RSS

Պայմանագրային հարաբերություններ երեխայի հետ

31 Օգս

Սերգեյ Զիկին

Հնարավո՞ր են, ընդհանրապես, երեխայի հետ պայմանագրային հարաբերությունները։

Շատ ծնողներ երևի մի անգամ չէ, որ երեխային ասել են. «Դու արդեն մեծ ես, արի պայմանավորվենք…»։ Երեխաները հաճախ համաձայնում են «պայմանավորվել» մեծերի հետ, բայց, որպես կանոն, այդ պայմանավորվածությունները ցանկալի արդյունքը կամ ընդհանրապես չեն տալիս («Բայց դու ինձ խոստացել էիր, չէ՞»), կամ շատ կարճ են տևում («Դե, դու էլի քոնն ես անում»)։ Ինչո՞ւ, ուրեմն, պայմանավորվածությունները չեն գործում։ Եվ ընդհանրապես, հնարավո՞ր են արդյոք պայմանագրային հարաբերություններ երեխայի հետ։
Եթե ցանկությունն իրական է, գիտակցված, մարդն ունի բավականաչափ էներգիա դրան հասնելու համապատասխան գործողությունների համար։

Հիշեք այն իրադրությունը, երբ պետք է մեծ մաքրություն սկսեք տանը. պետք է, բայց չեք ուզում։ Մաքրությունից հետո ուժ չունեք, ընթացքում մի քանի անգամ նստում եք հանգստանալու, իսկ երբեմն պառկում եք։ Բայց ահա՝ մոտենում է ինչ-որ հոբելյան։ Հյուրեր են հրավիրված, աշխատանքը եռում է։ Մեծ մաքրությունն արված է՝ հատակն ու պատերը լվացված են, ամանեղենը՝ մաքրած, պահարանները՝ դասավորած,  ջահը՝ փայլեցրած, պատուհանները շողում են, և դեռ ուժ է մնացել աղցան կտրտելու, տոնական կարկանդակ թխելու, համապատասխան հագուստ պատրաստելու։ Որտեղի՞ց այդ ուժերը։ Երևում է՝ ցանկությունը շատ մեծ է իրեն ու հյուրերին ուրախացնելու։

