RSS

Սիդհարթա/Կամալա

29 Հլս
herman-hesse

Հերման Հեսսե

Հերման Հեսսե 

ՄԱՍ II
Նվիրվում է Ճապոնիայում ապրող զարմիկիս՝ Վիլհելմ Գունդերտին


Նախորդ հատվածը

Ճանապարին ամեն քայլը Սիդհարթային հանգեցնում էր նոր բացահայտման, քանի որ աշխահը նրա աչքում կերպարանափոխվում էր, և սիրտը կախարդված էր։ Նա տեսնում էր՝ ինչպես է արևը ծագում լեռների անտառածածկ լանջերին, ինչպես է մայր մտնում հեռավոր ափի արմավելու հետևում։ Գիշերները տեսնում էր՝ ինչպես են երկնքում շարվում աստղերը, և կապույտում նավակի պես լողում է լուսնի մանգաղը։ Նա տեսնում էր ծառերը, աստղերը, գազաններին, ամպերը, ծիածանը, ծերպերը, խոտերը, ծաղիկները, գետակը, առվակները, ցողի կայծկլտալն արշալույսի տերևների վրա, հեռավոր բարձունքները՝ կապտամոխրագույն ծխի մջ, երգող թռչուններին, աշխատող մեղուներին, բրնձի դաշտերի՝ քամուց ծածանվող արծաթագույն ալիքները։ Այս ամենը՝ հազար անգամ կրկնված ու գունեղ, միշտ եղել է. արևն ու լուսինը միշտ լուսավորել են, գետերը միշտ աղմկել են ու մեղուները՝ բզզացել, բայց առաջ այդ ամենը Սիդհարթայի համար ընդամենը աչքերի առաջ տարուբերվող, խաբուսիկ քող էր, որը կարոտ էր վստահության, որը պիտի մտքով ճեղքերիր ու վերացնեիր, որովհետև դա էություն չուներ, որովհետև էությունը տեսանելիությունից «անդին» էր։ Հիմա նրա ազատագրված հայացքը չէր ձգտում դեպի անդին։ Հիմա նա տեսնում էր և հրճվանքով ճանաչում այդ տեսանելիությունը, փնտրում էր այս աշխարհում իրեն հարազատը, ոչ թե էությունը, չէր ձգտում դեպի «մյուս կողմը»։
Չքնաղ էր աշխարհը՝ նորովի դիտված, պարզ, առանց արվեստի, մանկան պես։ Չքնաղ էին լուսինն ու համաստեղությունները, առվակն ու ափը, անտառն ու ժայռը, այծն ու գոմաղբի բզեզը, ծաղիկն ու թիթեռը։ Հրաշալի էր, ինչ ուրախ էր աշխարհով այսպես՝ արթնացած երեխայի նման քայլելը, այսպես տարրալուծվելը շրջապատի մեջ առանց անվստահության ստվերի անգամ։ Այլ կերպ էր արևը գլուխը խանձում, այլ կերպ էր զով անում անտառի ստվերը, աղբյուրի ու ջրհորի մեջ ջրի համն ուրիշ էր, դդմի ու բանանի համն ուրիշ էր։ Օրերը կարճացել էին, գիշերները կարճացել էին, ամեն ժամը փայլատակում ու անցնում էր՝ իբրեև առագաստ ծովում, իսկ առագաստի տակ նավն է՝ գանձերով ու հրճվանքով ակաղձուն։ Սիդհարթան տեսնում էր՝ ինչպես է բարձր ծառերի մեջ ճյուղից ճյուղ թռչում կապիկների հույլը, լսում էր նրանց վայրենի, ագահ  գզվռտոցը։ Սիդհարթան տեսավ՝ ինչպես է խոյը հետևում մաքիին ու զուգավորվում։ Տեսավ՝ ինչպես է լճի եղեգնուտներում, երեկոյան քաղցից դրդված, որս անում գայլաձուկը, ինչպես են վախեցած դեսուդեն փախչում ձկնիկների վտառները, դուրս են թռչում ջրից, արևից առկայծում ու բռնկվում են թեփուկները, իրենք ուժով ու կրքոտ շնչում են գազազած որսորդի փրփրեցրած ջրային հորձանքը։
Այս ամենը միշտ եղել է, բայց ինքը դա չէր տեսնում, ինքն այստեղ չէր։ Հիմա այստեղ է և պատկանում է աշխահին։ Նրա աչքերն են թափանցել լույսն ու ստվերը, նրա սիրտն են թափանցել աստղն ու լուսինը։ Հընթացս Սիդհարթան հիշում էր նաև այն ամենը, ինչ ապրեց Ջետևանայի այգում՝ ուսմունքը, աստվածային Բուդդային, Գովինդայի հետ հրաժեշտը, զրույցը Վսեմափայլի հետ։ Նաև սեփական խոսքերը, որ ասել էր Վսեմափայլին, նա նորից հիշեց, ամեն մի բառը հիշում էր ու ինքն իր վրա զարմանում. Ախր