RSS

Անհաղթ Խալիֆան

10 Սպտ

Ավետիք Իսահակյան

Հեքիաթակերտ Բաղդադում, խալիֆաների գոհարակուռ գահի վրա նստել էր մի երիտասարդ Խալիֆա։

Թող երեք անգամ օրհնված լինի նրա մոռացված անունը։

Հարուն-ալ-Ռաշիդի հաղթական սուրը, որի շողքից դողում էին ժողովուրդները Տավրոսյան լեռներից մինչև Մսրա դարպասները,- նա ձեռք չառավ։
Ազատ թողեց իշխանության սանձերը և հայտարարեց բոլոր հպատակներին.
-Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի։
Եվ հավաքեց իր ոսկեղեն քյոշքում պետության մեջ ապրող ընտիր երգիչներին և նվագածուներին.
-Թո՛ղ երգեն և նվագեն, և հեքիաթներ հյուսեն,- ասաց նա։
Եվ Խալիֆան գիշեր ու ցերեկ լսում էր երգիչներին, և նրա հոգին երազի թևերով սավառնում էր շքեղ հեքիաթների մեջ։
Իսկ ժողովուրդը ապրում էր գոհ ու բախտավոր, աշխատում էր և օրհնում թագավորի կյանքը։
Եվ բուրումնավետ տարիները՝ արշալույների պես ոսկեվառվելով՝ սահում էին Բաղդադի վրայից։

***

Եվ մի օր հևասպառ ներս ընկավ սահմանապահ իշխանի մոտից մի սուրհանդակ և գուժեց.
-Մե՛ծ արքա, թշնամին ներս խուժեց հարավից և գրավեց քո պետության մի ամբողջ նահանգ։
Լռություն տիրեց։
-Նրանք չեն կարող գրավել իմ պետության մի բուռ հողն անգամ,-հանգիստ պատասխանեց Խալիֆան։ — Շարունակեցե՛ք նվագել։
Եվ դիմեց նա երաժիշտներին։

Մի քանի օրից եկավ նորից մի գուժաբեր.
-Մե՛ծ Խալիֆա, թշնամին արշավեց հյուսիսից և տիրեց մի ամբողջ նահանգ…
— Սո՛ւտ ես ասում,- որոտաց Խալիֆան, ոչ ոք չի կարող ոտք կոխել իմ պետության սահմանները… Նվագեցե՛ք ավելի եռանդագին։
Եվ նվագում էին երաժիշտները, և հյուսում էին զմրուխտյա հեքիաթներ, և Խալիֆայի հոգին երազի թևերով սավառնում էր դյութիչ հեքիաթների մեջ։

Մի քանի օրից հետո եկավ նորից մի գուժկան.
-Տե՛ր արաքա, արևելքից մի իշխան եկավ ահագին բանակով և գրավեց մի քանի նահանգ. նա պատերազմ է հայտարարել քո պետության դեմ և հաղթանակով արշավում է Բաղդադի վրա…
Իջավ խորին լռություն. նախարարները խոժոռ կանգնած սպասում էին մարտական հրամանի. դուրսը, քյոշքի պարիսպների տակ աղմկում էր ամբոխը և պատերազմ պահանջում։
Մինչդեռ անհողդողդ հանգստությամբ ասաց Խալիֆան.
-Նվագեցե՛ք, մի՛ դադարեք. երբ դուք դադարեք, այն ժամանակ է, որ կնվաճվի իմ պետությունը… Նվագեցե՛ք ձեր մարգարտահյուս երգերը. երբ լսում եմ մի չքնաղ երգ՝ իմ պետության սահմանները լայնանում են, մեծանում են և փռվում-տիրում անեզր հեռուները, մինչև աշխարհի ծայրերը. և ոչ ոք չի կարող մտնել իմ հզոր պետության անբավ, անառիկ սահմանները. նվագեցե՛ք, հավերժ նվագեցե՛ք…

Իսկ հաջորդ օրը ապստամբ Բաղդադը գահընկեց արավ Խալիֆային և փոխարեն գահ նստեցրեց նրա եղբորը, որը արյունով և հաղթանակներով ծածկեց պետության սահմանները։

Սակայն հավերժ օրհնված լինի անհաղթ Խալիֆայի մոռացված անունը…

 
Մեկնաբանություններ (3)

Posted by off 10 Սեպտեմբերի, 2012 in Uncategorized

 

Պիտակներ՝ , , ,

3 responses to “Անհաղթ Խալիֆան

Թողնել մեկնաբանություն