Նույնն էլ երեխաների հետ է։
Եթե երեխան ցանկություն ունի, նա էներգիա ու ուժ ունի դրան հասնելու։
Թույլ տվեք՝ գործնական քայլեր անի դեպի նպատակը։ Գործողությունները լակմուսի թուղթ են ստուգելու համար երեխայի ցանկության իրական լինեը։ Եթե ինչ-որ բան ուզի, կանի։ Եթե ասում է, որ ուզում է, բայց ոչինչ չի անում, ուրեմն չի ուզում։ Չենք հաշվում կամակորությունը, նվնվոցն ու հիստերիկան։ Բայց երեխան ամենևին էլ իր ոչ բոլոր ցանկությունները կարող է մենակ իրագործել։ Նա դեռ փող չի աշխատում, մատչելի չեն գործունեության շատ ձևեր, որ տանում են ցանկալին ստանալուն։ Այդ ժամանակ նա դիմում է ծնողներին՝ «Մա՛մ, ուզում եմ…, Պա՜, ինձ համար առ…»։
Կան պահի տակ առաջացած ցանկություններ. տեսավ՝ ուզեց։ Չարժե առանձնապես ուշադրություն դարձնել դրանց։ Երեխաները հրաշալի հոգեբաններ են։ Երբեմն, ցանկանալով «ձրի» մի բան ստանալ, համենայնդեպս ուզում են։ Մեկ էլ տեսար՝ մայրիկի տրամադրությունը տեղն է։ Մեկ էլ տեսար՝ էս անգամ գնեց։ Մեկ էլ տեսար՝ հաջողվեց հավանած խաղալիքն ստանալ։ Մեկ էլ տեսար՝ ծնողների մեղքն եկավ։
Բայց երեխաներն ունենում են իրական, գիտակցված ցանկություններ, ընդ որում, երբեմն դրանք չեն համընկնում մերի հետ։ Ի՞նչ անել այդ դեպքում։ Երևի պետք չէ միանգամից բավարարել երեխայի բոլոր ցանկությունները, նույնիսկ եթե դրանք հիմնավորված են։ Ավելի խելամիտ է նրանց հետ պայմանագիր կնքել։ Ընդ որում՝ այնպիսի պայմանագիր, որտեղ թե՛ դուք, թե՛ երեխան ելակետ կունենաք ոչ թե «պետք է» բառը, այլ «ուզում եմ»-ն ու ցանկությունը։ Դրա համար օգտագործվում է ցանկությունների էներգիաների փոխանակման մեթոդը։
Երեխան համակարգիչ է ուզում, իսկ դուք ուզում եք, որ նա կիսամյակն առանց «բավարարների» վերջացնի։ Իրար փոխանցեք ցանկությունների էներգիան, և եթե համակարգիչն իրոք ուզում է, երեխան միջոցներ ու հնարավորություն կգտնի, որ ուղղի գնահատականները։
-Արի՝ գրավոր պայմանագիր կնքենք։ Կամ՝ ավելի պարզ. «Դու ուսումիդ պարտավորությունն ես վերցնում, ես՝ փող կուտակելու։ Կարևորը՝ մենք մեզ վրա վերցնում ենք փոխշահավետ պարտականություններ։ Սահմանում ենք ժամկետներն ու սկսում գործել։ Միանգամից  պայմանագրում ներառում ենք կետեր, որտեղ կգրենք, թե ինչ կլինի, եթե մեզնից մեկը չկատարի կամ անհրաժեշտ ձևով չկատարի իր պարտավորությունները։ Համաձա՞յն ես»։
Եթե երեխան իրոք համակարգիչ է ուզում, նորից ու նորից կփնտրի բոլոր հնարավոր միջոցները պայմանագրի պայմանները կատարելու համար։
70-ականների վերջին իմ համադասարանցի Սերգեյը (իսկ նա այդ ժամանակ 14 տարեկան էր) մեծ ցանկություն ուներ մոպեդ (շարժիչով հեծանիվ-Հ.Ղ.) ունենալու։ Այն ժամանակների համար դա բավականին թանկ բան էր, բայց շատ շքեղ։ Նրա ծնողները  ամսական 100 ռուբլուց մի քիչ էին ավելի ստանում, էնպես որ ոչ մի կերպ նրանց ապահովված չէիր կոչի։ Սերգեյը վատ չէր սովորում։ Նույնիսկ երգից, ֆիզկուլտուրայից ու աշխատանքից «գերազանցներ» ուներ ։ Մնացած գնահատականները հավասար բաժանվում էին «լավերի» ու «բավարարների»։ Սերյոգայի ծնողներն ամենից շատ ուզում էին իրենց որդուն բուհի ուսանող տեսնել։ Դրա համար ուսման առիթով անընդհատ սղոցում էին։ Ու հանկարծ՝ մոպեդ։ Իրենց պատմելով՝ Սերյոգան մոտ երկու ամիս ոռնացել է՝ միշտ խոսակցությունը բերելով նրան, որ բոլորն արդեն մոպեդ ունեն (թեպետ դա ամենևին էլ այդպես չէր), ու մենակ ինքը ոչինչ չունի՝ ո՛չ ստերեոձայնարկիչ, ոչ ձայնագրիչ, ոչ մոպեդ։ Նոր տարվան ծնողները պատրաստ էին նրան ստերիոձայնարկիչ ու ձայնագրիչ նվիրել։ Բայց Սերգեյը պինդ էր կանգնած. կամ մոպեդ, կամ ձեզնից ոչինչ էլ ինձ պետք չէ։ Այդ ժամանակ ծնողները պայմանագիր կնքեցին նրա հետ. «Եթե 8-րդ դասարանն ավարտես առանց «բավարարների», կունենաս քո երազած մոպետդը՝ իր բոլոր անհրաժեշտ գործիքներով, սաղավարտով՝ ինչպես հարկն է»։
Երկրորդ կիսամյակին ուսուցիչները չկարողացան Սերգեյի առաջադիմության համար ուրախանալ։ Ծնողներն սկզբում կարծեցին, որ ճիշտ ձև են գտել որդու հիմար ցանկությունից ազատվելու համար, բայց արդեն երկու ամիս անց հասկացան, որ հարկավոր է շատ արագ փող հավաքել։ Ուսումնական վերջին օրը Սերգեյի ամբողջ ընտանիքը նշում էր երկու մեծ իրադարձություն. Սերյոգայի՝ դպրոցը փառահեղ ավարտելն ու ոչ շատ շքեղ, բայց երկար սպասված ու ցանկալի «Վերխովինա-6» մոպեդի գնումը։ Ճիշտ է, սաղավարտ չգնեցին, որովհետև մեկ «բավարար», այնուամենայնիվ, ուներ։ Ստիպված քշում էր հոր հին, պլաստմասսայե, առանց հովարի կերամանով, մինչև ինքը ամռանը շատ փող աշխատեց ու իր համար մի գերժամանակակից աչքերով սաղավարտ առավ։ Եվ գլխադիրի վրա խոզանակներն էլ ոչ թե խրոմացված էին, այլ սովորական։ Դրանք ավելի էժան էին՝ «Քիմիան» համը հանեց։