այնպիսի բաներ էր ասել, որ այն ժամանակ դեռ առանձնապես չգիտեր։ Նա Գոթամային ասում էր, որ նրա՝ Բուդդայի խորհուրդն ու գանձը ամենևին էլ ուսմունքը չէ, այլ այն անարտահայտելին ու ուսումնասիրման համար անհասանելին, որ նա երբևէ՝ իր պայծառացման ժամին ապրել է. բայց չէ՞ որ դա հենց այն էր, ինչին ինքը հիմա ձգտում էր, ինչը ինքը հիմա նոր սկսել էր ապրել։ Երևում է՝ ինքը վաղուց գիտեր, որ իր հոգին՝ Ատմանը, նույն հավերժական էությունն է, ինչ որ բրահման։ Բայց նա երբեք չէր կարողանում իսկապես գտնել այդ հոգին, իր այդ ճշմարիտ «ես»-ը, որովհետև փորձում էր բռնել դա մտքի ուռկանով։ Բայց եթե իհարկե այդ ճշմարիտ «ես»-ը մարմնի ձայնը չէ և ոչ էլ զգացմունքների խաղը, ապա ճիշտ այդպես էլ միտքը չէ, բանականությունը չէ, սերտած իմաստությունը չէ, եզրակացություններ անելու և արդեն իմաստավորվածից նոր միտք դուրս բերելու արվեստի սերտումը չէ։
Չէ, մտքերի աշխարհը դեռ «անդին» է, մտքերը չեն տանում դեպի նպատակը և եթե անգամ սպանում են զգացմունքների պատահական «ես»-ը, դրա փոխարեն սնում են մտքերի և իմացության պատահական «ես»-ը։ Միտքն ու զգացմունքը հավասարապես հրաշալի բաներ են, երկուսի մեջ էլ ամփոփված է վերջին իմաստը, երկուսին էլ պետք է ականջ դնել, երկուսի հետ էլ խաղալ, ոչ մեկը, ոչ մյուսը պետք չէ արհամարհել, ոչ էլ գերագնահատել, հարկավոր է լսել խորհրդավոր, նվիրական ձայնը, որ պարփակված է թե՛ մեկում, թե՛ մյուսում։ Նա ուզում էր գնալ միայն այնտեղ, ուր կանչում էր այդ ձայնը, ուզում էր լինել միայն այնտեղ, որտեղ դա հնչում է։ Ինչո՞ւ մի ժամանակ՝ նշանավոր պահին, իջավ Գոթաման երկիր՝ Բոդհի ձառի տակ, որտեղ նրան դիպավ պայծառացումը։ Նա ձայն էր լսում, ձայն՝ սեփական սրտում, որ հրամայում էր իրեն դադար առնել այդ ծառի տակ, և նա չի գերադասել մարմնի մեռցնելը, զոհաբերումը, լվացվելը կամ աղոթքը. ո՛չ հաց ու ջուր, ո՛չ քուն ու երազ։ Նա հնազանդվել է ձայնին։ Ուրեմն՝ հնազանդվելը ոչ թե արտաքին հրամանին, այլ սրտի ձայնին, դրան այդքան պատրաստ լինելը լավ է, անհրաժեշտ է, ավելի անհրաժեշտ բան չկա, ուրիշ ոչ մի բան անհրաժեշտ չէ։
Գիշերը, երբ Սիդհարթան քնած էր գետի մյուս ափը անցկացնող մակույկավարի ծղոտե խրճիթում, մի երազ տեսավ. վանականի դեղին փարաջայով նրա առջև Գովինդան էր կանգնած։ Գովինդայի դեմքը տխուր էր, տխուր էր նրա հարցը. «ինչո՞ւ ինձ լքեցիր»,- և Գովինդան գրկեց նրան, թևերը փաթաթեց նրա վզով և սեղմեց նրան կրծքին. Բայց դա արդեն ոչ թե Գովինդան էր, այլ մի կին, և նրա հագուստի տակից դուրս էր ցցվում լիքը, ուռուցիկ կուրծքը, ու Սիդհարթան սեղմվել էր նրան ու խմում էր քաղցր, այրող կաթը, որի մեջ կնոջ և տղամարդու համ կար, արևի ու անտառի համ, գազանի ու ծաղկի համ։ Բոլոր պտուղների համը կար, բոլոր վայելքների համը։ Այդ կաթն արբեցնում էր, մշուշում…
Սիդհարթան արթնացավ։ Խրճիթի դռնից հորդում էր գետի զուլալ փայլը, անտառում խուլ թնդյունով տարածվում էր բուի կռինչը…
Երբ լույսը բացվեց, Սիդհարթան խնդրեց հյուրընկալ մակույկավարին իրեն մյուս ափը հասցնել։ Փոխադրողը արձակեց իր եղեգնյա նավակը, և նրանք լողացին՝ հատելով գետը։ Լայն գետը կարմրին էր տալիս առավոտվա շողերի տակ։
— Ինչ սիրուն գետ է,- ասաց Սիդհարթան։
