RSS

Քո խորքային մակարդակները

03 Ապր

Կոնստանտին Շերեմետև

Ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարդը գրում է. «Ով կարողանա պատմել իր մասին, նկարագրած կլինի ողջ Տիեզերքը»։

Որքան էլ տարօրինակ է, այս տողերը կարդալով՝ դուք, ամենայն հավանականությամբ, մտածեքիք, որ դա ձեզ չի վերաբերում։ Դուք մտածեցիք, որ, այո, ինչ-որ տեղ կան մեծ մտածողներ, գիտնականներ, պայծառացյալներ, գուրուներ ու հոգևոր ուսուցիչներ։ Նրանք երկար, սպիտակ մորուք ունեն և կարող են թափանցել Տիեզերքի գաղտնիքների մեջ ու զգալ դրա շնչառությունը։ Դուք չեք կարող, որովհետև մորուք չունեք։ Կամ՝ ունեք, բայց սպիտակ չէ։ Կամ՝ սպիտակ է, բայց կարճ է։ Չնայած Տիեզերքի դուռը հենց ձեր կողքին է։ Այդ դուռը դուք եք։

«Ես»-ը ո՞վ է

Մենդելեևի աղյուսակը նախ Պուշկինն է
երազում տեսել, բայց բան չի հասկացել։

Մտավոր ամենաուժեղ գործողությունը, որ կարող եք անել, նայելն է այն բանին, որի մասին մտածում եք, թե ձեր ինչին է պետք։ Ուղղակի նայեք ձեր մտքերի հոսքին առանց գնահատելու դա։ Բաց թողեք, որ հոսի և մի՛ խառնվեք։ Ոչինչ հետ մի՛ պահեք։ Դա դժվար է, եթե մտքերը տհաճ են, բայց մի քիչ փորձելուց հետո հնարավոր է։ Հարկավոր է միայն այդ պահին սեփական անձից հեռանալ։ Համարեք, որ գիտափորձ եք անում։ Հետո զարմանալի բաներ են սկսվում։ Այն, ինչ սովորաբար ձեր մասին մտածում էինք, միանգամից կսասանվի։ Սկզբում ձեր ուղեղում փրփուր կլինի։ Դա ձեր հենց նոր տեսածը կամ լսածն է՝ նորությունների, սերիալի պատառիկներ, ձեր արտասանած բառերը։

Սարսափելի բան չկա։ Շարունակեք ուսումնասիրել. փրփուրը շուտով կանցնի, ինչպես անցնում է գարեջրի փրփուրը գավաթի մեջ։ Հետո հայտնվելու են ձեր ցանկությունների, ձգտումների մասին մտքերը։ Նորմալ է։ Բայց մի քիչ էլ սպասեք։ Եթե շարունակեք այսպես, կգա թախիծը։ Խորը, տիեզերական թախիծ, որովհետև կզգաք, որ անհամեմատ ավելի շատ եք, քան հիմա կաք։

Սա թախիծն է ձեր չիրականացրած հնարավորությունների համար։ Չէ՞ որ կարող եք ապրել ու զգալ միանգամայն ուրիշ մակարդակում։ Ձեր մեջ հսկայական ուժ կա, հսկայական զորություն։ Միայն երբ տիրապետեք դրանց, միայն այդ ժամանակ կգա իրական էներգիան ու կյանքի բերկրանքը։

Մասնակցություն

Երբ դուք նայում եք անդունդի մեջ,
անդունդն էլ նայում է ձեր մեջ։
Ֆրիդրիխ Նիցշե

Հենց դուք փակվում եք ձեր մակերեսային շերտերում, հենց սահմանափակում եք ձեզ սոցիալական հարցաթերթով (սեռը, տարիքը, կրթությունը, պաշտոնը…), դուք կորցնում եք ձեր մեջ եղած ամենակարևոր բանը։ Դուք կորցնում եք ձեր խորքային մակարդակները։ Դուք ապրում եք՝ չիմանալով անգամ դրանց մասին։ Բայց չէ՞ որ ձեր խո՜ր խորքերում մի հզոր ամրոց կա՝ անառիկ պարսպով։ Դա ձեր մեջ եղած ամենահաստատուն տեղն է։ Այն տեղը, որ ձեզ հսկայական ուժ ու բերկրանք է տալիս։
Խորը մակարդակներում դուք հաստատ գիտեք, որ կյանքում կարող եք հույս դնել միայն ինքներդ ձեզ վրա։ Խորը մակարդակում դուք զգում եք, որ մասնակից եք այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Եվ ձեր ազդեցությունն աշխարհի վրա անսահման է։ Որքան խորասուզվում եք ձեր մեջ, այնքան ուժեղ եք ազդում աշխարհի վրա։

Երբ դուք մակերեսին եք, անընդհատ անհանգստանում ու ջղաձգվում եք։ Երբ խորքում եք, հանգիստ եք և ինքնավստահ։ Հարկ չունեք ուսուցիչ ու գուրու փնտրելու, հարկ չունեք պարզելու կյանքի մասին ուրիշի մտքերը։ Դուք կյանքն ինքներդ զգում եք։

Բրյուս Լին գրում է. «Ես եկել եմ եզրակացության, որ կյանքն արժանի է, որ ուղղակի ապրես, ոչ թե զբաղվես ամեն տեսակ հայեցակարգերի վերլուծությամբ։ Ես երջանիկ եմ, որովհետև ամեն օր աճ եմ ապրում, և միանգամայն ազնվորեն ասում եմ, որ չգիտեմ՝ որտեղ է վերջը։ Ամեն օր ինձ համար հայտնություն է, մի նոր բացահայտում»։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել մեկնաբանություն