Եվ կարևոր չէ, որ 9-րդ դասարանում Սերյոգան էլի «բավարարներ» հավաքեց, ճիշտ է, էնքան շատ չէ, որքան առաջ ուներ։ Կարևորը՝ նրա ծնողները, ուսուցիչները, հենց ինքը հասկացան՝ եթե ուզի, կարող է։

Երեխային ուզել սովորեցրեք։ Չարժե նրան հենց այնպես թանկ նվերներ անել՝ «Ի՞նչ նվեր ես ուզում ծնունդիդ»։ Դրանից հետո անպայման պիտի երեխայի՝ նպատակին հասնելու համար էներգիայի ներդրում անելու պատրաստակամությունը ցույց տվող գործողությունը լինի։
Իմ լավ բարեկամների ընտանիքում մեծանում է նրանց 14-ամյա դուստրը։ Նրա ցանկությունները ավելի քան բավարար են։ Ծնողների պայմանագրային հարաբերությունները երեխայի հետ այս ընտանիքում գործում է արդեն մի քանի տարի։ Գերազանց սովորելու, ճեպանկարների մրցույթում հաղթելու, երաժշտական դպրոցում հաջողությունների համար նա արդեն իր համակարգիչն ունի, թվային ֆոտոխցիկը և շատ ուրիշ ցանկալի բաներ։ Արդեն նրա ծնողները բարձրացել են պայմանագրային հարաբերությունների մի նոր մակարդակի։ Ծնողները, որ խիստ զբաղված են բիզնեսով, որոշել են, որ իմաստ չունի ընտանեկան բյուջեից կողմնակի բաների համար գումար ծախսել, և դստերն առաջարկել են իր վրա վերցնել տան գործերի մի մասը, որ անում էին վարձու աշխատողները՝ տուն մաքրել, ճաշ եփել, լվացք։ Համակարգիչով պայմանագիրը տպել են, ամեն ինչ ստորագրել և կախել պատին։  
Ծնողներն այնքան են վճարում, որքան վճարում էին առաջ։Աղջիկը ձեռք է բերում նոր կարողություններ ու հմտություններ և միշտ գրպանի ծախսերի կարգին փող է ունենում, որը չի ծախսում րոպեական հաճույքների վրա, այլ հավաքում է՝ ձեռք բերելու այն, ինչ ինքն ուզում է։

Մի ուրիշ ընտանիքում 15-ամյա դուստրը իրականացրել է իր երազանքը՝ օգնելով հորն ու մորը՝ իրենց մեքենաները լվանալիս։ Ստացել է այնքան, որքան ավտոլվացման աշխատողը։ Աշխատանքի որակը երրորդ լվանալուց հետո դարձավ այնպիսին, ինչպիսին ավտոլվացման կետում է լինում։ Փողերը ընտանիքում են, երեխան երջանիկ է, ծնողները գոհ են։
Մի ուրիշ ընտանիքում երկու տղան՝ 11 և 15 տարեկան, ծնողների հետ պայմանագրային հարաբերությունների շնորհիվ մեկ տարում ցանկալի համակարգչի գումարը վաստակեցին։
Երբ մեծերը երեխաների հետ պայմանագիր են կնքում, երբեմն մտածում են միայն իրենց օգուտի մասին։ Դրա համար կարծում են, որ որևէ աշխատանքի կամ ծառայության համար գումար առաջարկելով՝ կստանան ցանկալին։ Բայց իրականում, եթե երեխան չունի հստակ, գիտակցված նպատակ, նա նույնիսկ փողով ոչինչ չի անի։

Թարգմանեց Հասմկ Ղազարյանը

 

Թողնել մեկնաբանություն