— Հա,- արձագանքեց մակույկավարը,- շատ սիրուն գետ է։ Ամենից շատ էս գետն եմ սիրում։ Հաճախ եմ իրեն լսում, հաճախ նայում եմ աչքերի մեջ և անընդհատ սովորում եմ իրենից։ Գետից հնարավոր է շատ բան սովորել։
-Շնորհակալ եմ, իմ բարերար,- ասաց Սիդհարթան՝ մյուս ափին իջնելիս։ — Ես նվեր չունեմ քեզ համար, թանկագինս, և փող չունեմ, որ քեզ տամ։ Ես թափառական եմ, բրահմանի որդի ու սաման։
— Տեսնում եմ,- ասաց մակույկավարը,- ոչ փող էի քեզնից սպասում, ոչ նվեր։ Հաջորդ անգամ ես ինձ նվեր բերելու։
— Վստա՞հ ես,- զվարճաբանեց Սիդհարթան։
— Իհարկե։ Դա էլ եմ գետից սովորել. Ամեն ինչ վերադառնում է։ Դու էլ, սաման, վերադառնալու ես։ Դե, բարի ճանապարհ։ Թող քո բարեկամությունն իմ վարձը լինի։ Հիշիր ինձ, երբ աստվածներին զոհ կմատուցես։
Նրանք բաժանվեցին միմյանց ժպտալով. Սիդհարթան ժպտալով ուրախանում էր բարեկամության ու մակույկավարի բարի կամքի համար։ «Գովինդայի նման է,- անցավ մտքով,- իմ ճանապարհին ում հանդիպում եմ, նման է լինում Գովինդային։ Բոլորը շնորհակալ են, թեպետ իրենք կարող էին երախտապարտության ակնկալիք ունենալ։ Բոլորը հնազանդ են, բոլորը պատրաստ են ընկերանալու, պատրաստ են հնազանդվելու. և ոչ ոք ոչ մի բանի մասին չի մտածում։ Իսկական երեխա են այս մարդիկ»։
Կեսօրին նա անցնում էր մի գյուղի միջով։ Կավե խրճիթների առաջ՝ ճանապարհի վրա երեխաներ էին վազվզում, խաղում էին դդմի կորիզներով ու խեցիներով, ճչում էին ու մտնում փոշու մեջ, բայց շտավով փախան, հենց հայտնվեց օտարական սամանը։ Գյուղի ծայրին ճանապարհը մի առվակ էր հատում, որի ափին մի երիտասարդ կին ծնկած հագուստ էր լվանում։ Սիդհարթայի ողջույնին նա շրջեց գլուխն ու քմծիծաղով ոտքից գլուխ չափեց նրան։ Տղամարդը տեսավ՝ ինչպես վառվեցին նրա աչքերը։ Թափառականների ավանդույթով նա բարեկեցություն մաղթեց ու հարցրեց, թե դեռ հեռու է արդյոք մեծ քաղաքը։ Կինը կանգնեց ու մոտեցավ… Երիտասարդ դեմք, գեղեցիկ, խոնավ փայլով շուրթեր։ Նրանք կատակային դարձվածքներ փոխանակեցին, և կինը հարցրեց՝ այսօր մի բան արդեն կերե՞լ է սամանն արդյոք, և ճի՞շտ է, որ սամանները քնում են անտառում և իրենց կողքին չեն կարող կին ունենալ։ Դրա հետ նա իր ձախ ոտքով կանգնեց նրա աջ ոտքին, ու մի շարժում արեց, որով կինը հրավիրում է տղամարդուն դասագրքերում «ծառամագլցում» կոչվող սիրախաղին։ Սիդհարթան զգաց՝ ինչպես է արյունն սկսում եռալ, նորից նրան հեղեղեց այն երազը, ու թեթև թեքվելով դեպի կինը՝ շուրթերով դիպավ նրա կրծքի մուգ պտուկին։ Ուղղվելով  կնոջ՝ սպասման մեջ քարացած դեմքին ժպիտ տեսավ ու նրա կիսափակ, ցանկությունից լողացող աչքերը։
Սիդհարթան նույնպես ցանկացավ, նա զգաց, թե ինչպես է իր մեջ կենդանանում սեռը, բայց երբևէ կնոջը դիպած չլինելով՝ նա մի պահ վարանեց, թեպետ ձեռքերն արդեն պատրաստ էին կնոջը խլելու։ Ու հապաղման այդ ակնթարթին, երբ նա ագահորեն նայում էր կնոջը, հոգում մի ձայն լսեց, որն ասում էր՝ ոչ։ Եվ երիտասարդ կնոջ հեգնական հայացքը կորցրեց ողջ գրավչությունը, հիմա տղամարդը տեսնում էր կտղանք ապրող էգի թաց հայացքը։ Նա բարեկամաբար ճմկտեց կնոջ այտը, շրջվեց ու, թողնելով հիասթափվածին, թեթև քայլերով մտավ եղեգնի մացառուտը։
Նույն օրվա երեկոյան նա հասավ մեծ քաղաքը և շատ ուրախ էր, որովհետև ուզում էր մարդկանց հետ շփվել։ Երկար էր ապրել անտառներում. մակույկավարի ծղոտե խրճիթում, ուր վերջին անգամ գիշերել էր, առաջին անգամ երկար տարիներից ի վեր նրա գլխավերևում տանիք կար։
