RSS

Մարդու ծագման մասին մի քանի առասպել

19 Հլս

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի հանրագիտարան» գրքից

Հույները. Դևկալիոնն ու Պիրան՝ նրա կինը, հույների համար միակ մարդիկ էին, որ վերապրել են ջրհեղեղից հետո։ Եվ աստվածները նրանց հանձնարարել են նոր մարդկություն հիմնել։ Դևկալիոնն ու Պիրան սկսել են քարեր շպրտել իրենց մեջքի հետևը, և այդ քարերը վերածվել են արձանների։ Արձանները երգել են, Դևկալիոնն ու Պիրան էլ պիտի ընտրեին մարդկության մասին իրենց ամենից շատ դուր եկած երգը։ Նրանք բոլորից շատ հավանել են հույն հերոսների՝ Թեսևսի, Պերակլեսի և ուրիշ կիսաստվածների մասին երգը։ Եվ երկրի վրա մարդկությունը վերստեղծվել է։ Դևկալիոնն ու Պիրան մեռել են, բայց նրանց մերժած երգող արձանները աստվածներից պահանջել են դատավարություն և արդարություն։ Աստվածները որոշել են դատավճիռ կայացնել՝ Դևկալիոնի ու Պիրայի որոշումը կշռելով։ Եվ ամուսնական զույգի որոշումը համարել են ճիշտ։ Հերոսներին գովերգող մարդկությունը երկրի վրա միակն էր։

Թուրքերը. Թուրքերի համար մարդկությունն առաջացել է սև լեռան վրա։ Մի քարանձավում մարդու մարմին հիշեցնող փոս է առաջացել, անձրևի շիթերը կավ են բերել-լցրել դրա մեջ։ Կավը, որ տաքանում էր արևից, մնացել է ինն ամիս։ Իսկ ինն ամիս հետո քարանձավից դուրս է եկել առաջին մարդը՝ Հայ-Աթամը, ում համարում էին լուսնի հայրը։

Մեքսիկացիները (17-րդ դար). Այստեղ հին պաշտամունքի ու կաթոլիցիզմի խառնուրդ է ստացվել։ Աստված մարդուն ստեղծել է խեցեգործի կավից և դրել վառարան։ Բայց չափազանց երկար է թողել վառարանում։ Դրա համար էլ մարդը վառված ու սև է դուրս եկել։ Աստված համարել է, որ սխալվել է, և շպրտել է իր արարածը երկիր։ Սա ընկել է Աֆրիկայի վրա։ Սրանով Աստված չի բավարարվել և երկրորդ մարդուն է արարել, որին վառարանում շատ ավելի քիչ է թողել։ Մարդը վառարանից լրիվ սպիտակ է դուրս եկել։ Աստված էլի համարել է, որ սխալվել է։ Նորից մարդուն շպրտել է երկիր, սա ընկել է Եվրոպայի վրա։ Երրորդ անգամ Աստված որոշում է ուշադիր հետևել, թե երբ է պատրաստ լինելու իր արտադրանքը։ Սպասել է, մինչև մարդը ինչպես հարկն է՝ խարկվի մինչև ոսկեգույն դառնալը։ Այս անգամ հաջողության է հասել։ Եվ առանց շտապելու, շատ զգույշ տեղադրել է մարդուն Ամերիկայում։ Այսպես են ի հայտ եկել մեքսիկացիները։

Սիուները. Ըստ սիուների առասպելի՝ մարդուն ստեղծել է տիեզերական ճագարը, որ ճանապարհին արյան խտուկ է գտել։ Ճագարն սկսել է թաթով խաղալ դրա հետ, և խտուկը վերածվել է աղիքի։ Ճագարը շարունակել է զվարճանալ, և աղիքի վրա հայտնվել են սիրտը, հետո աչքերը, ի վերջո, ստացվել է իսկական փոքրիկ մի տղա՝ աշխարհում առաջին տղան։ Ճագարնը նրան անվանել է ճագար-տղա։ Դա սիուների նախնին է եղել։

