RSS

Մատրյոշկաները

22 Սպտ

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Եթե էլեկտրոնը գիտակցություն ունենար, գլխի կընկնե՞ր, որ ներառված է շատ ավելի խոշոր ամբողջականության մեջ, քան ատոմն է։ Ատոմը կարո՞ղ էր հասկանալ, որ ինքը ինչ-որ շատ ավելի մեծ բանի մաս է, քան մոլեկուլն է։ Կարո՞ղ էր մոլեկուլը հասկանալ, որ գտնվում է շատ ավելի մեծ մի բանի, օրինակ՝ ատամի մեջ։ Իսկ ատամն ընդունա՞կ է ենթադրելու, որ ինքը մարդու բերանի մասն է կազմում։ Առավել ևս՝ էլեկտրոնը կարո՞ղ է գիտակցել, որ ինքը մարդու մարմնի անսահմանորեն փոքր մասնիկն է։

Երբ մեկն ասում է, որ հավատում է Աստծուն, նման է պնդմանը, թե՝ «Ես՝ փոքրիկ էլեկտրոնս, հավակնություն ունեմ մոլեկուլի մասին գիտելիքի»։ Եթե մեկն ասում է, թե ինքն աթեիստ է, հավասար է հայտարարության, թե՝ «Ես՝ փոքրիկ էլեկտրոնս, համոզված եմ, որ իմ իմացածից ավելի վեր ու ավելի մեծ բան չկա»։

Բայց ի՞նչ կասեին թե՛ հավատացյալները, թե՛ աթեիստները, եթե իմանային, թե ամեն ինչ որքա՛ն ավելի մեծ ու բարդ է, քան կարող է պատկերացնել իրենց երևակայությունը։ Ի՞նչ աստիճանի ցնցված կլիներ էլեկտրոնը, եթե իմանար, որ ինքը ոչ միայն ատոմի, մոլեկուլի, ատամի ու մարդկանց մասնիկ է, այլև, որ իրենք՝ մարդիկ մոլորակի, արեգակնային համակարգության, տիեզերքի մասն են և էլի ինչ-որ անհամեմատ ավելի մեծ բանի, ինչի համար մենք դեռ անվանում չունենք։ Մենք մի մասն ենք մատրյոշկայի, որի մասշտաբները գերազանցում են մեր հասկացողությունը։

Դրա համար ես ինձ իրավունք եմ վերապահում ասելու, որ մարդկանց հնարած Աստծո գաղափարը ընդամենը վարագույր է։ Դրանով պաշտպանում են իրենց դժվար հասկանալի մի բանից՝ այն բանի անսահման բարդ լինելուց, որը, հնարավոր է, գտնվում է իրենց վրա։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

Թողնել մեկնաբանություն