Քաղաքի մերձակայքում մի գեղեցիկ, ցանկապատով առանձնացված այգու մոտ ճամփորդը պատահեց կողովներով ծանրաբեռնված ծառաների ու աղախինների մի փոքրիկ երթի։ Կենտրոնում՝ զարդարված պատգարակի վրա, որ չորս բեռնակիր տանում էին, կարմիր բարձերի մեջ, գունեղ ամպհովանու տակ նստել էր մի կին՝ տիրուհին։ Սիդհարթան կանգ առավ այգու մուտքի մոտ ու նայում էր այդ երթը։ Նայում էր ծառաներին, աղջիկներին, կողովներին, նայում էր պատգարակին, նայում էր պատգարակի վրայի տիկնոջը։ Սև մազերի բարձր աշխարակի տակ նա տեսավ շատ քնքուշ, շատ անուշիկ, շատ խելացի դեմքը, վառ կարմիր բերանը, որ նոր կտրած թուզ էր հիշեցնում, խնամված ու սահուն աղեղի պես քաշած հոնքերը, մուգ աչքերը՝ խելացի, ուշադիր, սպիտակ, երկար պարանոցը՝ ձգված կանաչ ու ոսկեգույն զգեստի միջից, հանգիստ դրած թավշյա ձեռքերը՝ երկար ու բարակ, լայն ոսկե ապարանջանը բազուկներին ու դաստակներին։ Սիդհարթան տեսավ՝ որքան նա գեղեցիկ է, և սիրտը խնդաց։ Երբ պատգարակը մոտեցավ, նա խորը խոնարհվեց և ուղղվելով հայեց լուսավոր, անուշիկ դեմքին, մի պահ հայացքը պահեց պայծառ, հոնքերի բարձ կամարներով շրջանակված աչքերին, խորը ներշնչեց իրեն անծանոթ բուրմունքը։ Քմծիծաղով  չքնաղ կինը գլխով արեց և արդեն հաջորդ պահին անհետացավ այգում, նրա հետ էլ ծառաները։
«Ահա և երջանիկ նշանը,- մտածեց Սիդհարթան,- այս քաղաքն ինձ բարեհաճությամբ է ընդունում»։
Ուզեց անմիջապես մտնել այգի, բայց կանգ առավ ու հենց այստեղ հասկացավ, թեինչ արհամարհանքով, անվստահությամբ ու օտարոտի են իրեն նայում կողքից անցնող ծառաներն ու աղջիկները։
«Ես դեռ սաման եմ,- մտածեց,- դեռ ճգնավոր ու մուրացիկ եմ։ Ես չպետք է այսպիսին մնամ և չպետք է այգին մտնեմ այս տեսքով»։ Եվ նա խնդաց։
Առաջին պատահած մարդուց հարցրեց, թե ում այգին է սա, և ինչ է այն կնոջ անունը, և իմացավ, որ դա հայտնի կուրտիզանուհու՝ Կամալայի[1] այգին է, և այգուց զատ արդեն քաղաքում նաև սեփական տուն ունի։
Այդժամ նա մտավ քաղաք։ Նա արդեն նպատակ ուներ։
Իր նպատակին հետևելով՝ Սիդհարթան ընկղմվեց քաղաքի ունայնության մեջ։ Նա լողում էր փողոցի ամբոխի մեջ, կանգ էր առնում հրապարակներում, հանգստանում գետափնյա քարե աստիճանների վրա։ Երեկոյան Սիդհարթան ընկերացավ սափրիչի աշակերտի հետ. սկզբում կանգ առնելով մի սյունի մոտ՝ դիտում էր նրա աշխատանքը, հետո նրան հանդիպեց Վիշնուի տաճարում աղոթողների մեջ, հետո նրան պատմեց Վիշնուի ու Լակշմիի մասին զրույցը։ Գիշերն անցկացրեց գետի նավակների մոտ և վաղ առավոտյան, նախքան առաջին հաճախորդները կձգվեին դեպի կրպակները, նա արդեն գնում էր քաղաք։ Սափրիչի աշակերտը սափրեց նրա մորուքը, կտրեց մազերն ու սանրեց, օծեց բուրավետ յուղով։ Հետո Սիդհարթան վերադարձավ գետը և լողացավ։
Երբ ճաշից հետո չքնաղ Կամալան, ճոճվելով պատգարակի վրա, մոտենում էր իր այգուն, մուտքի մոտ արդեն կանգնած էր Սիդհարթան։ Նա խոնարհվեց, և կուրտիզանուհին պատասխանեց նրա ողջույնին։ Վերջից գնացող ծառային նշան անելով՝ խնդրեց զեկուցել տիրուհուն, որ մի երիտասարդ բրահման ցանկություն ունի իր հետ խոսելու։ Որոշ ժամանակ անց ծառան վերադարձավ և հրավիրեց հետևելու իրեն։ Ծառան նրան անխոս բերեց այն սրահը, որտեղ օթոցին պառկած հանգստանում էր Կամալան, և ահետացավ՝ նրանց մենակ թողնելով։

