես ուտել չէի սիրում։ Եթե հնարավոր լիներ, ես կնախընտրեի ֆանտաստիկ պատմություններից հաբերը։ Մի էդպիսի հաբ կուլ ես տալիս ու ամբողջ օրը կուշտ ես։ Ես վատ ուտող էի. ինձ համոզում էին, գդալով կերակրում՝ անօգուտ։
Բախտս բերեց. երբ շատ փոքր էի, ապրում էի գյուղական ոչ մեծ մի մանկատանը։ Լավ էին կերակրում ու համով բաներով, դայակները բարի էին, հետևում էին, որ բոլոր երեխաները կուշտ լինեն, խնամում էին մեզ։
Հետո եղան ուրիշ մանկատներ, ուրիշ դայակներ, ուրիշ սնունդ։ Գարեձավարի շիլա, որդերով քաղցրավենիք, ոչ թարմ ձվեր։ Ամեն ինչ էլ կար։ Բայց ես այդ մասին չեմ գրելու։
Ինձ էնտեղ եմ բռնացում, որ բոլոր լավագույն հիշողություններս կապված են սննդի հետ։ Իմ մանկության բոլոր լավագույն պահերը կապված են սննդի հետ, ավելի ճիշտ՝ մարդկանց հետ, ովքեր իրենց ունեցածից ինձ բաժին են հանել, նվիրել են՝ ի նշան բարյացակամության։ Տարօրինակ է։
Չեմ հիշում՝ որտեղ էր։ Հիշում եմ սպիտակ խալաթով մարդկանց։ Մենք՝ երեխաներս, շատ ենք և բոլորս էլ՝ փոքր։ Անանաս ներս բերեցին։ Այն ժամանակ դա ինձ շատ մեծ ու սիրուն թվաց։ Միանգամից չկտրտեցին. թողեցին, որ հիանանք։ Կարծես թե մեծերն էլ չէին համարձակվում փչացնել նման գեղեցկությունը։ Ռուսաստանում անանասը հազվագյուտ բան էր։
Բոլորին հիասթափեցրեց անանասը։ Այսինքն՝ համարյա բոլորին։ Երեխաները դրա յուրահատուկ սուր համն առան ու հրաժարվեցին այդ կծու շերտերն ուտել։ Մենակ ես էի ուտում։ Հիշում եմ մեծերի խոսքերը.
-Արի՝ էլի տանք։
-Ի՞նչ ես խոսում։ Բա որ վատանա՞։
-Դու դրա քարտը տեսե՞լ ես։ Դրա հայրը երևի էս անանասներով է մեծացել։ Երևի նրանց մոտ անանասն էնպես է, ինչպես մեզ մոտ կարտոֆիլը։
Ինձ տալիս էին ու տալիս։ Երևի մեծերի համար հետաքրքիր էր՝ ինչպես է էս տարօրինակ երեխան կարողանում էկզոտիկ միրգ ուտել։ Համ էլ՝ հո էդքան բարիքը չէի՞ն թափելու։ Ես անանասի լիքը շերտեր կերա ու չվատացա։

*
Ինձ բերեցին իմ առաջին մանկատունը։ Սպիտակ խալաթներով մարդիկ, մի քանի շարք մահճակալներ չկային։ Փոխարենը շատ երեխաներ կային ու հեռուստացույց։
-Հիմա՝ ի՞նչ, նա բոլորովի՞ն չի կարողանում նստել։ Եկեք դնենք բազմոցին ու բարձերով շրջապատենք։ Ինձ նստեցրին բազմոցին, շրջապատեցին բարձերով ու գդալով սպիտակաձավարի շիլա տվեցին։ Անսպասելիությունից ես մի ամբողջ ափսե շիլա կերա ու քնեցի։ Շիլան շատ համեղ էր։ Մանկատունն ինձ դուր եկավ։

*
Հիվանդանոց։ Գիշեր։ Բոլորը քնած են։ Սենյակ է մտնում բուժքույը, միացնում է իմ մահճակալի վերևի լապտերը։ Սիրուն շոր է հագել, բարձրակրունկ կոշիկներ։ Մազերը գանգրացրած են ու ազատ թափված ուսերին։ Խոր խոնարհվում է ինձ վրա։ Նա շատ մեծ, երջանիկ աչքեր ունի։ Օծանելիքի ու էլի ինչ-որ տնական, ոչ հիվանդանոցային բանի բույր ուներ։
-Աչքերդ փակիր, բերանդ՝ բաց։
Ես ենթարկվում եմ։ Նա բերանս շոկոլադե մի մեծ կոնֆետ է դնում։ Ես գիտեմ, թե ոնց են շոկոլադե կոնֆետներն ուտում։ Պետք է շոկոլադե կոնֆետը ձեռքդ վերցնես ու փոքրիկ կտորներով կծել։ Համ էլ՝ ուզում ես ավելի լավ ուսումնասիրել այդ կոնֆետը։
-Կծիր ու կեր. հասկացա՞ր։
Ես գլխով եմ անում։ Նա հանգցնում է լապտերն ու փախչում։ Ես կծում եմ կոնֆետը։ Բերանս լցվում է ինչ-որ քաղցր ու այրող մի բանով։ Ես ծամում եմ շոկոլադը, գլուխս ինչ-որ պտտվում է։ Լավ եմ զգում։ Երջանիկ եմ։

*
Ինձ հերթական մանկատունն են բերում։ Սողում եմ դեպի միջանցքը, իսկ դիմացից մի դայակ է գալիս։ Միջանցքում մութ է, և նա ինձ նկատում է ոչ անմիջապես։ Երբ լրիվ մոտենում է, հանկարծ ճչում է ու ինձնից հեռու թռչում։ Հետո մոտենում է, կռանում, որ ավելի լավ ինձ ուսումնասիրի։ Ես մուգ մաշկ ունեմ, ես լիփ-լրիվ սափրված եմ։ Միջանցքի կիսախավարում առաջին հայացքից երևում են աչքերս՝ մեծ աչքեր՝ գետնից տասնհինգ սանտիմետրի վրա օդում կախված։
-Բայց ի՛նչ նիհար ես. կաշի ու ոսկորներ ես մենակ։ Ոնց որ Բուխենվալդից լինես։
Ես իսկապես շատ գեր չեմ։ Էնտեղ, որտեղից ինձ բերել են, էնքան էլ լավ չէին կերակրում։ Համ էլ՝ ես վատ ուտող էի։
Դայակը գնում է։ Վերադառնում է մի-երու րոպեից և գետնին՝ իմ առաջ, մի կտոր հաց ու ճարպ է դնում։ Ես ճարպ կյանքումս առաջին անգամն եմ տեսնում։ Դրա համար առաջինը ճարպն եմ ուտում, հետո՝ հացը։ Հանկարծ զգում եմ, որ տաք է ու հաճելի, ու քնում եմ։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Շարունակությունը

 

Պիտակներ՝ , , ,