RSS

Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում

21 Հնվ

bim-bad_1_sԲորիս Բիմ-Բադ

Դաստիարակին և ուսուցչին իշխանություն է տրված իր խնամքին հանձնված աճող մարդու հոգու ու ճակատագրի վրա։ Հարկ է հիշել, որ այդ իշխանությունը մեծ է, դրա համար էլ չարաշահելու կամ դա անփույթ կիրառելու վտանգը կա։ Երբ սա մոռացվում է, անկախ մեր բարի նպատակներից, թաքուն չարիք է հյուսվում։ Դուրս պրծնելով՝ չարիքը մեզ հանկարծակիի է բերում. «Որտեղի՞ց, ինչո՞ւ։ Չէ՞ որ մենք մենակ լավն ենք ցանկացել»։ 
Դաստիարակին ու ուսուցչին է պատկանում դատելու, մահապատժի ենթարկելու, ներում շնորհելու, գնահատելու, բնութագրելու, ընտրելու , թույլ տալու-չտալու իրավունքը։ Ուսուցիչը դասասենյակի մասշտաբներով փոքրիկ տնօրեն է։ Չափազանց երկար ժամանակ է՝ ուսուցչին այդ գործառույթը ոչ պաշտոնապես վերագրված է, նույնիսկ նվիրված է «գիտության» հեղինակությամբ, և կորած է նա, ով դրանից կշեղվի։ Իսկ հիմա հաշվի առեք սոցիալ-հոգեբանական գործընթացների, պատմության ինքնավերարտադրման հսկայական իներցիան և կտեսնեք, թե որքան դժվար է հաղթահարել չարիքը։ Մանավանդ որ մինչև օրս չկա ակադեմիական ազատություն, իսկ դրա հետ էլ սեփական արտադրանքի համար պատասխանատվություն, ամեն կատարվողի նկատմամբ արդյունավետ հսկողություն և հասարակական հետաքրքրություն։
Բոլոր առարկաների մեր դասագրքերը առավելապես դոգմատիկ են. դրանցում շարադրվում է ինչ-ինչ մտացածին «վերին ատյանի ճշմարտություն», այն դեպքում, որ գիտությունը հենց համաշխարհային քննարկում է, և գիտության մեջ մտցնել, նշանակում է այդ քննարկման մեջ մտցնել։ Հակառակ դեպքում «լուսավորյալները» պատով բաժանվում են երկրի ու աշխարհի ճշմարիտ մշակութային, գաղափարական, հոգևոր, գիտական կյանքից։
Չնայած, այսպես կոչված, միջառարկայական կապեր հաստատելու հատուկենտ փորձերին, ամեն ուսուցիչ մղում է երեխաներին իր գիտության հիմունքներն ուսումնասիրելուն՝ մյուսներից միանգամայն առանձին։ Դպրոցականը դասերի գումարից դուրս է բերում տեղեկությունների խճանկարային մի ինքնանպատակ համակցում, ոչ թե աշխարհի պատկերը, քաոս, ոչ թե աշխարհայացք, ստեղծագործական կարողություններ պահանջող կյանքի բարդ խնդիրների լուծման մեջ գրեթե անօգնականություն։ Դեսից-դենից կցկտուր տեղեկությունները չեն պատրաստում ո՛չ կյանքին, ո՛չ աշխատանքին։
Կրթության ձևը ակամա հարմարվում է ամբողջ արտադրանքի պահանջարկին։ Այստեղից՝ անհանդուրժողականության խրախճանքը դպրոցում, կեղծավորությունն ու կլանային «էթիկան», մեծամասնության կողմից փոքրամասնության ճնշումը, դաժանությունը, պաշտոնատարների անպարկեշտությունը, կոպտությունն ու անտարբերությունը։