— Դու չէի՞ր, որ երեկ կանգնած էիր մուտքի մոտ ու ողջունեցիր ինձ,- հարցրեց Կամալան։
-Այո, ես երեկ առաջին անգամ տեսա քեզ ու ողջունեցի։
-Բայց դու երեկ մորուք չունեի՞ր ու երկար մազեր, մազերի մեջ էլ՝ փոշի։
-Լավ ես դիտել, ամեն ինչ տեսել ես։ Տեսել ես Սիդհարթային` բրահմանի որդուն, որ հայրենիքը թողել է սաման դառնալու համար և երեք տարի սաման է եղել։ Բայց հիմա ես դուրս եմ եկել ճգնավորի արահետից ու եկել եմ այս քաղաքը, և առաջինը, ում հանդիպեցի դեռ քաղաք չմտած, դու էիր։ Ես եկել եմ, ո՛վ Կամալա, ասելու համար, որ դու առաջին կինն ես, ում հետ Սիդհարթան խոսում է՝ առանց գլուխը կախելու։ Այլևս երբեք գլուխս չեմ կախելու գեղեցիկ կնոջ հանդիպելիս։
Կամալան հեգնոտ խաղում էր ջայլամի փետուրներից պատրաստված հովհարի հետ։ Ու հարցրեց.
— Ուրեմն՝ եկել ես ինձ մոտ մենակ նրա համար, որ ինձ դա՞ ասես, Սիդհարթա՛։
— Որ ասեմ դա և որ երախտագիտությունս հայտնեմ, որ դու այդքան գեղեցիկ ես։ Եվ եթե քեզ տհաճ չի լինի, Կամալա, ես կուզենայի խնդրել քեզ իմ ընկերուհին դառնալ և ուսուցիչս, քանի որ ես դեռ ոչինչ չեմ հասկանում այն արվեստից, որում դու վարպետության ես հասել։
Կամալան քրքջաց.
— Բարեկամս, դեռ երբեք այնպես չի եղել, որ ինձ մոտ անտառից ճգնավոր գա և ցանկանա սովորել։ Դեռ չի եղել այնպես, որ ինձ մոտ երկարամազ սաման գա՝ ազդրերին հին պատռված մի քրջով։ Շատ երիտասարդներ են եկել, նրանց մեջ՝ նաև բրահմանի որդիներ։ Բայց նրանք գալիս են գեղեցիկ շորերով, գալիս են թանկարժեք ոտնամաններով, հաճելի բուրմունք են բերում իրենց մազերի մեջ և փող՝ իրենց քսակներում։ Այդպիսի տեսք են ունենում, սամա՛ն, այն երիտասարդները, որ այցելում են ինձ։
Եվ ասաց Սիդհարթան.
— Ես արդեն սկսել եմ սովորել քեզնից։ Երեկ առաջին դասն էր։ Էլ մորուք չունեմ, մազերս սանրված են ու օծած։ Շատ չէ այն, ինչ ինձ դեռ պակասում է, գեղեցկուհի՛, թանկ հագուստ, թանկ կոշիկ, քսակում փող։ Իմացիր, որ Սիդհարթան իրեն ավելի դժվար առաջադրանքներ է տվել՝ ձգտելիս դեպի այն, ինչ ավելի թանկ է այդ մանրուքից։ Եվ նա հասել է նպատակին։ Ինչպե՞ս կարող եմ չհասնել նրան, ինչ որոշել եմ երեկ.  քո ընկերը դառնալ և քեզնից սովորել սիրո բերկրանքը։ Ես ընդունակ աշակերտ եմ, Կամալա, ես ավելի դժվար արվեստներ եմ ուսումնասիրել, քան դու հարկ կունենաս ինձ սովորեցնելու։ Դե, հերիք է։ Ուրեմն՝ Սիդհարթան չի՞ բավարարում քեզ այնպիսին, ինչպիսին կա. օծված մազերով, բայց առանց հագուստ- կոշիկի ու փողի։
Ծիծաղելով Կամալան բացականչեց.
— Չէ, հարգելի՛ս, առայժմ չի բավարարում։ Նա պիտի հագուստ ունենա՝ գեղեցիկ հագուստ, և կոշիկ՝ գեղեցիկ կոշիկ։ Եվ շատ փող պիտի ունենա քսակում և Կամալային նվեներ անի։ Արդեն դա իմացար, անտառաբնակ սաման։ Կհիշե՞ս։