Արաբները. Արաբները ունեն Հին կտակարանի տարբերակը։ Ըստ նրանց տեսության՝ մարդու ստեղման համար հարկավոր է չորս տարբեր գույների՝ կապույտ, սև, սպիտակ ու կարմիր հող։ Աստված Գաբրիել հրեշտակին ուղարկում է դրանց հետևից։ Բայց հենց սա թեքվում է, որ հող վերցնի, հողը սկսում է խոսել և հարցնում է, թե ինչ է ուզում։ «Հող, որ Աստված կարողանա մարդ արարել»,- բացատրում է Գաբրիելը։ Հողը պատասխանում է. «Չեմ կարող դա թույլ տալ, որովհետև մարդն անկառավարելի կլինի և ինձ կկործանի»։ Գաբրիել հրեշտակը հաղորդում է սա Աստծուն։ Դրանից հետո Աստված ուղարկում է Միքայել հրեշտակին։ Նույն պատմությունն է լինում։ Նույն անհաջողությունը։ Հողը չի ուզում, որ մարդ ստեղծվի։ Հետո Աստված ուղարկում է Ազրայիլին, որը մահվան հրեշտակ էր։ Հողի փաստարկը նրան չի համոզում։ Այսպիսով՝ մարդը գոյություն ունի մահվան հրեշտակի շնորհիվ, դրա համար էլ մարդը մահկանացու է։
Բերված հողից Աստված արարում է Ադամին։ Բայց քառասուն տարի սա ոչինչ չի անում, պարզապես պառկած է մնում հողի վրա։ Հրեշտակը չի հասկանում, թե ինչու մարդը չի շարժվում։ Նա նայում է Ադամի բերանի մեջ, որ տեսնի՝ մեջն ինչ կա և ամեն ինչ հասկանում է։ Մարդու մարմնի մեջը դատարկ է լինում։ Հրեշտակը պատմում է սա Ատծուն, և Աստված որոշում է մարդուն հոգի տալ։ Ադամը կենդանանում է, և Աստված, որ նրան հողի, բնության, կենդանիների նկատմամբ առավելություն տա, իրավունք է տալիս անվանելու այն ամենը, ինչ շրջապատում է իրեն։ Միայն մարդն իրավունք ունի անուն տալու անգամ ոգիներին (ջիներին) ու լեռներին։ Եվ ամեն անգամ, հենց նա անուն է արտասանում, իրեն է ենթարկում այն, ինչի անունը տալիս է։ (Թաբառի, 9-րդ դարի արաբ պատմիչ, Աբբասիդների խալիֆայություն)։

Մոնղոլները. Մարդն արարվել է Աստո կողմից, ով հողի մեջ մարդու ձևի փոս է փորել։ Հետո փոթորիկ է արել, ու կավը ջրի հեղեղի հետ լցրել է փոսը։ Անձրևը դադարել է, խոնավությունը չորացել և մարդը, կարկանդակի պես դուրս է եկել փոսից։

Նավախոները. Առաջ երկրի վրա ապրել են կիսամարդ-կիսագազանները։ Նրանք կտրել են երեք երկինք, որտեղից վտարվել են իրենց հիմարության պատճառով։ Ի վերջո իջել են երկիր, ուր չորս տեղական աստված՝ կապույտը, սպիտակը, սևը ու դեղինը, գալիս են, որ տեսնեն սրանց։ Աստվածները փորձում են շարժումներով սրանց մի բան սովորեցնել։ Բայց չմարդիկ ոչինիչ չեն հասկանում։ Այդ ժամանակ բոլոր աստվածները, բացի մեկից՝ սևից, թողնում գնում են։ Սևն այդ կիսամարդկանց ասում է, որ սրանք կեղտոտ ու գարշահոտ հիմարներ են։ «Մյուս աստվածները չորս օրից կգան,-ասում է,-լվացվեք, որ անցնենք մարդու արարման ծեսին»։

Աստվածներն իրենց հետ տարբեր առարկաներ են բերում, եղջերվի մորթիներ ու երկու հասկ եգիպտացորեն՝ դեղին ու սպիտակ։ Սպիտակից դուրս է գալիս տղամարդը, իսկ դեղինից՝ կինը։ Նրանք ծածկի տակ սիրով են զբաղվում և ծնում են հինգ զույգ երկվորյակներ։ Առաջին երկուսը հերմոֆրոդիտ էին, բայց մյուսները երեխաներ են ծնում, ու այդ երեխաները, եկվոր ժողովուրդների հետ են վերաամուսնանում։ Այսպես առաջանում է ժամանակակից մարդկությունը։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Կարդա նաև

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել մեկնաբանություն