RSS

Ռեյ Բրեդբերի. 451 աստիճան՝ ըստ ֆարենհեյթի

17 Հլս

bredՄարդու ազատությունը որքան կարևոր, նույնքան փխրուն մի բան է։ Դրա համար ազատությունը երազանքների մեջ է։ Դրա համար ազատության մասին գրում են ֆանտաստիկայի ժանրով։

Ֆանտաստներին թույլատրված է ասել՝ ինչ ուզում են։ Ամեն իրադրություն հնարավոր է. սահմանափակում չկա։ Հնարավոր է՝ մարդու գերիմաստուն գլուխը պատվաստել շանը և հաջողել (Շեքլի)։ Գուցե գա մի ժամանակ, երբ հաղթահարված լինեն բոլոր ցավերն ու մահերը, ու մարդ մեռնի սոսկ իր ցանկությամբ (Վոննեգութ)։ Որ շարունակենք այսպես ապրել, կհայտնվենք մի իրականությունում, ուր Մոնա Լիզայի նկարի վրա քթելն է պատվաբեր , ոչ թե դրանով հիանալը (Բրեդբերի)։
Բայց ժանրը կենսունակ չէր լինի, եթե այսօրվա մարդու հետ չխոսեր։ «Մարդ ինչ տեսքի լինում է, ըստ այդմ էլ ձևավորում է իր վարքագիծը»,- հուշում է Շեքլին իր վերոհիշյալ «Մարմինը» նովելում։ «Որքան էլ գիտությունը զարգանա, ինչ բարձունքների էլ հասնի, միևնույն է, բարոյական խնդիրներն անլուծելի են մնալու»,- կարդում ենք Վոննեգութի «2BRO2B» պատմվածքի ենթատեքստում։ Իսկ Բրեդբերին, ողբալով անհերքելի արժեքների նկատմամբ օրավուր աճող արհամարհանքը, հավատում է, որ դրանք՝ արժեքները անպարտելի են «Ժպիտը»։

Սյուժետային տրամաբանությամբ Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան՝ ըստ ֆարենհեյթի» վիպակը մոտենում է Օրուելի «1984»-ին։ Այնտեղ էլ հերոսներն իրենց անհատականության պատճառով հալածանքի են ենթարկվում։ Սակայն Բրեդբերիի ստեղծագործության առանցքը մարդկության ընտրությունն է։ Իրավիճակը ոչ թե տոտալիտար իշխանության, այլ հասարակության ընտրության արդյունք է։ Մարդիկ իրենք են հրաժարվել մտածելու առիթ տվող գրքերից։ «Հիշեցեք,- ասում է հերոսներից մեկը,- նույնիսկ այն հեռավոր ժամանակներում, երբ ազատորեն կարդում էինք գրքերը, չէինք օգտվում նրանց տվածից։ Մենք շարունակում էինք անարգել մեռածների հիշատակը, թքում էինք այն անձանց գերեզմանների վրա, ովքեր ապրել էին մեզնից առաջ»։ Հասարակությունն ինքն է ընտրել խավարամտությունը, իսկ իշխանությունները օրինականացրել են։ Եվ օրինականացրել են ըդդեմ այն անհատների, ովքեր իրենց ինտելեկտով հաստատակամորեն պահում են մշակութային արժեքները։ Այս մարդիկ հավատում են, որ մի օր նորից դրանք կգտնեն իրենց գնահատողին, քանի որ «Ամեն մի սերնդի հետ ծնվում են անհատներ, ովքեր հիշում և հիշեցնում են մարդկության սխալների մասին»։

Իսկ քաղաքացիների մյուս՝ մեծամասնություն կազմող անտարբեր հատվածը չի էլ մտահոգվում իր գլխին գալիքով, եթե անգամ դա ամենակուլ ու աշխարհակործան պատերազմն է։

Կյանքը նորից՝ զրոյից սկսելու պատրաստակամությունը հատուկ է մարդկությանը, բայց միայն տեսակարար կշիռ կազմող անհատականություններն են, որ իրենց կյանքը իմաստավորում են այդ պատրաստակամությամբ։ Եվ դա էլ առանց ջանքի չի լինում. Հարկավոր է ընկալել աշխարհը՝ այն պահելու համար. «… ապրիր այնպես անհագորեն, ասես տասը վայրկյանից պետք է մահանաս։ Ձգտիր ընկալել աշխարհը։ Այն հրաշալի է ուզածդ երազանքից, որը ստեղծվում է գործարանում և հատուցվում դրամով։ —ասում է հալածական մտավորական Գրենջըրը և քիչ անց ավելացնում.- Նայիր շուրջդ, նայիր աշխարհին, որ փռված է քո առջև։ Միայն այն ժամանակ կարող ես դիպչել նրան, երբ նա կթափանցի քո ներսը, կմտնի արյանդ մեջ և օրվա ընթացքում հազար անգամ շրջանառություն կկատարի քո երակներում»։

Դժվար է թարգմանաբար կարդացած գրքի գեղարվեստական արժանիքների մասին խոսելը։ Բայց որ արագընթաց գործողություններով ընթերցողին գիրքը կապում է, անուրանալի է։ Լարվածությունն այստեղ ստեղծվում է սուր զգացողությունների, մասնավորապես վախի միջոցով։ Հետապնդման նկարագրություններում ընթերցողը ապրում է հերոսի հետ, նրա հետ ծրագրում հետագա քայլերը։

Ասում են, որ առաջին հրատարակիչը, քանի որ հրատարակում էր դեռահասների համար, Բրեդբերիի որոշ հայհոյախոսություններ ու իրեն անպարկեշտ թվացած արտահայտություններ խմբագրել է։ Գիրքը միաժամանակ հատվածաբար լույս է տեսել երկու տարբերակով՝ մեծերի համար՝ բնագրով և  փոքրերի համար՝ խմբագրած։ Ռեյ Բրեդբերին երկար ժամանակ երկրորդ տարբերակի մասին ոչինչ չի իմացել, բայց հենց իմացել է, պահանջել է վերականգնել բնագիրը։

Չգիտեմ՝ հայերենը որ տարբերակից է թարգմանված, բայց ես որևէ չափազանց բան՝ այնպիսի բան, որ իմ աշակերտների ու նրանց հասակակիցների ականջը կարող է վիրավորել, չտեսա։

Այնպես որ, խորհուրդ եմ տալիս, կարդացեք։

 

Պիտակներ՝ , ,

4 responses to “Ռեյ Բրեդբերի. 451 աստիճան՝ ըստ ֆարենհեյթի

  1. uoltera

    17 Հուլիսի, 2013 at 11:33 ա.

    Հայերեն տարբերակը կա?

     
  2. uoltera

    17 Հուլիսի, 2013 at 11:58 ա.

    Շնորհակալություն :)))

     

Թողնել մեկնաբանություն