— Շատ լավ կհիշեմ,- ասաց Սիդհարթան։ — Ինչպե՞ս կարող եմ մոռանալ այն, ինչ հնչեցրին այդ շուրթերը։ Քո բերանը նման է թզենու նոր կտրած պտուղին, Կամալա։ Եվ իմ բերանն էլ բոսոր է ու թարմ. հարմար կգա քոնին, կտեսնես։ Բայց ասա, չքնա՛ղ Կամալա, դու բոլորովի՞ն չես վախենում անտառաբնակ սամանից, որ եկել է՝ քեզնից սեր սովորելու։
— Ինչո՞ւ պիտի վախենամ սամանից, ինչ-որ մի հիմար անտառաբնակ սամանից, որ շնագայլերից է փախել և դեռ չգիտի՝ ինչ է կինը։
— Ո՛հ, նա՝ այդ սամանը, ուժեղ է և ոչնչից չի վախենում։ Նա կարող է բռնանալ քեզ վրա, գեղեցկուհի՛։ Կարող է առևանգել քեզ։ Նա կարող է քեզ տառապանք պատճառել։
-Ո՛չ սաման, ես դրանից չեմ վախենում։Մի՞թե որևէ սաման կամ բրահման վախենում է, թե ինչ-որ մեկը կգա ու կառևանգի իր գիտունությունը, իր սրբությունը, իր խորաթափանցությունը։ Ոչ, որովհետև այդ ամենը պատկանում է միայն իրեն, և ինքն է տալիս միայն այն, ինչ ուզում է տալ և միայն նրան, ում ուզում է տալ։ Այդպես են անում։ Ճիշտ այդպես է անում և Կամալան սիրո բերկրանք բաժին հանելիս։ Գեղեցիկ ու կարմից է Կամալայի բերանը, բայց փորձիր նրա կամքին հակառակ համբուրել, և կտեսնես, որ ոչ մի կաթիլ քաղցրություն չի տա քեզ։ Բայց չէ՞ որ կարող է և քաղցր լինել։ Դու ընդունակ ես, Սիդհարթա, ուրեմն սա էլ սովորիր. սերը հնարավոր է խնդրել, գնել, նվեր ստանալ, փողոցում գտնել, բայց գողանալ սերը հնարավոր չէ։ Անհաջող ճանապարհ ես ընտրել։ Չէ, ցավալի կլիներ, եթե այսքան անուշիկ երիտասարդը, ինչպիսին դու ես, ցանկանար այդպես սխալ ճանապարհ բռնել։
Սիդհարթան, քմծիծաղը դեմքին, խոնարհվեց.
— Դու ճիշտ ես, Կամալա, ցավալի կլիներ։ Ոչ, քո բերանի քաղցրության ոչ մի կաթիլ չպիտի կորչի ինձ համար և ոչ էլ իմից՝ քեզ համար։ Ուրեմն՝ որոշված է. Սիդհարթան նորից կգա, երբ ունենա այն, ինչ դեռ պակասում է նրան. հագուստ, կոշիկ, փող։ Բայց ասա, չնաշխարհիկ Կամալա, չե՞ս տա ինձ ևս մի փոքրիկ խորհուրդ։
— Խորհո՞ւրդ։ Ինչո՞ւ չէ։ Ո՞վ կմերժի մի փոքրիկ խորհուրդ տալը խեղճ, անկիրթ սամանին, որ անտառի շնագայլերից է փախել, եկել։
— Այդ դեպքում, խորհուրդ տուր, Կամալա, ո՞ւր գնամ, որ որքան հնարավոր է՝ շուտ գտնեմ այդ երեք բաները։
— Դե, դա ում հարցնես՝ կասի։ Դու պիտի անես այն, ինչ սովորել ես, և դրա դիմաց փող ստանաս, հագուստ ու կոշիկ։ Աղքատները փող ունենալու ուրիշ ճանապարհ չունեն։ Ի դեպ, ի՞նչ ես կարողանում անել։
— Կարողանում եմ մտածել։ Կարողանում եմ սպասել։ Կարողանում եմ ծոմ պահել։
— Ու վե՞րջ։
-Վերջ։ Թեպետ, նաև կարողանում եմ բանաստեղծություն հորինել։ Դու ինձ բանաստեղծության դիմաց մի համբույր կտա՞ս։
— Թերևս, եթե քո բանաստեղծությունն ինձ դուր գա։ Տեսնե՞մ։
Սիդհարթան մի պահ մտածեց ու արտասանեց.

