RSS

Հայելին

01 Սպտ

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Ուրիշ մարդու հայացքում մենք նախ և առաջ փնտրում ենք սեփական արտացոլանքը։
Սկզբում դա ծնողների հայցքն է։
Հետո ընկերների հայացքն է։
Հետո ճամփա ենք ընկնում՝ գտնելու այն միակ հայելին, որն այդուհետ մեր ուղեցույցն է լինելու։ Գնում ենք՝ գտնելու սերը, ավելի ճիշտ՝ գտնելու սեփական անհատականությունը։ Սերն առաջին հայացքից հաճախ նշանակում է, որ «լավ հայելի» ենք գտել, որի արտացոլքը մեզ դուր է գալիս։ Այդ ժամանակ սկսում ենք սիրել մեզ այնպիսին, ինչպիսին արտացոլվում ենք ուրիշի աչքերում։ Կախարդական պահ է, երբ դեմ դիմաց դրված երկու հայելի փոխանակում են իրենց հաճելի արտացոլանքները։ Հերիք է՝ երկու հայելի դնենք իրար դիմաց, ու կտեսնենք՝ ինչպես են հարյուրավոր արտացոլանքներ դրանցում գնում դեպի անսահման հեռանկարը։ Այդպես «լավ հայելին» մեր բազմաթիվ կրկնօրինակներն է ստեղծում ու բացում է անվերջ հորիզոններ։ Օ՜հ, հզորության ու հավիտենության ի՛նչ զարմանալի զգացում է դա։

Բայց հայելիները տեղում կանգնած չեն. շարժվում են։ Երկու սիրահարները աճում են, հասունանում, զարգանում։

Սկզբում նրանք դեմքով ուղղված էին իրար, բայց եթե նույնիսկ իրենց առաջընթացում նրանք գնում են զուգահեռ ճանապարհներով, ոչ միշտ են քայլում նույն արագությամբ և նույն ուղղությամբ։ Էլ նրանց պետք չէ մշտապես տեսնել իրենց նույն արտացոլանքը։
Այդ ժամանակ ճաք է տալիս. այն պահն է, երբ քո առաջ էլ չկա ուրիշ հայելի։ Դա ոչ միայն սիրո ավարտն է, այլև սեփական արտացոլանքի կորուսը։ Մարդն այլևս չի տեսնում իրեն ուրիշի աչքերում։ Նա այլևս չգիտի՝ ինքն ով է։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , , ,

1 responses to “Հայելին

Թողնել մեկնաբանություն