RSS

Խոսքի մշակույթը՝ հասարակագիտական առարկաների մերան

Մինչ Հայաստանում մտմտում ենք լեզվի ՝ մատչելի ու օգտակար դասընթաց մշակելու մասին, աշխարհում խոսքն ու խոսքի մշակույթը դարձել են կրթության և ուսումնասիրության առարկա, խոսքի մշակույթը հաստատում է իրեն զարգացող երկրներում, դառնում է հասարակության քաղաքակրթվածության չափանիշ, մասսայականացվելու հրամայական ներկայացնում։ 

Անվանի լեզվաբանները տնտղում են խոսքն ու դրա մշակույթը տարբեր տեսանկյուններից,  համեմատում են տարբեր մշակույթ ունեցող ժողովուրդների լեզուն, քննարկում քերականական հոմանիշների ոճական արժեքները։

Այնինչ ամենասովորական մարդուն հարկավոր է զարգացնել մտածողությունը։ Եթե մարդ մտքեր ունի, դրանց արտահայտելու ձևը գտնելը անհամեմատ ավելի հեշտ է։

Սրա համար է, որ դպրոցական ծրագրում խոսքի մշակույթի ծավալման դաշտ են դառնում այսպես կոչված «պատմողական», իրականում մտածելու հակող առարկաները՝ պատմությունը, մշակութաբանությունը, իրավագիտությունը, քաղաքագիտությունը փիլիսոփայությունը և, իհարկե, գրականությունը։

Համաշխարհային գրականությունը մի ասպարեզ է, ուր մարդը հաղորդակցվում է համաշխարհային մտածողության հետ։ Ճանաչում գտած ու բազմաթիվ լեզուներով թարգմանված գրողը անհատի, հասարակության, դրանց հարաբերությունների, երբեմն նույնիսկ մարդու՝ ինքն իր հետ հարաբերվելու մասին է խոսում, ինչպես Կորտասարը՝  անհատի ճնշվածության, Բորխերթը՝ պատերազմի արհավիրքների, Սարտրը՝ վախերից ու կյանքին կառչած լինելուց ազատվելու մասին, ընթերցողը (սովորողը) հենց այդ  թեմաների շուրջ էլ սկսում է մտածել։ Այդ թեմաների շուրջ էլ գրառումներ է անում իր բլոգում, այդպիսով մշակելով իր խոսքը։ Փաստարկներն ու օրինակները, որ բերում են հեղինակները համոզելու համար իրենց տեսակետներում, դեռահասին մղում են կա՛մ ինքնահաստատման ձգտումով հակափաստարկներ բերել՝ հերքելու թելադրվող միտքը, կամ խորամուխ լինելու, իրենց կենսափորձում գտնելու համանման օրինակներ, դրանով վստահելու գրողին,ընկերանալու նրա հետ։ Ընթերցանությունը, այսպիսով, շարունակվում է հետազոտությամբ, պատմական ժամանակաշրջանի կարևոր իրադարձությունների և մտածողության վրա դրանց ազդեցության, ժամանակի փիլիսոփայական մտքի ուղղության, այդ համատեքստում գրողի կերպարի, նրա մասին իր ընկերների պատմածի ուսումնասիրմամբ։

Դպրոցում գրականութուն ուսումնասիրելու ավելի լավ մեթոդ կա՞։ Բայց ինչո՞վ սա նաև խոսքի մշակույթ չէ։

Տրամաբանական է, որ թե՛ ընթերցանության, թե՛ դրա շուրջ արտահայտվելու համար հարկավոր է օգտագործել հնարավոր բոլոր տարբերակները։  Եթե հասարակագիտությունից հանձնարարվում է Օրուելի «Անասնաֆերման», անկասկած, դրա վերլուծությունը հասարակագիտության տեսանկյունից արվում է։ Այս առակի գլխավոր արժանիքը հենց իր հասարակագիտական լինելու մեջ է։ Գրականությունն այստեղ հեղինակի հմտությունն է՝ կերպարներ կերտելիս, առանձնացնելիս, ընթերցողի առաջ դրանց համոզիչ ներկայացումն է, դիպուկ արտահայտություններով բնութագրելը։ Շատ արտահայտություններ դարձվածքային արժեք ունեն, որ թվում է՝ պատահաբար են այստեղ հատնվել։ Երբ ընթերցող սովորողի հետ բացահայտում ես գրողի միտումը՝ բոլորին հասկանալի լեզվով ասել այն, ինչ մեր շուրջը կատարվում է, բայց մնում է աննկատ, սովորողը հայտնաբերում է իր համար, որ խոսքը (ասելիքը) կարող է և պետք է միտումնավոր լինի, նպատակային և մատչելի։ Իսկ սրանք հաղորդակցական հատկանիշներ են ու սովորողի նշված հմտություններն են զարգացնում։

Այս իմաստով նախագծային աշխատանքներն էլ հարմար է տարբեր առարկաների համակցումով կատարել, ինչը թույլ է տալիս լայնածավալ ուսումնասիրություն անել, կարդալ տարբեր ոճերի գրականություն, այդ ձևով սովորել ոճերի տարբերությունը, դրանց սահմանների խախտման թույլատրելիության աստիճանը։

Կարդացածի, տեսած- լսածի մասին մտածելը, տեսակետ ձևավորեն ու արտահայտելը, մտքերը գրավոր շարադրելն ու բանավոր ներկայացնեը, սեփական գաղափարները փաստարկներով պաշտպանելը, փաստարկների համադրումը, հակադրումն ու եզրակացություն անելը. սրանք են խոսքի մշակույթի խնդիրները։ Սրանք նաև ուսումնական ծրագրերով նախատեսված առարկաների մի զգալի մասի խնդիրներն են։

Խոսքի մշակույթն այն խմորիչն է, որ պիտի մերի դրանք՝ վաղ թե ուշ կրթությունը մի հունի մեջ ներառելու համար։

 

Թողնել մեկնաբանություն