Դեպի իր թավ այգին՝ պատգարակի վրա
Սահուն ընթանում էր Կամալան աննման,
Երբ դռան մոտ այգու, ինքն իրեն մոռացած,
Կանգնեց մի թխահեր երիտասարդ սաման։
Խոնարհվեց սամանը, նուրբ շուշանի առաջ,
Ու Կամալան ողջույնն առավ պատանու քաջ։
Տղան ժպտուն հայացքն՝ իրեն ուղղված բռնեց,
Սիրտը ուրախ՝ թեքվեց ու հեռացավ այգուց։
«Զոհ մատուցել Կամալային,- նա մտածեց,
Բերկրալի է հազար անգամ ամեն աստծուց»։

Կամալան բարձր ծափ զարկեց, ու զնգացի դաստակի ապարանջանները։
-Գեղեցիկ բանաստեղծություն էր, թո՛ւխ սաման։ Եվ ես իրոք ոչինչ չեմ կորցնի, եթե քեզ դրա դիմաց մի համբույր տամ։
Կինը հայացքով մոտ կանչեց, նա դեմքը մոտեցրեց կնոջ դեմքին և շուրթերով սեղմվեց նրա բերանին, որ նոր կտրած թզի էր նման։ Կամալան նրան երկար համբուրում էր, և խորը զարմանքով Սիդհարթան զգում էր՝ ինչպես է կինն իրեն սովորեցնում, որքան նա իմաստուն է, ինչպես է նա տիրանում իրեն, հետ է մղում ու նորից գրավում, և ինքը այդ առաջին համբույրից գուշակում էր, որ կա լավ յուրացրած, լավ փորձարկած համբույրների երկար շարան։ Եվ ամեն համբույր տարբեր է մյուսից։ Եվ այդ բոլոր համբույրները դեռ սպասվում են իրեն։ Նա կանգնել էր՝ խորը հևոցով և նման էր մի դեռահասի, որ զարմացած էր ճանաչողության խորությունից, սովորելիքի հորիզոնից, որոնք անսպասելի բացվել են իր առաջ։
-Շատ գեղեցիկ են քո բանաստեղծությունները,- բացականչեց Կամալան,- եթե ես հարուստ լինեի, դրանց համար քեզ ոսկեդրամ կտայի։ Բայց բանաստեղծությամբ դժվար կլինի այդքան փող վաստակելը, որովհետև քեզնից շատ փող է պահանջվում, եթե ուզում ես Կամալայի բարեկամը դառնալ։
— Ինչ հրաշալի ես կարողանում համբուրվել, Կամալա,- թոթովեց Սիդհարթան։
— Այո, ես դա կարողանում եմ։ Եվ դրանից է, որ իմ հագուկապը, իմ զարդերն ու ամեն տեսակ գեղեցիկ բաները անթերի են։ Բայց դո՞ւ ինչ ես անելու։ Դու ուրիշ ոչինչ չես կարողանում. միայն մտածել, ծոմ պահել, բանաստեղծությո՞ւն գրել։
— Ես մեկ էլ զոհաբերական օրհներգեր գիտեմ, — ասաց Սիդհարթան,- բայց էլ չեմ ուզում դրանք երգել։ Գիտեմ աղոթքներ, բայց էլ չեմ ուզում դրանք արտասանել։ Ես կարդացել եմ նրանց գրերը….
— Կա՛ց,- ընդհատեց նրան Կամալան։ — Դու կարդա՞լ գիտես։ Գրել նո՞ւյնպես։
— Իհարկե։ Շատերն են գրում-կարդում։
-Բայց մեծամասնությունը չգիտի գրել-կարդալ։ Ես, օրինակ, նույնպես չգիտեմ։ Բայց շատ լավ է, որ դու գրել-կարդալ գիտես։ Շատ լավ է։ Եվ աղոթքներն էլ դեռ գուցե քեզ պետք գան։
Այդ պահին ներս վազեց աղախինն ու շշուկով ինչ-որ նորություն հայտնեց տիրուհուն։
-Ես այցելու ունեմ,- բացականչեց Կամալան։ — Արագ հեռացիր, Սիդհարթա։ Քեզ ոչ ոք այստեղ չպետք է տեսնի, հիշի՛ր։ Վաղը կտեսնվենք։
Կինը պատվիրեց աղախնին սուրբ բրահմանին մի սպիտակ թիկնոց տալ։ Աղախինը  Սիդհարթային, որ մի քիչ շփոթված էր, տարավ ոլորուն ճանապարհով, դուրս բերեց այգու տնակը, նրա համար սպիտակ թիկնոց բերեց, ուղեկցեց դեպի մացառներն ու խիստ կարգադրեց տեղնուտեղը աննկատ լքել այգին։
Սիդհարթան չհապաղեց հրահանգը կատարելու։ Որպես անտառին սովոր մարդ՝ նա անաղմուկ դուրս եկավ այգուց և ցատկելով ցանկապատի վրայով, բավարարված ուղղվեց դեպի քաղաք՝ թևի տակ տանելով նաև սպիտակ թիկնոցը։ Կանգ առավ իջևանատան դռան առաջ, ուր գիշերում էին ճանապարհորդները, լուռ սնունդ խնդրեց, լուռ վերցրեց իրեն մեկնած մի կտոր բրնձաբլիթը։
«Հնարավոր է՝ արդեն վաղը,- մտածեց նա,- ես ստիպված չեմ լինի ուրիշից սնունդ խնդրել»։ Անսպասելիորեն նրա մեջ հպարտությունը խոսեք, ինքն այլևս սաման չէր, այլևս չէր սազում մուրալ։ Նա բլիթը շանը տվեց ու ինքը մնաց առանց սնունդի։ «Հասարակ է այս կյանքը, որ վարում են այստեղ՝ աշխարհում,- մտածում էր Սիդհարթան։- Դրանում բեռ չկա։ Ծանր էր, դժվար ու, վերջին հաշվով անհույս էր ամեն ինչ, երբ ես սաման էի։ Իսկ հիմա ամեն ինչ շատ հեշտ է. հեշտ է, ինչպես համբույրի դասը, որ Կամալան ինձ տվեց։ Ինձ հագուստ ու փող է պետք. ուրիշ ոչինչ։ Դրանք մոտակա նպատակներ են, փոքրիկ հոգսեր, որ քունդ չեն փախցնում»։