Չափազանց հաճախ են դպրոցականները ուսումնական գործընթացից դատարկված ու սպառված դուրս գալիս, որովհետև ձևական ու կյանքից հեռու ուսուցումը նրանց զրկում է հոգեկան ու ֆիզիկական ուժերի ազատ խաղից, մի խաղ, առանց որի մադը գոյություն չունի։ Դպրոցական իրականությունը երեխաների նկատմամբ , նրանց ներքին՝ անհատական ու խմբային կյանքի նկատմամբ ձեռք է բերում տարիների հետ ավելի ու ավելի մեծացող ինքնագլխություն։
Դպրոցը ժամանակ է սպառում, այսինքն՝ ըստ էության՝ իրենց խնամարկյալների կյանքը՝ չփոխարինելով դա նրանց ընդունակությունների ազատ զարգացմամբ։  Աճող մարդու մարդկային էությունը զոհաբերվում է արտաքին նպատակներին այն դեպքում, երբ անհատականության զարգացումը պիտի իրականում լավ դպրոցի գերագույն նպատակը լինի։
Երեխաները խորթացած են նաև հասարակական կյանքի իրական ընթացքից, նրանց մասնակցությանը դրանում հետևելը անհնար է և ապարդյուն։ Մեր դպրոցը «մտացածին կոլեկտիվականության» կենտրոնացված արտահայտությունն է։ Երեխան ոչ այնքան ապրում է դպրոցում, որքան իր ոչմեծահասակության համար ծառայություն է անցնում։ Դրա համար էլ դպրոցներում չկա ամբողջական, միասնական կոլեկտիվ։ Նշանակում է՝ այդպիսի դպրոցը, խորացնելով հայրերի և որդիների մեջ հավերժական հակասությունը, տարբեր սերունդների արդյունավետ համագործակցության մոդել չէ։
Այնինչ դպրոցը կոչված է սովորեցնելու բոլորին համագործակցել բոլորի հետ, նաև երեխաներին մեծերի հետ։ Հակառակ դեպքում կողոպտիչները, բանդիտները առաջվա պես իշխելու են աշխարհի վրա, որն այդքան դժվարությամբ և այդքան դանդաղ անկախ լինել է սովորում, ինչը, ըստ էության, հենց մարդկության փրկությունն է։
«Ստվերային» կրթությունը միշտ կայացել է և հիմա էլ կայանում է սովորողներին իրենց համար օտար և իրենցից հեռու տեղեկության յուրացումն ստիպելու մեջ, որ որպես հարցերին տրվող պատրաստի պատասխաններ դասագրքի և ուսուցչի կողմից փաթաթվում են մարդու վզին։ «Պեդանտ-դասավանդողը, ում ամբողջ գործունեությունը հանգչում է պատրաստի պատասխաններ, խնդրի լուծման պատրաստի սխեմաներ ներշնչելուն, դրանով ոչ միայն իր աշակերտների մեջ չի զարգացնում միտքը, այլև նպաստում է նրան, որ այդ միտքը քնի, քայքայվի նաև այնտեղ, ուր դա գոյություն ունի իրենից անկախ»,- գրում է ականավոր փիլիսոփա և հրապարակախոս Է.Վ.Իլյենկովը։ «Դրանով պեդանտը չմտածող մարդ է դաստիարակում և զբաղվում է պեդանտների նոր սերնդի ընդլայնված վերարտադրությամբ, այսինքն՝ այնպիսի մարդկանց վերարտադրությամբ, ովքեր գիտեն այն, ինչ իրեն ներշնչել են, բայց ի վիճակի չեն ինքնուրույն ինչ-որ բան սովորելու։
Սրանով ինչի՞ են հասնում. նոր սերունդների պատրաստում՝ առավելապես կատարողական գործառույթների առաքելությամբ։ Իսկ մշակույթները, ստեղծագործությունները, ճշմարիտ աշխարհահայացքը և քննադատական մտածողությունը հորիզոնում չեն երևում։

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի
Նկարի աղբյուրը

 

Պիտակներ՝ , ,

1 responses to “Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում

Թողնել մեկնաբանություն