RSS

Ես մարդ եմ

29 Հլս

PeleshyanԵ՞րբ հայտնվեց համացանցում Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպման հայտարարությունը. կեսօրից հետո՞։ Այն պահին, երբ մտա ֆեյսբո՞ւք (ժամը 4-ին թե 5-ին)։
Որոշմանս հակառակ՝ վերադասավորեցի օրս ու մի քիչ ուշացած հասա հանդիպմանը։
Ասեղ գցելու տեղ չկա դահլիճում։ Ստիպված ասեղ ես դառնում՝ ծակուծուկով անցնելու, տեղավորվելու, ձգվել-երկարելու ու տեսներու՝ էկրանին ո՞ր ֆիլմն է…. Փելեշյան է…Հաղորդակցման մի տեսակ է, որը վերլուծություն չի հանդուրժում։ Դիտեք։
Հետո ֆիլմն ավարտվում է, ու բոլորը ծափահարում են միահամուռ։ Հետո ավելի բարձր են ծափահարում. Ինչո՞ւ։ Հա՜, հեղինակն այստեղ է՝ առաջին շարքում նստած էր, հիմա կանգնել է, ողջունում է հավաքվածներին։ Քեզ էլ։ Փելեշյանը քեզ ողջունում է։ Հետո ֆիլմերի ցուցադրությունն ավարտվեց, դահլիճում վառվեցին լույսերը, ու երևաց, որ որքան նստած են (ոչ մի ազատ աթոռ չկա), նույնքան էլ կանգնած են։
Մինչ կազմակերպիչները բազմոցը, սեղանը՝ վրան ջուր, բաժակ, չգիտեմ՝ էլ ինչ, տեղավորում են բեմում, Արտավազդ Փելեշյանը բեմ է բարձրանում։ Նայում է դահլիճին։ Տեսնում է՝ որքան նստած են, նույնքան էլ կանգնած են։ Մնում է կանգնած։
Ասում է՝ հարցեր տվեք։ Չնայած կազմակերպիչները հոգացել էին նաև դահլիճում բարձրախոս ունենալու համար, բայց հարցերը չեն լսվում, միևնույն է, ու պատասխանից գուշակում ես հարցը։
Ասում է՝ ոչինչ էլ չէի փոխի. ինչ նկարված է, համընկնում է նաև այսօրվան։
Ասում է՝ հա ասենք երիտասարդ ժամանակվա նկարներիցս մեկում բեղեր ունեմ։ Ի՞նչ իմաստ ունի այդ նկարը ոչնչացնելը։
Ասում է՝ կա ազդեցություն, չի կարող չլինել։ Օրինակ, ասում է, հիացած եմ Սասունցի Դավթով։
Ասում է՝ ի՞նչ կապ ունի եղեռնը։ «Բնիկները» մարդու և բնության նկատմամբ նրա վերաբերմունքի մասին է։ Մենք, ասում է, կտրում ենք ճյուղը, որի վրա նստած ենք։
Հետո ասում է՝ «Հայաստան աշխարհը» չնկարեցի, որովհետև ֆինանսական խնդիրներ եղան։ Ասում է շա՜տ լուրջ գումար էր պետք։ Եկեք, ասում է, չխոսենք անելիքներից, որովհետև «Homo sapiens»-ը չնկարեցի նաև այն պատճառով, որ դրա մասին խոսել էի։
Ասում է՝ բառեր չկան, այո, բայց որքա՛ն հայկական միտք կա։
Ու դահլիճը համաձայնության բուռն ծափահարություններ է թնդացնում։
Վերջում ասում է՝ շնորհակալ եմ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ու Հասմիկ Պողոսյանին էդպես առնչում է իրեն։ Ասում է՝ շնորհակալ եմ ձեզ, որ եկել ու համբերատար լսում եք, ու էդպես քեզ առնչում է իրեն։ Մարդիկ ծափահարում են ամեն պատասխանից հետո։ Ծափահարում են բարձր, դրանով հաստատում են իրենց ներկայությունը, իրենց առնչվելն այս պահին Արտավազդ Փելեշյանի հետ։  Արտավազդ Փելեշյանն ամբողջ ընթացքում խոսում, պատմում, ծիծաղում է հայերեն։ Արտավազդ Փելեշյանը հայ է։ Ես ու Արտավազդ Փելեշյանը հայ ենք։ Ես հայ եմ։ Արտավազդ Փելեշյանը խոսում է աշխարհի մարդկության հետ։ Արտավազդ Փելեշյանը մարդ է։
Ես մարդ եմ։

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 29 Հուլիսի, 2015 in Էս էլ՝ ես

 

Թողնել մեկնաբանություն