RSS

Դատարկության ուժը

27 Հկտ

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Մարդը միշտ վախեցել է դատարկությունից։ Դատարկությունը, որ հին հռոմեացիները կոչում էին «Horror Vacui», հին գիտնականները համարում էին սարսափի քվինտէսենցիան (հինգերորդ տարրը-Հ.Ղ.)։ Դեմոկրիտն առաջիններից էր, որ խոսեց դատարկության գոյության մասին։ Ք.ա. 5-րդ դարում նա գրում է, որ մենք մատերիա ենք համարում այն, ինչ բաղկացած է տարրերից, որ ճախրում են դատարկության մեջ։ Արիստոտելը ժխտում է այս տեսությունը՝ պնդելով, որ «բնությունը վախենում է դատարկությունից»։ Միայն 1643 թվականին իտալացի Էվանջելիստա Տորիչելլին, Գալիլեյի գաղափարներից ոգեշնչված, մի բարդ փորձի միջոցով ապացուցեց դատարկության գոյությունը։

Նա 1,30 մ երկարությամբ խողովակը սնդիկ լցրեց և կնքված ծայրով իջեցրեց նույնպես սնդիկ լցրած չանի մեջ։ նա նկատեց, որ խողովակում սնդիկի մակարդակն իջել է, իսկ վերևում դատարկ տարածություն է մնում։ Դա բացարձակ դատարկ տարածություն է, քանի որ օդ չի մտնում։ Այսպես, Տորիչելլին առաջինն էր, որ ստեղծեց վակուումը։ Փորձը կրկնելով՝ նա նկատեց, որ սնդիկի բարձրությունը խողովակում փոխվել է, և եկավ այն եզրակացությանը, որ չլցված տարածության ծավալը կախված է մթնոլորտային ճնշումից։ Այդ փորձերի արդյունքում ստեղծվեց բարոմետրը՝ խողովակ՝ լցված սնդիկով, որի օգնությամբ հնարավոր է չափել մթնոլորտային ճնշումը։

1647 թվին գերմանացի ֆիզիկոս Օտտո ֆոն Գերիկեն ստեղծեց առաջին վակուումային պոմպը։ Նա օդը հանեց երկու իրար կիպ կպած մետաղական կիսագնդերից և ապացուցեց, որ դրանք իրարից չեն կարող բաժանել տասնվեց ձիեր՝ ութական ձիեր հակառակ կողմեր քաշելով։ Նա նաև ապացուցեց, որ վակուումն ունի մետաղի երկու կտոր իրար հետ պահելու ուժ։

Հնդիկները դատարկությունը համարում են փիլիսոփայական կարևորագույն հասկացությունը։ Բացարձակ դատարկության հասնելը բարձրագույն նպատակն է, որին ձգտում է իմաստունը։ Նրանք հավատում են նաև, որ անիվը, որի անվակունդերը միացված են առանցքին, պտտվում է շնորհիվ նրա, որ անվակունդերի ու առանցքի արանքում դատարկություն է։

 

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել մեկնաբանություն