Առանց դժվարության իմացավ, թե որտեղ է գտնվում Կամալայի տունը և հաջորդ օրը ներկայացավ նրան։
— Լավ նորություն ունեմ,- նրան տեսնելով՝ բացականչեց կինը։ —  Քեզ ընդունելու է Կամասվամին։ Նա ամենահարուստ վաճառականն է այս քաղաքում։ Եթե դու նրան դուր գաս, քեզ կվերցնի իր մոտ ծառայության։ Խելացի եղիր, թո՛ւխ սաման։ Ես ամեն ինչ արել եմ, որ նրան քո մասին պատմեն։ Նրա հետ բարեհամբույր եղիր. նա շատ հզոր մարդ է։ Բայց շատ երկչոտ էլ չլինես։ Ես չեմ ուզում, որ դու նրա ծառան լինես։ Դու պիտի նրան հավասար լինես, թե չէ ես քեզնից դժգոհ կլինեմ։ Կամասվամին սկսում է ծերանալ ու զառամել։ Դուր եկ նրան, և շատ բան քեզ կվստահի։
Սիդհարթան երախտագիտությունը հայտնեց ու ծիծաղեց։ Իմանալով, որ ոչ երեկ, ոչ այսօր նա ոչինչ չի կերել, կինը հրամայեց՝ հաց ու միրգ բերեն և որպես տանտիրուհի կերակրեց իր հյուրին։
— Բայց բախտավոր աստղի տակ ես ծնվել,- ասաց կինը հրաժեշտ տալիս,- դռները մեկը մյուսի հետևից բացվում են քո առաջ։ Ինչպե՞ս ես անում։ Դու հո կախարդ չե՞ս։
Սիդհարթան ասաց.
— Երեկ քեզ պատմեցի, որ կարողանում եմ մտածել, սպասել ու ծոմ պահել, ու դու համարեցիր, թե դրանցից օգուտ չկա։ Բայց կա օգուտ։ Մեծ օգուտ, Կամալա, դեռ կտեսնես։ Կտեսնես, որ հիմար սամաններն անտառում շատ բան են իմանում, շատ բանի են վարժվում, որ ձեզ մատչելի չէ։ Դեռ նախանցյալ օրը ես փրչոտ մուրացիկ էի, երեկ համբուրում էի Կամալային, իսկ շուտով դառնալու եմ վաճառական, փող եմ ունենալու և այն բոլոր բաները, որոնք դու արժևորում ես։
— Ենթադրենք,- համաձայնեց կինը։ -Բայց ի՞նչ կանեիր, եթե ես չլինեի։ Որտե՞ղ կլինեիր հիմա, եթե քեզ Կամալան չօգներ։
— Անուշի՛կ Կամալա,-ասաց Սիդհարթան՝ ուղղվելով ու գլուխը վեր բարձրացնելով,- երբ ես եկա քեզ մոտ՝ քո այգին, ես առաջին քայլն արեցի։ Մտադիր էի սիրելու արվեստը սովորել այս չքնաղ կնոջից։ Հենց այդ նույն ակնթարթին, որ մտադրություն ունեցա, արդեն գիտեի, որ կհասնեմ դրան։ Ես գիտեի, որ դու կօգնես ինձ։ Քո առաջին հայացքից՝ այգու դարպասի մոտ, ես դա արդեն գիտեի։
— Իսկ եթե ես չցանկանայի՞։
— Դու ցանկացար։ Պատկերացրու, Կամալա, երբ դու քար ես գցում ջուրը, դա ձգտում է հասնել հատակին ամենակարճ ճանապարհով։ Այդպես էլ Սիդհարթան է, երբ նպատակ, մտադրություն ունի։ Սիդհարթան ոչինչ չի անում. նա սպասում է, մտածում է, ծոմ է պահում, բայց անցնում է աշխարհի եռուզեռի միջով, ինչպես քարը՝ ջրի միջով։ Ոչինչ չի անում, անգամ չի շարժվում։ Ձգողականությունը գործում է, նա իրեն թույլ է տալիս ընկնել։ Նպատակը ձգում է դեպի իրեն, որովհետև նա թույլ չի տալիս այնպիսի մի բան թափանցի իր հոգին, որ կկարողանար երկարացնել նպատակին հասնելու ճանապարհը։ Ահա՝ ինչ է Սիդհարթան սովորել սամաններից։ Հիմարները դա կախարդություն են անվանում կամ հրաշք և կարծում են՝ դա չարքերի գործն է։ Չարքերը ոչինչ էլ չեն անում, ոչ մի չարք էլ չկա։ Ամեն մեկն էլ կարող է հրաշք գործել, ամեն մեկն էլ կարող է հասնել իր նպատակին, եթե կարողանում է մտածել։ Եթե կարողանում է սպասել։ Եթե կարողանում է ծոմ պահել։
Կամալան լսում էր։ Նրան դուր էր գալիս տղամարդու ձայնը, նրա աչքերն ու հայացքը։
— Հնարավոր է՝ ամեն ինչ հենց այնպես է, ինչպես դու ես ասում, բարեկա՛մս,- ցածրաձայն ասաց կինը։ -Բայց հնարավոր է նաև, որ Սիդհարթան գեղեցիկ տղամարդ է, որ նրա հայացքը դուր է գալիս կանանց, և դրա համար երջանկությունն ինքն է շտապում նրան ընդառաջ։
Սիդհարթան համբույրով բաժանվեց Կամալայից։
— Թող քո ասածը լինի, ուսուցչուհի՛ս։ Թող միշտ իմ հայացքը քեզ դուր գա, թող միշտ քո շնորհիվ երջանկությունն ինձ ընդառաջ գա։

[1] Կամալան լոտոսի (ջրաշուշանի) անվանումն է։ Դա վայելքի, հաջողության, առատության, սիրո ու հավատարմության քառաձեռն աստվածություն է։

Շարունակությունը՝ հաջորդիվ։

 

 

Պիտակներ՝ , ,

Թողնել մեկնաբանություն